Հայ հիմնադիներ ունեցող EasyDMARC ստարտափը, որն օգնում է բիզնեսներին պայքարել էլեկտրոնային խարդախությունների՝ ֆիշինգի դեմ, $2.3մլն ներդրում է ներգրավել Acrobator Ventures-ից, Formula VC-ից և Ամերիկայում գործող անանուն հասարակական անվտանգության կազմակերպությունից, գրում է TechCrunch-ը։
EasyDmarc-ն պլատֆորմ է, որը հնարավորություն է տալիս բիզնեսին պաշտպանել դոմեյնն ու էլեկտրոնային հասցեն ֆիշինգից, ինչպես նաև ավելացնել նամակների՝ հասցեատիրոջը հասնելու հավանականությունը։ Այսինքն՝ այն ապահովում է մաքսիմալ անվտանգություն ու արդյունավետություն, որպեսզի կեղծ նամակներն ու ֆիշինգային հարձակումները մերժվեն ստացողի կողմից։
Պրոդուկտը հիմնված է dmarc ստանդարտի վրա՝ այն իմեյլների նույնականացման աշխարհում հայտնի ստանդարտ է, որն այնքան էֆեկտիվ է պայքարում ֆիշինգ հարձակումների դեմ, որ նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան, իրենց .gov դոմեններին ընդգրկել են այդ համակարգում։
Այս պահին ստարտափն ունի մոտ 30 000 հաճախորդ աշխարհի 130 երկրներից և հասցրել է ստուգել 9 միլիարդ էլեկտրոնային հասցե։
Ստարտափի հիմնադիրները Գերասիմ Հովհաննիսյանն ու Ավագ Առաքելյան են։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։