Ինչպիսի՞ն էր 2022-ը բիզնես-տեխնոլոգիական աշխարհի համար

Անկումային և շրջադարձային, հետաքրքիր ու միևնույն ժամանակ հեղափոխական: Իրադարձություններ, որոնք փոխեցին Հայաստանի biz-tech կյանքը: Իրադարձություններ, որոնք նախապատրաստում են գալիք խնդիրներին ու, միգուցե, դրանց լուծմանը:

Ինչպիսի՞ն էր 2022 թվականը բիզնեսի և տեխնոլոգիաների ոլորտի համար: Եկե՛ք պարզենք՝ սկսելով «զբոսանքը» biz-tech աշխարհով հունվարից և կանգ առնելով դեկտեմբերին:

Ինչպիսի՞ն էր 2022-ը բիզնես-տեխնոլոգիական աշխարհի համար

Հունվար: Ներդրումային ամիսն ու iհնարավորությունները

Տարվա մեկնարկային ամիսը հայկական ստարտափ ոլորտի համար բավականին հաջող էր: Միանգամից երկու ստարտափ ներդրումներ ստացան: Առանց մեկ կոդի անգամ կայք ստեղծելու հնարավորություն ընձեռող Softr ստարտափը ներգրավեց $13,5 մլն: Իսկ «Ռոբին» ռոբոտը $2 մլն ներդրումներ ստանալու հնարավորություն ունեցավ: Եվս 8 ստարտափ էլ հաջողությամբ ավարտեցին SAP Startup Factory-ն:

- Advertisement -

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն էլ նոր գործադիր տնօրեն ունեցավ՝ ի դեմս Հայկ Չոբանյանի:

Հունվարը եզրափակվեց շատ սպասված նորությամբ. Հայաստանում գործարկվեց Apple Pay-ը: Բոլոր նրանք, ովքեր iPhone ունեին, հնարավորություն ստացան՝ վճարումներ կատարելու իրենց հեռախոսներով:

Փետրվար: Ամեն ինչ լավ էր, մինչև այդ չարաբաստիկ օրը

Փետրվարը բեկումնային էր IT դասընթացներ անցկացնող Code Republic-ի համար: Picsartձեռք բերեց այն՝ դարձնելով Picsart Academy-ի մաս:

Հայաստանում մասնագիտական կրթության որակը բարելավելու նպատակով BAJ Accelerator-ի և Orion Worldwide Innovations-ի կողմից ստեղծվեց նաև BAJ Unicorn ակադեմիան:

Ներդրումային նախագծերի՝ պետական մակարդակով ուսումնասիրության նպատակով էլ ստեղծվեց Ներդրումային կոմիտեն:

Դե իսկ փետրվարի 24-ին սկսվեց այն, ինչը հետո ազդեց ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի վրա՝ բերելով ինչպես խնդիրներ, այնպես էլ հնարավորություններ:

Մարտ: Ռելոկացիա, релокация, relocation

Աշխարհաքաղաքական իրավիճակը իր փոփոխությունները մտցրեց բիզնես-տեխնոլոգիական աշխարհում ևս: Հայաստանը դարձավ ռուսական բիզնես աշխարհի ռելոկացիայի գլխավոր ուղիներից մեկը:

50-100 հզր մարդ Հայաստան ժամանեցին Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից: Ավելին քան 1000 բիզնես գրանցվեցին Հայաստանում, ևս 17572 նոր հաշիվ բացվեց ընդամենը մեկ ամսվա ընթացքում:

Ամենատարբեր ընկերությունների ներկայացուցիչներ հաստատվեցին Հայաստանում: Նրանցից էին Yandex-ի աշխատակիցները: Հետագայում Հայաստանում հաստատվելու էին մի քանի տասնյակ նոր ընկերություններ/մասնաճյուղեր, որոնց կծանոթանաք հոդվածի հաջորդ մասում:

NFT-ների հայփից անմասն չմնացին նաև հայերը: Իսկ Disqo-ն, ServiceTitan-ը և Picsartդարձան Forbes-ի վարկածով աշխարհի լավագույն գործատուներ:

Ներդրումային ոլորտում ևս թեժ էր. կրիպտոարժույթային գործառնությունները բարելավող LayerSwap-ը՝ $1,5 մլնի, իսկ Zero Systems-ը՝ $12 մլն-ի ներդրում ստացան:

Ապրիլ: Համաշխարհային կազմակերպությունները Հայաստանում

Krisp-ն ու Podcastle-ը հաղթեցին հեղինակավոր Webby Awards-ում՝ համապատասխանաբար «Արհեստական բանականության լավագույն հավելված» և «Լավագույն ստեղծագործական արտադրության ծրագրակազմ» անվանակարգերում:

Հետաքրքիր է, որ այս երկու կազմակերպությունների համահիմնադիրների ստեղծած Big Story VC-ն հայտարարեց մի քանի ներդրումների մասին: Ներդրումային հրավառության մաս դարձան Zoomerang-ը, WildLearner-ը և Mythrill-ը: Ներդրումային հաջողություններ արձանագրեց նաև CoinStats-ի թիմը՝ ներգրավելով $3,2 մլն մի քանի աղբյուրներից:

Հայաստանն ապրիլին ևս երկու ընկերության նոր մասնաճյուղերի կենտրոն դարձավ: ManyChat-ը՝ R&D գրասենյակով, Grid Dynamics Holding-ը՝ ինժեներական կենտրոնով, և վերջապես համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից մեկը՝ NVIDIA-ն էլ՝ գիտահետազոտական կենտրոնով:

Մայիս: Հաղթական ամիս՝ հաղթական դեպքերով ու դեմքերով

Հայաստանում բացվող նոր մասնաճյուղերին մայիս ամսին ավելացավ նաև Veeam Software-ի թիմը, Wildberries-ն էլ լոգիստիկ կենտրոն բացեց մեր երկրում:

Product Hunt-ն էլ ողջ մայիս ամսվա ընթացքում «հայաֆիկացվում էր». Cauldron-ը՝ օրվա առաջին, իսկ Creattie-ն՝ օրվա երկրորդ պրոդուկտ ճանաչվեցին:

Big Story VC-ի ներդրումային արշավը շարունակվեց այդ ընթացքում ևս. Prodpad-ը՝ $250,000-ի, իսկ BlueQubit-ը՝ $200,000-ի չափով:

Մայիս ամսվա ամենահաղթական նորությունն էլ Հայաստանի առաջին տիեզերական արբանյակի՝ Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերվելն էր: TrustRadius-ից միանգամից չորս կատեգորիայում՝ գնահատում, տեխնիկական հմտությունների գնահատում, տեսահարցազրույցներ և վիրտուալ ՏՏ լաբեր, Top Rated մրցանակի արժանացավ Codesignal-ը:

Ի դեպ, այս ամբողջ ընթացքում ՀՀ աշխատաշուկան անդադար ընդլայնվում էր: Մայիսի ընթացքում գրանցվել էր 8 488 նոր վճարովի աշխատատեղ՝ ընդհանուր թիվը հասցնելով 673 224-ի, իսկ տարվա ավարտին այն գերազանցելու էր 700 հազարը:

Ինչպիսի՞ն էր 2022-ը բիզնես-տեխնոլոգիական աշխարհի համար
Ինչպիսի՞ն էր 2022-ը բիզնես-տեխնոլոգիական աշխարհի համար
Ինչպիսի՞ն էր 2022-ը բիզնես-տեխնոլոգիական աշխարհի համար

Հունիս: Իրադարձություններով լի ամառվա մեկնարկը

Ամառվա առաջին ամիսը լի էր biz-tech իրադարձություններով: Հերթական BarCamp-ի առանցքում բժշկական տեխնոլոգիաներն ու անձնական տվյալների պաշտպանությունն էր:

EMERGE 2022 համաժողովն էլ համախմբեց գրեթե 3000 մասնակցի ամբողջ աշխարհից: Մասնակիցների թոփ 5 երկրներն էին Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Էստոնիան և Կիպրոսը:

«Ի՞նչ կար ներդրումային ոլորտում» հարցի պատասխանը տվեց Big Story VC-ն՝ այս անգամ ներդրում կատարելով Docus ստարտափում: $45 մլն չափով էլ ներդրում ստացավ Team Telecom Armenia-ն՝ Հայաստանի քաղաքներում և գյուղերում 25 Գբ/վ արագությամբ NGN (Next Generation Network) ցանցի կառուցմանը նպաստելով:

Ինչպիսի՞ն էր 2022-ը բիզնես-տեխնոլոգիական աշխարհի համար

Հուլիս: ՏեխնոԳյումրին ու «ամենաբանկային» ամիսը

Տարվա ամենատեխնոլոգիական շաբաթը Գյումրիում էր: 3300 մասնակից, աշխատանքի տոնավաճառ, քննարկումներ ու մասնագիտական դասախոսություններ, Գյումրին էլ՝ իրական տեխնոլոգիական քաղաք՝ ողջ Հայաստանից ժամանած մասնագետների համար:

Հուլիսը թեժ էր բանկերի համար ևս: Forbes-ը հրապարակեց Հայաստանի 10 հուսալի բանկերի վարկանշային աղյուսակը՝ Ամերիայից մինչև Արարատ: Պարզ դարձավ նաև, որ նախորդ վեց ամիսների ընթացքում ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը աճել էր շուրջ 3 անգամ՝ հասնելով 111 մլրդ դրամի:

Հայկական ստարտափները համաշխարհային ասպարեզում ճանաչում էին ձեռք բերում և քայլում առաջ: Hexowatchընդգրկվեց Capterra 2022 վարկանիշում՝ որպես նոր ֆավորիտ: ARLOOPAընդգրկվեց լավագույն AR/VR ընկերությունների ցանկում, իսկ Wirestock սկսեց համագործակցել Getty Images-ի հետ:

Օգոստոս: Նոր վենչուրային հիմնադրամ ու EWC-ի նոր ֆինալիստներ

Օգոստոսը մեկնարկեց «Ձեռներեցության աշխարհի գավաթ» (EWC) միջազգային մրցույթի ազգային եզրափակչով, որի արդյունքում 2 ստարտափ՝ HopShop-ը և Text’n Pay Me-ն, գալիք տարում կմասնակցեն «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» մրցույթի միջազգային եզրափակչին:

Հայ հիմնադիրներ ունեցող մեկ այլ ստարտափ՝ EasyDMARC-ը, որն օգնում է բիզնեսներին պայքարել էլեկտրոնային խարդախությունների՝ ֆիշինգի դեմ, $2.3մլն ներդրում ներգրավեց: ServiceTitan-ն ու Picsartընդգրկվեցին ԱՄՆ-ի՝ միգրանտների կողմից հիմնված միաեղջյուրների ցանկում: Իսկ Ucraftարժանացավ «Լավագույն կատարող 2022» մրցանակին:

Նոր վենչուրային հիմնադրամ ստեղծվեց Seaside Startup Summit-ի հիմնադիրների կողմից՝ Triple S անունով:

Սեպտեմբեր: Աստղերից մինչև բիզնես

Սեպտեմբերային ներդրումների մեկնարկը SmartGateVC-ից էր. Chouldchipr-ը, որը ամպային ծախսերի կառավարման և վերլուծական հարթակ է՝ նախատեսված բազմաբնույթ ամպային հաշիվների համար, կարողացավ ներդրում ներգրավել:

Յանդեքս տաքսիի Հայաստանյան հաջողության հաջորդ քայլը սեպտեմբեր ամսին «Յանդեքս սնունդ» ծառայության գործարկումն էր:

Բիզնես ու տեխնոլոգիական իրադարձությունների պակաս ևս չուներ սեպտեմբերը: Մեկնարկեց «Սթարմուս» փառատոնը՝ միավորելով գիտության ու արվեստի մարդկանց, ուսանողներին ու դպրոցականներին, տեխնոլոգիաների ու «երկրային» աշխատանք ունեցող այլ մարդկանց:

Սեպտեմբերի սկիզբն էլ Դիլիջանում կայացավ Buissup Global Forum-ը՝ շուրջ 200 սկսնակ ու փորձառու ստարտափերի միավորելով մեկ վայրում՝ հօգուտ բիզնես գաղափարների զարգացման և փորձի փոխանակության:

Այս ամիսը հասցրեց տեղավորել ևս մեկ միջոցառում՝ Datafest-ը, իսկ մենք էլ հասցրեցինք այն ևս լուսաբանել՝ այստեղ:

Սեպտեմբերի 30-ին պետք է մեկնարկեր տարվա ամենամեծ իրադարձությունը՝ Digitec-ը, բայց երկրում ստեղծված իրավիճակը ստիպեց այն հետաձգել մինչև 2023թ. գարուն:

Հոկտեմբեր: She loves tech and we love business

Մեծ ընդգրկում և արձագանք ունեցավ FAST հիմնադրամի Global Innovation Forum 2022-ը, որը այս տարի անցնում էր «Կյանքը փոխող տեխնոլոգիաներ» խորագրով:

Չնայած արդեն աշնանը ամբողջ աշխարհում վենչուրային ներդրումների լուրջ անկում էր ու վատ սպասումներ, Big Story VC-ն կանգ չառավ: Հոկտեմբերին նրանց պորտֆոլիոն համալրվեց ևս 2 ստարտափով՝ Prelaunch.com, որը հնարավորություն է տալիս ստարտափներին փորձարկել գաղափարի կենսունակությունն ու պահանջարկը՝ իրական օգտագործողների կարծիքների ու արձագանքի հիման վրա ու Stylebit.io, որն էլ իր հերթին թույլ է տալիս ինտեգրել դիզայն համակարգը միացյալ աշխատանքային հոսքում և միաժամանակ աշխատելու հնարավորություն տալ ամբողջ թիմին։

Ներդրումներից հեռու չգնալով. բլոկչեյնի ոլորտում կիբեռանվտանգությամբ զբաղվող Hexens ընկերությունը 4,2 մլն դոլարի սաղմնային ներդրում ստացավ: Կայացավ նաև «Ներուժ 3.0» ծրագիրը, որի հաղթող ճանաչվեց «Biocentric» թիմը՝ ստանալով 20 մլն դրամ:

Այլ ստարտափների մասին և ոչ միայն. SADA-ն պաշտոնապես դարձավ Google Cloud-ի Կոնտակտ կենտրոնի AI հարթակի մատակարար, Krispընդգրկվեց G2-ի վարկանիշում՝ որպես ձայնի ճանաչման լավագույն ծրագրակազմ, իսկ Granatus Ventures-ն էլ եվրասիական տարածաշրջանի լավագույն վենչուրային ընկերություն ճանաչվեց: Հայկական Liveboard-ն էլ հաղթեց She Loves Tech Western Europe 2022-ի ստարտափ մրցույթում:

Հոկտեմբերին նաև պարզ դարձավ, որ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ՏՏ ընկերությունների թիվը շատ լուրջ աճ է գրանցել՝ գերազանցելով 4 տասնյակը:

Նոյեմբեր: GPay-ն ու ներդրումներն եկան մեր բակը …

Ն նոյեմբերի համար, Ն ներդրումների համար: Հայաստանում հիմնադրված LayerSwap-ը 2.5 մլն դոլարի ներդրում ստացավ: B4 ստարտափը ներդրում ներգրավեց BigStory վենչուրային ֆոնդից: Իսկ FAST հիմնադրամի՝ Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակ ներդրողների ցանցը (STAN) հայտարարեց manot ստարտափում ներդրում կատարելու մասին՝ Hero House Angels-ի, AICA-ի և BAJ Accelerator-ի հետ համատեղ:

Եթե տարին սկսվեց Apple Pay-ի՝ Հայաստանում հասանելիությամբ, ապա ավարտվեց այն Google Pay-ի հասանելիությամբ:

Գովազդային պատերազմները hայկական շուկայում. բանկեր, տելեկոմներ և ոչ միայն: Կարդացե՛ք այստեղ:

Գովազդային տեխնոլոգիայի և մեդիա առևտրի ենթակառուցվածքների համաշխարհային առաջատար IPONWEB ընկերությունն էլ հայտարարեց Երևանում ճարտարագիտական, հետազոտական և զարգացման կենտրոն ստեղծելու մասին։

Ինչպե՞ս անդրադառնալ նոյեմբեր ամսվան և չհիշել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որից անմասն չմնաց նաև հայկական ստարտափ էկոհամակարգը: Հայկական doodooc ստարտափը դարձավ FIFA Երկրպագուների փառատոնի գործընկեր, իսկ Joomag-ը՝ Ֆուտբոլի Աշխարհի առաջնության թվային ուղեկից:

Zoomerang-ի և Instagramհամագործակցությունն էլ նշենք՝ որպես նոյեմբերի վերջին գլխավոր ձեռքբերում և անցում կատարենք դեկտեմբերին:

Ինչպիսի՞ն էր 2022-ը բիզնես-տեխնոլոգիական աշխարհի համար

Դեկտեմբեր: Եվրատեսիլյան տրամադրությունն ու գլխավոր ՏՏ նորությունը

Մանկական Եվրատեսիլը Հայաստանում և Ռոբին ռոբոտն էլ՝ որպես այդ իրադարձության հաղորդավար: Այսպիսին էր դեկտեմբերի մեկնարկը:

Մեկ այլ իրադարձություն, որը բոլորի խոսակցությունների ու անհանգստությունների փարատման թեման դարձավ, ՏՏ ոլորտի աջակցության նախագիծն էր, համաձայն որի՝ ՏՏ ընկերություններին եկամտային հարկի վերադարձ է կատարվելու 2022 թվականի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: 

Հայաստանում ստեղծվեց նաև ներդրումային քրաուդֆանիգի առաջին հարթակը՝ ԱՌՖԻ-ն:

Իսկ Wirestock-ը հայտարարեց միանգամից 4 սթոք հարթակների հետ համագործակցության մասին:

Ամփոփելով 2022 ներդրումային տարին՝ նշենք, որ BANA Angels-ը $700 հազարի, իսկ Formula VC-ն $1.6 միլիոնի ներդրում կատարեցին:

Տարին բարդ էր, անսպասելի, լի նոր ձեռքբերումներով, պրոդուկտներով ու ծառայություններով, վառ ու մեգահետաքրքիր մարդկանցով ու իրադարձություններով:

Մաղթենք բիզնես-տեխնոլոգիական աշխարհին է՛լ ավելի շատ ներդրումներ, է՛լ ավելի շատ ձեռքբերումներ, նոր ու հեղափոխական պրոդուկտներ ու «անվնաս» խնդիրներ գալիք ու ոչ այնքան հեշտ տարում:

Վերջում էլ շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ մեր հոդվածները կարդալու, մեզ գործընկերներ դառնալու, հետաքրքիր ինֆոառիթներ ստեղծելու ու 2022-ը միմյանց հետ կիսելու համար:

Մնացե՛ք How2B-ի հետ. լավագույնն առջևում է:

Կարդացե՛ք նաև՝ Տեխնոտարվա ամփոփում 2021

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Ինչպիսի՞ն էր 2022-ը բիզնես-տեխնոլոգիական աշխարհի համար
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։