Փետրվարի 24-ից սկսած «ռելոկացիա» տերմինը նույնքան ծանոթ ու սովորական է դարձել, ինչքան Երևանի կենտրոնում օտարերկրացի տեսնելը: Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից Հայաստան են տեղափոխվում մեծ թվով մարդիկ՝ սկսած կենցաղային ու կենսական կարիքներով ժամանած փախստականներից մինչև «ազատության շունչ» տենչացողները: Ինչքա՞ն է նրանց թիվը, ինչո՞վ են զբաղված, ի՞նչ կփոխեն մեր կյանքում և ի՞նչ է լինելու հետո. How2B-ն հավաքել է մի քանի հետաքրքիր թիվ՝ գործընթացից գլուխ հանելու համար:
50-100 հազար մարդ է եկել Հայաստան ՌԴ-ից, Ուկրաինայից ու Բելառուսից
Այո, սա այն ցուցանիշն է, որտեղ ոչ միայն հստակություն չկա, այլև մոտավոր պատկերն է ոչ լղոզված, որովհետև Հայաստան ժամանողների մեջ մի քանի էականորեն տարբեր խմբեր են: Նրան մի մասը ՀՀ քաղաքացիներ են, որոնք ուղղակի վերադարձել են հայրենիք, շատերը Հայաստանում մշտական բնակություն հաստատած հայեր են, բայց ոչ ՀՀ քաղաքացի, մի մեծ խումբ տվյալ 3 երկրների քաղաքացիներ են, որոնց մի մասն էլ իրականում չի մնացել Հայաստանում, այլ այստեղից տեղափոխվել Վրաստան կամ այլ երկրներ: Հստակություն չկա նաև, թե ինչ է լինելու հետո. որոշներն արդեն վերադարձել են իրենց երկրներ, որոշները տեղավորվել են առնվազն մի քանի ամսով, մինչդեռ Ռուսաստանում արդեն ռելոկացիայի երկրորդ ալիք են կանխատեսում:
938 ՌԴ քաղաքացի գրանցել է ԱՁ
Փետրվարի 24-ից մինչև մարտի 22-ը ընկած ժամանակահատվածում ՌԴ քաղաքացի այսքան անհատ ձեռներեց է հաշվառվել Հայաստանում: Միևնույն ժամանակ, պետական գրանցում է ստացել մասնակից ՌԴ գրանցում ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձով 268 ՍՊԸ: Նրանց գերակշիռ մասը ՏՏ ոլորտի ընկերություններ են, հայտնել է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը: Ինչպես հայտնի է, ՏՏ ոլորտի մասնագետներին առաջին հերթին Ռուսաստանը լքել ստիպում է մասնագիտական աշխատանքը կատարելու և դրա համար արտասահմանից վճար ստանալու պահանջը, քանի որ պատժամիջոցների պայմաններում ՌԴ-ում դա անելը դարձել է գրեթե անհնար:
17572 նոր հաշիվ է բացվել հայկական բանկերում ոչ ռեզիդենտների կողմից
Հայաստանում փետրվարի 28-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում ոչ ռեզիդենտների կողմից բացված հաշիվների մասին նման տեղեկատվություն է հայտնել ԿԲ-ն Economood-ին:
1 օր է պահանջվում բիզնես գրանցելու համար, 4 օր՝ առաջին գումարը ստանալու. Սա լավագույն սցենարով
«Պետական գրանցման գործընթացը, եթե փաստաթղթերը կարգին են, տևում է ընդամենը 1 օր, ինչին ՌԴ քաղաքացիները շատ հաճախ թերահավատորեն են վերաբերում: Ավելի երկար տևում է բանկային հաշվի բացումը, քանի որ բանկերն առայժմ զգուշավորություն են ցուցաբերում: Մեր պրակտիկայում ամենաարագ հաշվի բացումը տևել է 3 օր»,-նշում է տեղափոխվող բիզնեսների գրանցումով զբաղվող Team2B ընկերության բիզնեսի զարգացման մասնագետ Գրիշա Հովսեփյանը: Ընկերությունը նաև մշակել է ռելոկացիայի մանրամասն ուղեցույց և հարցաշար, որի շնորհիվ գրանցել է արդեն ավելի քան տեղափոխված 100 բիզնես:
60 մլրդ դրամով ավելացել է դրամաշրջանառությունը մարտի առաջին 20 օրերին
Մարտի առաջին 20 օրերին Հայաստանում ՀԴՄ-ներով գրանցված գործարքների թիվը 2021թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 510 հազարով, իսկ դրամաշրջանառությունը ավելացել է 60 մլրդ դրամով՝ հասնելով 120 մլն դոլարի: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
30-40%-ով աճել է գները անշարժ գույքի վարձակալության շուկայում
Նման թվեր է ներկայացրել անշարժ գույքի շուկայում գործող «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը: Վերջինիս գնահատականով՝ վարձակալական շուկայի հագեցվածությունը հասել է 70%-ի:
100 ՏՏ ոլորտի նոր աշխատատեղը կարող է ՀՀ ՀՆԱ-ն ավելացնել 10 մլն դոլարով
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով ՏՏ ոլորտի մասնագետների և ընկերությունների՝ Հայաստան ներհոսքի հնարավոր դրական ազդեցությունները, ներկայացրել է հետաքրքիր ցուցանիշներ: Մասնավորապես, ըստ նրա գնահատականի՝ ՏՏ ոլորտում մեկ նոր աշխատատեղը համարժեք է 100 հազար ԱՄՆ դոլարի ներդրման: Իսկ ՏՏ ոլորտի մեկ ավագ մասնագետի (senior engineer) կողմից տարեկան գեներացվում է մոտ 1 մլն դոլարի ՀՆԱ, մինչդեռ Հայաստանում նրանց թիվն այս պահին ընդամենը մոտ 1200 է: Նման մասնագետների տեղափոխությունը Հայաստան կարող է շոշափելի փոփոխություն ստեղծել ՏՏ ոլորտի գեներացրած արդյունքի մեջ:
Ի՞նչ է ՏՏ հավաստագիրը, ինչպե՞ս ստանալ
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։