Այսօրվանից Հայաստանում գործարկվել է Google Pay ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում պարզ և անվտանգ անհպում վճարումներ կատարել։
Ծառայությունից հնարավոր է օգտվել Android և Wear OS սարքերի միջոցով: Google Pay-ը թույլ է տալիս վճարումներ կատարել առանց բանկային քարտ օգտագործելու, POS տերմինալի վրա գաղտնաբառ մուտքագրելու կամ կանխիկ գումար օգտագործելու:
Այս պահին ծառայությունը հասանելի է Հայէկոնոմբանկի, Կոնվերս Բանկի, Արդշինբանկի, ԱԿԲԱ բանկի, Ամերիա Բանկի և Էվոկաբանկի քարտապանների համար։
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բանկային քարտերը կցել Google Wallet հավելվածին։
Google Wallet-ին կցված քարտով վճարում կատարելիս գործարքներն իրականացվում են վիրտուալ քարտի համարի (թոքենի) միջոցով: Սա նշանակում է, որ վճարման համար կրեդիտային կամ դեբետային քարտերը օգտագործելիս, Google Pay-ը չի տրամադրում քարտերի իրական թվերը, փոխարենը ստեղծվում է վիրտուալ օգտահաշիվ՝ քարտի ինֆորմացիան ապահով պահելու համար:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։