Մարզահամերգային համալիրում երեկ մեկնարկեց «Ստարմուս» փառատոնը: Այն նվիրված է աստղերին ու երաժշտությանը՝ star և music, եւ միավորում է այդ երկու կոմպոնենտը:
Համահայաստանյան գիտական արշավին ներգրավված է մոտ 5
տասնյակ գիտնական, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, աստղագնացներ, արտիստներ ու երաժիշտներ։
«STARMUS-ը եկել է ոգեշնչելու երկրի գիտնականների և արվեստագետների նոր սերնդին, որովհետև Հայաստանի նման փոքր երկրի ապագան գիտությունն ու տեխնոլոգիաներն են».- բացման ժամանակ ասել է STARMUS-ի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը:
«Ես ոգեշնչվել եմ Հայաստանում: STARMUS-ի հաջողության մի մասը Հայաստանի շնորհիվ է: Ես ոգեշնչվել եմ մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանից, հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանից, Կոմիտասից, շատ-շատերից: Հպարտ եմ, որ իմ հայրենի երկրում կարողացանք այսպիսի շքեղ ու իրապես համաշխարհային մասշտաբի իրադարձության նախաձեռնողը լինել։ Ի ուրախություն ինձ՝ STARMUS-ի նման համաշխարհային փառատոնի հեղինակավոր խորհրդի՝ Հայաստանում հաջորդ փառատոնն անցկացնելու որոշմանը նպաստեց երկրի պատմականորեն ամրագրված հարուստ գիտական ժառանգությունն ու ներկայումս՝ զարգացումներն այս ուղղությամբ։ STARMUS-ն այստեղ է գիտությունը՝ որպես նոր թրենդ, մտածողություն փոխող եւ դեպի ապագան նայող ուղղություն ներկայացնելու համար եւ համոզված եմ՝ երիտասարդության (եւ ոչ միայն) համար ոգեշնչման նոր աղբյուր է հանդիսանալու»,- նշում է փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը։
Իսկ, թե որն է STARMUS-ի՝ Հայաստանում անցկացման ամենակարևոր ուղերձը՝ Իսրայելանն ասաց. «STARMUS-ը Հայաստանում է, քանի որ ես հավատում եմ, հավատացած եմ, որ Հայաստանի նման փոքր երկրի ապագան գիտությունն ու տեխնոլոգիաներն են: Աշխարհում շատ երկրներ հարուստ են նավթով, գազով, Հայաստանն այդ առումով հարուստ չէ, Հայաստանը հարուստ է մարդկանցով: STARMUS-ն այստեղ է՝ ոգեշնչելու հայկական տեխնոլոգիական հսկաների, հայկական ստարտափերի նոր սերնդին: Սա Հայաստանի պատմության առանցքային պահն է՝ STARMUS-ի նման փառատոնը բերելու այս փոքրիկ երկիր և ոգեշնչելու այս երկրի գիտնականների և արվեստագետների նոր սերնդին»:
Փառատոնի համահիմնադիրն ընդգծեց՝ հայերը շատ լավ ոգեշնչում են։ Շատ քիչ մարդիկ գիտեն, որ Սթիվեն Հոքինգին գիտությամբ զբաղվելու ոգեշնչողն եղել է հենց հայ: «Ավելի ուշ Սթիվեն Հոքինգը ոգշնչեց ինձ՝ հիմնելու STARMUS փառատոնը»,-նշեց Իսրայելյանը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։