Team2B-ն ուրախ է հայտնել իր նոր նախագծի՝ How2B մեդիա հարթակի գործարկման մասին: Ինչպես մեր բոլոր նախագծերը, How2B-ն ևս ունի մեկ գլխավոր նպատակ՝ հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:
How2B-ն «how to [do] business»-ի կարճ տարբերակն է, որից կարող եք միանգամից գուշակել՝ մեդիա հարթակը առավելապես մատուցելու է կոնտենտ այն մասին, թե ինչպես անել բիզնես: Այո, հարթակում շատ են լինելու «How to»-ները կամ Ինչպեսները՝ ուղեցույցներ բիզնեսի կյանքում առաջ եկող փոքր ու մեծ խնդիրների լուծման վերաբերյալ:
Կիսվելու ենք ինչպես մեր ու մեր գործընկերների, այնպես էլ Հայաստանի ու աշխարհի առաջատար բիզնեսմենների ու մասնագետների փորձով ու խորհուրդներով: Գիտենք նաև, որ հայկական իրականությանը վերաբերող կոնտենտ շատ քիչ կա, ուստի ժամանակի ընթացքում փորձելու ենք շեշտը դնել այնպիսի «ինչպեսների» վրա, որոնք սպեցիֆիկ են հենց հայկական բիզնես միջավայրում ու հիմնված են հստակ փորձի վրա: Ի դեպ՝ մեծ սիրով կհրապարակենք նաև ձեր «ինչպեսները», այնպես որ guest post-երի համար՝ PM:
Առանձնահատուկ տեղ ենք հատկացրել ստարտափների համար: Պատմելու ենք թե՛ Հայաստանում ստեղծվող ստարտափների, թե՛ համաշխարհային գիգանտների հաջողությունների ու անհաջողությունների պատմությունները, չէ՞ որ նրանք էլ ժամանակին ստարտափներ են եղել: Այս բաժինը փորձելու ենք դարձնել ոգեշնչման մի մեծ աղբյուր բոլոր նրանց համար, ովքեր բիզնեսի աշխարհում հերթական քայլը անելու ծանրութեթևն են անում:
Ցանկանում ենք նաև How2B-ն դարձնել տեղեկատվության տարածման ակտիվ հարթակ, ուստի այստեղ մշտապես կտեղադրենք տեղեկատվություն առաջիկա միջոցառումների, առկա կրթական և աշխատանքային հնարավորությունների, ինչպես նաև բիզնեսի համար շատ կարևոր հնարավորությունների մասին՝ սկսած փոքրիկ մրցույթներից մինչև բիզնես ինկուբատորներ, դրամաշնորհներ և ներդրումային մեծ նախագծեր:
Անշուշտ, կփորձենք ձեռքը պահել հայաստանյան և համաշխարհային բիզնես աշխարհի զարկերակի վրա, ուստի how2b.am-ում մշտապես կարող եք գտնել բիզնես աշխարհին առնչվող թարմ ու հետաքրքիր նորություններ՝ տարբեր թեմատիկ խմբավորումներով:
Եվ վերջապես, մենք շատ ենք սիրում մեխանիկական աշխատանքը ավտոմատացնել, Doc2B-ն վկա, ուստի ժամանակի ընթացքում ստեղծել և ստեղծում ենք բիզնեսին առնչվող տարբեր հաշվիչներ ու այլ թվային գործիքներ, որոնցով անպայման ուզում ենք կիսվել ձեզ հետ:
Բարի գալուստ How2B` մեդիա հարթակ այն մասին, թե ինչպես բիզնես անել:
Չմոռանաք հետևել մեզ Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում: