Հայկական Wirestock-ը $23 միլիոնի Series A ներդրում է ներգրավել՝ AI տվյալների շուկայում ընդլայնվելու համար

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Wirestock ստարտափը հայտարարել է $23 միլիոն դոլարի Series A ներդրումային փուլի փակման մասին։ Ընկերությունը, որը մի քանի տարի առաջ սթոքային լուսանկարների հարթակ էր, այսօր աշխարհի խոշորագույն AI մոդելներ ստեղծողներին մատակարարում է բազմամոդալ (multi-modal) տվյալներ։

Ըստ TechCrunch-ի, ներդրումային փուլը գլխավորել է Nava Ventures վենչուրային ֆոնդը, մասնակցել են նաև SBVP-ն (որի համահիմնադիրն է Meta-ի նախկին գործադիր տնօրեն Շերիլ Սենդբերգը), Formula VC-ն և I2BF Ventures-ը: Սա ընկերության զարգացման նոր փուլն է, որը նպատակ ունի ստարտափը դիրքավորել որպես AI տվյալների համաշխարհային շուկայի առանցքային խաղացող:

Ֆոտոսթոքից դեպի AI տվյալների մատակարար

Wirestock-ը հիմնադրվել է 2019-ին՝ որպես հարթակ, որն օգնում էր լուսանկարիչներին ավտոմատացնել իրենց աշխատանքների բանալի բառերով նկարագրումը, վերնագրումն ու տարածումը այնպիսի մարկետպլեյսներում, ինչպիսիք են Shutterstock-ը, Getty Images-ը, Adobe Stock-ը և Alamy-ն։ 2022-ին, երբ ընկերությունը Getty Images-ի հետ գործընկերության պայմանագիր կնքեց, հարթակում ընդգրկված էր մոտ 100,000 ստեղծագործող։

2023-ին ընկերությունը կտրուկ ուղղություն փոխեց՝ կենտրոնանալով AI լաբորատորիաների համար տվյալներ մատակարարելու բիզնեսի վրա։ Այսօր հարթակում գրանցված են ավելի քան 700,000 արտիստ ու դիզայներ, ովքեր լուսանկարների, տեսանյութերի, դիզայներական ակտիվների, 3D և խաղային բովանդակության տեսքով տվյալներ են պատրաստում AI մոդելների ուսուցման համար։

«Սկզբում մեր գործարքների մեծ մասը վաճառքն էր՝ եղած գրադարանից։ Բայց հետո դա վերածվեց բովանդակության ու տվյալների շատ անհատականացված պատվերների, և դա ստեղծագործողների համար նոր հնարավորություններ բացեց, ու հարթակը պարզապես պայթեց», — TechCrunch-ին ասել է ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Միքայել Խաչատրյանը։

Ընկերության ներկայիս ցուցանիշները ցույց են տալիս ուղղության փոփոխության հաջողությունը. Wirestock-ի տարեկան եկամտի ընթացիկ ցուցանիշը (run-rate) կազմում է $40 միլիոն դոլար, իսկ ստեղծագործողներին արդեն վճարվել է ավելի քան $15 միլիոն դոլար։ Հարթակը ներկայումս տվյալներ է մատակարարում աշխարհի վեց խոշորագույն հենքային (foundation) մոդելներ ստեղծողներին, թեև ընկերությունը նրանց անունները չի բացահայտում։ Wirestock-ի թիմը բաղկացած է 60 աշխատակցից։

AI տվյալների մատակարարման շուկան

AI տվյալների մատակարարման ծառայությունների պահանջարկը ներկայումս ռեկորդային մակարդակի վրա է. Surge-ի, Scale AI-ի ու Mercor-ի նման ընկերությունները տասնյակ միլիարդների բիզնեսներ են կառուցել՝ AI լաբորատորիաների կողմից տվյալների աճող պահանջի շնորհիվ։ 

Wirestock-ի մրցակցային տարբերակիչը ստեղծագործական (creative) ոլորտի վրա ֆոկուսն է. տվյալները հիմնականում օգտագործվում են պատկեր ու տեսանյութ գեներացնող մոդելների ուսուցման համար։ Նոր ներգրավված $23 միլիոնը Wirestock-ը նախատեսում է ուղղել տեխնոլոգիական հզորությունների ընդլայնմանը և տվյալների նոր տեսակների մշակմանը։ Ընկերության ուշադրության կենտրոնում այժմ տեսանյութերի և 3D բովանդակության գեներացումն է, որոնք կրիտիկական նշանակություն ունեն հաջորդ սերնդի AI մոդելների համար։ Բացի այդ, ստարտափը նախատեսում է մեծացնել իր ինժեներական թիմը՝ զարգացնելու ներքին գործիքակազմը, որը թույլ կտա ավելի մեծ ճշգրտությամբ դասակարգել և պիտակավորել հսկայածավալ տվյալները նախքան դրանք AI լաբորատորիաներին փոխանցելը։

Wirestock-ի հաջողությունը նաև կարևոր նախադեպ է ստեղծում բովանդակություն ստեղծողների համար՝ լուծելով AI դարաշրջանի ամենացավոտ խնդիրներից մեկը՝ արդարացի վարձատրությունը։ Մոդելը թույլ է տալիս արտիստներին ուղղակիորեն շահույթ ստանալ իրենց աշխատանքների օգտագործումից AI-ի մարզման գործընթացում՝ ապահովելով թափանցիկ և լիցենզավորված շղթա ստեղծագործողի և տեխնոլոգիական հսկաների միջև։ 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները