Messanger-ում, Viber-ում, WhatsApp-ում և այլ սոցցանցերում հաճախ ենք շփվում ծանոթների ու ընկերների հետ և ուղարկում տարբեր հաղորդագրություններ, իսկ երբևէ պատկերացրե՞լ եք, որ տարբեր չաթերում կարող եք հավաքել հաղորդագրություն, ենթադրենք՝ «փոխանցել 100 հազար դրամ Վարդանին» և այս պարզ մեթոդով իրականացնել բանկային փոխանցումներ: Այո, այս ամենը վերաբերում է մոտ ապագային, ինչի համար այժմ վերջին աշխատանքներն են ընթանում: Text΄n Pay Me-ն հայկական ստարտափ է, որը գալիս է թեթևացնելու ձեր ֆինանսական կյանքը:
Text΄n Pay Me-ն բանկային ստեղնաշար է, որը հնարավորություն է տալիս գումար փոխանցել ցանկացած նամակագրական հավելվածի միջոցով, որն ունի մուտքագրման դաշտ։
Ստարտափի համահիմնադիրները Արթուր Կարապետյանը և Միհրան Բաբայանն են:
2019 թվականին համահիմնադիրները միասին մասնակցել են հաքաթոնի, որի ժամանակ ստացել են առաջադրանք՝ ստեղծել նմանօրինակ նախագիծ։ Հաքատոնը տևել է երկու օր, ինչից հետո ծնվել է նախագիծը բիզնեսի վերածելու գաղափարը:

«Հաքաթոնից հետո հասկացանք, որ այս գաղափարը պետք է «ապրի» միջոցառման շրջանակներից դուրս և այն կարող ենք վերածել հեռանկարային բիզնեսի: 2021 թվականին արդեն ունեինք պատրաստի հավելվածը»,- նշում է համահիմնադիր Միհրան Բաբայանը։
Հավելվածն իրականում բանկային ստեղնաշար է և աշխատելու է երկու սկզբունքով.
Առաջինը՝ մարդիկ հնարավորություն են ունենալու գումար փոխանցել ցանկացած նամակագրական հավելվածում՝ Messanger, Viber, WhatsApp կամ այլ հավելվածներում` պարզապես հավաքելով համապատասխան տեքստը:
Ամեն անգամ գումար ուղարկելուց առաջ քննարկում է ընթանում այս կամ այն նամակագրական հավելվածում կամ զանգով: Իսկ դրանից հետո մարդիկ պետք է մուտք գործեն իրենց բանկային հավելված, կատարեն միջինում 5-7 քայլ, որից հետո կկատարվի գործարքը:
«Մենք առաջարկում ենք արագացնել փոխանցում կատարելու գործընթացը, չօգտագործելով բանկային հավելվածները, այլ պարզապես տվյալ նամակագրական հավելվածում մուտքագրել տեքստը և կատարել փոխանցումը»,- մանրամասնում է Միհրան Բաբայանը:

Buildern. Հայկական ստարտափ, որն օգնում է կազմակերպել շինարարությունը
Երկրորդ սկզբունքը՝ Text’n Pay Me-ն լինելու է որպես անկախ էլեկտրոնային դրամապանակ, բայց համագործակցելու այլ բանկի հետ: Հիմնական թիրախները լինելու են բանկերն ու ֆինանսական հաստատությունները: Գործակցելու են b2b սկզբունքով՝ բիզնեսը բիզնեսի համար:
«Այսինքն մենք կտրամադրենք բանկերին մեր լուծումը, իսկ իրենք էլ իրենց օգտատերերին: Հիմա Ամերիկայում ու Չինաստանում մեծ սոցիալական ցանցերը ստեղծում են իրենց վճարման համակարգերը, օրինակ Չինաստանում Wechat-ը, որի միջոցով արդեն տասնյակ տրիլիոն դոլար գումար է փոխանցվել: Բոլորս գիտենք, որ բանկերի հիմնական եկամուտը փոխանցումների միջոցով է տեղի ունենում: Իսկ մեր լուծումը կօգնի բանկերին, որ իրենց ծրագրերը շուկայից դուրս չմղվեն: Մենք լուծում ենք տրամադրում բանկերին ու ֆինանսական հաստատություններին, որոնք կինտեգրեն այն իրենց առկա համակարգեր»,- ասաց համահիմնադիրը:
Բանկային փոխանցումներ անելու համար հարկավոր է ունենալ ԿԲ-ի կողմից տրամադրված հատուկ լիցենզիա: Ցանկացած տարածաշրջանում հատուկ վճարահաշվարկային լիցենզիա է անհրաժեշտ, որպեսզի ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունը հնարավորություն ունենա փոխացումներ կատարել:
«Քանի որ մենք չունենք այդ լիցենզիան, բանկերին կառաջարկենք համագործակցություն: Առաջին սցենարով մենք մեր լուծումը կտրամադրենք որևէ բանկի և տեխնիկական ինտեգրացիայից հետո բանկի հաճախորդները, որոնք ունեն բանկի հավելվածը, ավտոմատ կունենան ստեղնաշար իրենց հեռախոսների մեջ, այսինքն հավելյալ ծրագիր ներբեռնելու կարիք չի լինի»,- ասաց համահիմնադիրը:
Հավելվածի անունն ընտրելիս փորձել են այնպես անել, որ առավելագույն ձևով ըմբռնելի ու բնութագրական լինի։
«Ստարտափի գաղափարը հենց անվան մեջ է՝ տեքստ գրել և վճարել»,- ասաց Միհրան Բաբայանը:
Ծրագիրն անվճար է, և հասանելի Google extention տեսքով, ինչը նշանակում է, որ ցանկացողները ծրագիրը կարող են ներբեռնել Google Chrome-ից և բոլոր գործողությունները կատարել նաև համակարգչի միջոցով։
Հայկական Hexact-ն առավել հասանելի է դարձնում Big Data-ն ու AI-ը
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։