ՀՀ-ում հիմնադրված LayerSwap ընկերությունը Pre-Seed փուլում ներգրավել է 1.5 մլն դոլարի ներդրում՝ առաջատար կրիպտո և վենչուրային ընկերություններից, այդ թվում՝ StarkWare, Argent, ImToken և zkSync ընկերություններից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ընկերության համահիմնադիր Արամ Քոչարյանը։
Մոտ 9 ամիս առաջ երեք հայ հիմնադիրների կողմից ստեղծված ընկերությունը մշակում է պրոդուկտներ կրիպտոարժույթների շուկայի համար՝ փորձելով հեղափոխական կերպով բարելավել օգտագործողների փորձառությունը կրիպտոարժույթների փոխանցումների գործընթացում։
«Որպես ՀՀ ընկերություն՝ օգնել և ուժեղացնել Հայաստանը։ Մենք հավատում ենք, որ ամուր պետություն կառուցելու համար պետք են խելացի և ուժեղ մարդիկ։ Դրա համար մեր ընկերությունն արդեն իսկ ներդրումներ է արել (և շարունակելու է անել) տարբեր կրթական/գիտական ծրագրերի, ինչպես նաև՝ ֆիզ պատրաստություն կազմակերպող ծրագրերի մեջ։ Մանրամասները՝ շուտով»,-նշել է Արամ Քոչարյանը։
Ընկերությունը ներկայումս պլանավորում է մեծացնել թիմը, իսկ առաջիկայում 7 մլն դոլարի հասնող նոր ներդրում ներգրավել Seed ռաունդում՝ համագործակցելով առաջատար վենչուրային ներդրողների հետ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։