Հայաստանը հնարավորություն է ստացել սառեցված ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանը հնարավորություն է ստացել Եվրոպական Միության երկրներ արտահանել հայկական արտադրության սառեցված ձուկ, վերամշակված ձուկ և ձկնամթերք։ Այս մասին այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ արտահանման հնարավորությամբ արդեն հետաքրքրված է 5 ընկերություն։

Կառավարությունը հուլիսի 16-ի նիստում սահմանել է այն պահանջները, որոնց պետք է համապատասխանեն ձկնաբուծական տնտեսությունները, ձկնամթերք արտադրող և այն պահպանող կազմակերպությունները՝ ԵՄ Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում՝ TRACES-ում գրանցվելու համար։ Որոշումը հաստատվել է չզեկուցվող հարցերի փաթեթով։

Ըստ ներկայացված տեղեկատվության՝ 2025 թվականի մարտի 16-ից Հայաստանը թույլտվություն ունի ջրային կուլտուրաների՝ թեփուկավոր ձկների և դրանցից ստացված արտադրանքի արտահանում իրականացնել ԵՄ երկրներ։ Սակայն արտահանման համար տնտեսավարողները պետք է գրանցված լինեն TRACES համակարգում։

Գրանցման գործընթացն իրականացվելու է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ ՍԱՏՄ-ի միջոցով։ Տնտեսավարողը դիմում կներկայացնի ՍԱՏՄ, որից հետո տեսչական մարմինը կստուգի՝ արդյոք տվյալ տնտեսությունը կամ կազմակերպությունը համապատասխանում է սահմանված պահանջներին։

Պահանջները վերաբերում են ձկան և ձկնամթերքի անվտանգությանը, հումքի վերահսկմանը, արտադրական տարածքների ու սարքավորումների սանիտարական վիճակին, պահպանման և տեղափոխման ջերմաստիճանին, անձնակազմի հիգիենային, հետագծելիությանը, փաթեթավորմանն ու մակնշմանը։

Ձկնամթերք արտադրող կազմակերպությունները պետք է ունենան վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ ՎՎՀԿԿ սկզբունքների վրա հիմնված ընթացակարգեր։ Նրանք պետք է ապահովեն նաև արտադրանքի ծագման և տեղաշարժի հետագծելիությունը՝ արտադրությունից մինչև վաճառք։

Սառեցված ձկնամթերքը, որպես կանոն, պետք է պահվի և տեղափոխվի ոչ բարձր, քան -18°C ջերմաստիճանում։ Սահմանվել են նաև հումքի հալեցման, ջրի և սառույցի օգտագործման, մակաբույծների ոչնչացման, թափոնների կառավարման և վնասատուների վերահսկման պահանջներ։

Ձկնաբուծական տնտեսությունների համար առանձին պահանջներ են սահմանվել ջրավազանների, ջրամատակարարման, կարանտինային տարածքների, կենդանիների առողջության վերահսկման, կերի պահպանման և անասնաբուժական դեղամիջոցների կիրառման մասով։

Տնտեսությունները պարտավոր կլինեն առնվազն երեք տարի պահպանել ձկների ծագման, քանակի, տեղափոխման, հիվանդությունների, անկման դեպքերի, բուժումների և անասնաբույժների ստուգայցերի վերաբերյալ տվյալները։

Ձկնամթերքի մակնշման մեջ պետք է ներառվեն ձկան գիտական և առևտրային անվանումները, արտադրության եղանակը, ծագման երկիրը, պահպանման ժամկետն ու պայմանները, բաղադրիչները, ալերգենները, զտաքաշը և արտադրողի տվյալները։

TRACES համակարգում գրանցվելու համար կազմակերպությունները պետք է համապատասխանեն նաև Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության օրենսդրության պահանջներին։

Որոշման ընդունմամբ ՍԱՏՄ-ն իրավական հիմք է ստանում ստուգելու ԵՄ արտահանման նպատակով դիմող տնտեսավարողների համապատասխանությունը։ Կարգավորման նպատակն է ընդլայնել հայկական ձկնամթերքի արտահանման շուկաները և նպաստել արտադրողների՝ միջազգային չափանիշներին համապատասխան արդիականացմանը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները