Հայկական Wirestock-ը, որը մշակել է վիզուալ բովանդակություն ստեղծողներին ու սթոք հարթակներին կապող գործիք, վերջերս ստացել է $2,3 մլն ներդրում: Սա վերջին օրերին հետաքրքրության մեծ ալիք բարձրացրեց ընկերության հանդեպ:
Դեռևս 2018-ին բլոկչեյնի վրա հիմնված նորաստեղծ պրոյեկտի պլաններում MVP ունենալը, բիզնես մոդելի մշակումն ու առաջին օգտատերեր ձեռք բերելն էր: Ի դեպ, այդ շրջանում այդ տեխնոլոգիայի կիրառությունը Հայաստանում իսկական նորարարություն էր, ու քիչ էին կամ գրեթե չկային այդ ոլորտի ստարտափներ:
Հիմա արդեն ըկերությունը ներկայանում է տպավորիչ արդյունքներով ու հավակնոտ նպատակներով: Ամսական 40 հազարից ավելի օգտատերեր՝ աշխարհի 150 երկրներից, 5 միլիոնից ավելի մեդիա ֆայլերի բեռնում ու վաճառքներ 10-ից ավելի խոշոր հարթակներւմ:
How2B-ին տված բացառիկ հարցազրույցում Wirestock-ի համահիմնադիրներ, տեխնիկական տնօրեն Վլադիմիր Խոյեցյանը և պրոդուկտի տնօրեն Աշոտ Մնացականյանը պատմել են այն ամենի մասին, ինչն այս տարիների ընթացքում օրուգիշեր մշակել, փոխել ու զարգացրել են.
Ճիշտ ժամանակը չէր…
Վլադիմիր. 2018-ի սկզբում աշխարհում բլոկչեյնի ուժեղ հայփն էր, ICO-ների ժամանակն էր: Սկզբում մեր գաղափարը այն էր, որ վիզուալ քոնթենթը պահվի բլոկչեյնում, որը տարբեր խնդիրներ էր լուծելու՝ ներառյալ շուկան դեմոկրատիզացնելն, ինչն այսօր NFT-ները վերջին հաշվով ինչ-որ իմաստով փորձում են լուծել:
Աշոտ. Սկզբում բավականին ուրիշ կետից էինք սկսել բլոկչեյնի հետ կապված: Հիմա NFT-ներն են թրենդ, մենք այն ժամանակ կարելի է ասել հորինել էիք դա, բայց ճիշտ ժամանակը չէր, շուտ էր դեռ շուկայի համար ու հասկացանք, որ այդ գաղափարը առաջ չի գնա: Բայց, քանի որ այնպիսի թիմով էինք հավաքել, որ ուզում էինք անպայման շարունակել միասին, նաև շատ ինֆորմացիա էինք հավաքել, թե ինդուստրիայում ինչ է կատարվում, պրոբլեմներն էինք հասկացել որոշեցինք փոխել ուղղությունը:
Կասկածեցինք, որ սխալ բան ենք սարքել ու կարիքը չկար
Վլադիմիր. Երբ լուսանկարիչը իր ֆոտոն որոշում է վաճառել, նախ պետք է նկարի, մշակի, հետո գցի սթոք հարթակներ, ընդ որում, եթե ուզում է մաքսիմալացնի շահույթը, 10-ից ավելի կայքեր կան, որ պետք է գրանցվել, բեռնել նկարը ու բոլոր տեղերում գրել նկարագրություններ, վերնագրեր, թեգեր, ընտրել կատեգորիաներ: Եթե մարդու դեմք է երևում պետք է տվյալ անձի ստորագրած թույլտվության փաստաթուղթ կցել և հետո նկարը վաճառել: Սա փաստացի բավականին ծանր գործ է ու առաջին մտահղացումն այն էր, որ ստեղծենք հարթակ, որ այս մարդիկ այդքան չտանջվեն, մշակեցինք գործիք, որը նկարները տարածում է բոլոր հարթակներում:
Երբ դիմեցինք փորձառու սթոք լուսանկարիչների, ասացին, որ իրենց դա պետք չէ ու արդեն գործող մեխանիզմներ ունեն կամ էլ մարդ են վարձել, որը կազմակերպում է այդ գործընթացները։ Մի պահ մենք կասկածեցինք, որ սխալ բան ենք սարքել, որի կարիքը չկար, բայց հետո հասկացանք, որ այդ մարդիկ արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում են դրանով ու սովոր են։ Բայց ստեղծվում է մեծածավալ քոնթենթ, որը չի հասնում սթոք հարթակներ, որովհետև ուղղակի անհարմար է, դժվար է, ժամանակատար է: Առավել ևս այս երիտասարդ սերունդը, որն արդեն կամակոր է դարձել IT գործառույթների հարցում, Snapchat-ի, Instagram-ի սերունդը, որը մեկ քլիքով հարց է լուծում։ Նրանք պատրաստ չեն մեծ ֆորմաների հետ աշխատել, ու ուղղակի չէին մտնում այս շուկա ու մեծ ճեղքված էր առաջացել: Նոր սերունդը նաև մոբայլ սարքերով շատ թույն քոնթենթ է ստեղծում, որի պահանջարկը կա։ Բացի դրանից շատ հետաքրքիր ու բովանդակալից կյանք են ապրում, ճաշակն էլ է լավը, շանս են ունեցել առնչվելու լավ թվային էսթետիկայի հետ և ուղղակի բավարարվում են այդ կադրերը Instagram գցելով և չեն մոնետիզացնում դա։
Ու սկսվեց…
Աշոտ․ Մենք առաջարկեցինք, որ լուսանկարիչները քոնթենթը տրամադրեն մեզ ու մնացած բոլոր հարցերը մենք կլուծենք պրոֆեսիոնալ մակարդակով՝ սկսած կոմերցիոն պոտենցիալի գնահատումից մինչև ամբողջ քոնթենթի նկարագրությունները, հեշթեգեր գրելը։ Լուսանկարիչները մեծ սիրով համաձայնեցին, ու սկսվեց գործընթացը։ Մենք սկսեցինք գտնել նրանց, մինչև այսօր էլ փնտրում ենք նման մարդկանց, ովքեր ստեղծում են լավ քոնթենթ, բայց չկան սթոք շուկայում ու իրենց ներգրավում ենք։
Ու իրականում այդ նույն մարդիկ, ովքեր չէին հավատում մեզ, ովքեր մեզ հիասթափեցրել էին, հիմա շատ խելոք օգտագործում են Wirestock-ը։ Այն ժամանակ ուղղակի մենք նոր խաղացող էինք ու բրենդի ճանաչելիության ու հավատի խնդիր կար:
Պրոֆեսիոնալ սթոք անողների մի շատ հին ֆորում կա, որտեղ սկզբից այդքան էլ լավ բաներ չէին գրում մեր մասին, իսկ հիմա առանձին քննարկումներ են գնում նույն մարդկանց մասնակցությամբ, թե ինչքան ու ինչպես են իրենք աշխատում մեզ մոտ։
Սկզբում միայն լուսանկարների հետ էինք աշխատում, հիմա և՛ ֆոտոյի, և՛ վիդեոյի, և՛ իլյուստրացիաների, և՛ վեկտորային գրաֆիկայի:
Անցում Մեքենայական ուսուցման (Machine Learning)
Վլադիմիր․ Լրիվ ձեռքով էինք անում այդ գործընթացները, վերջին ժամանակներում շեշտը դրել ենք մեքենայական ուսուցման (Machine Learning) ու խորը ուսուցման (Deep Learning) տեխնոլոգիաների վրա ու բավականին լավ լուծումներ ունենք: Սկսեցինք գործընկեր ընկերությունների հետ համագործակցելով, բայց այսօր արդեն մեր ներքին թիմն ենք հավաքում ու արդեն ունենք թիմ։
Ներկայումս մեզ է միացել Snapchat-ի մեքենայական ուսուցման ղեկավարներից մեկը, ով NVIDIA-ում է նաև աշխատել, ավարտել է Սթենֆորդի համալսարանը ու Sanpchat-ից եկել է Wirestock: Մեծ հույսեր ենք կապում, որ այս թևը էլ ավելի կուժեղացնենք, որովհետև գործառույթներ շատ ունենք, որ եթե կաողանանք բավականաչափ որակյալ ավտոմատացնել, ապա կարող ենք շատ ավելի մեծ ծավալների հետ աշխատել ու հետևել։ Մեր ներկայիս թիմով մոտ 300 հազար մեդիա ֆայլ ենք ամսական կարողանում կառավարել, բայց դա կարող է հասնել միլիոնների:
Աշոտ. Այս պահին ունենք 40 հազար ամսական օգտատեր և այս տարի պլանավորում ենք տասնապատկել՝ հասցնելով 400 հազարի։ Քոնթենթի վիճակագրությունով հիմա 5 միլիոն մեդիա ֆայլ ունենք, որը նույնպես տասնապատկելու պլաններ կան 2022-ին: Wirestock-ից աշխարհի 150 երկրից մարդ է օգտվում, շատ լայն է աշխարհագրությունը՝ ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա։ Հիմնական շուկան Արևմտյան Եվրոպան, ԱՄՆ-ը, Կանադան են, նաև իսպանախոս մեծ լսարան ունենք:
Հիմա արևելյան շուկայի վրա ենք աշխատում, նույնիսկ առանձին մարքեթինգային թիմ ունենք Ճապոնիայի ու Հարավային Կորեայի ուղղությամբ աշխատող։ Պահանջված քոնթենթ է արևելյանը ու համաշխարհային գիգանտ ընկերությունները նույնիսկ խնդիր ունեն ու դիմում են մեզ նրանց քոնթենթը ստանալու համար։
Բացի այդ, շատ ակտիվ մեր օգտատերերի հետ ենք շփվում, տարբեր կոնցեպտներ ենք իրենց հետ քննարկում ու պրոդուկտը ձևավորում: Նաև ստատիստիկական տվյալներ ունենք, թե ինչպես են օգտագործում գործիքը ու նկատել ենք, որ Wirestock-ը շատ ակտիվ սկսել են օգտագործել որպես պորտֆոլիո էջ՝ իրենց գործերը ցույց տալու հարթակ: Դրա համար ներմուծեցինք հենց պորտֆոլիոյից վաճառելու հնարավորությունը: Ավելացրել ենք նաև պոստերներ վաճառելու հնարավորությունը՝ գլոբալ առաքմամբ:
Uteach. հայկական ստարտափ, որը հեշտացնում է օնլայն դասավանդումը
Մարդիկ, ում վրա կառուցվում է Wirestock-ը, համասեփականատերեր են
Վլադիմիր. Մեր թիմում բոլորս նախկինում ստարտափներ fail արած մարդիկ ենք, մեզ արդեն ստարտափ fail անելով էլ չես վախեցնի։ Եթե Wirestock-ը 3 տարի հետո լինի լրիվ ուրիշ բան, քան այսօր է, ես միևնույն է գիտեմ, որ ես, Աշոտը, Միքայելը ու ամբողջ թիմը այն մարդիկ են, որոնց հետ ես ուզում եմ այդ կետում լինել: Մենք մեր գաղափարներին կրիտիկական ենք վերաբերվում, հազար հատ ֆունկցիա ենք կայքում սարքել ու հետո ջնջել: Այսինքն՝ լոկալ ինչ-որ էլեմենտների վրա բնականաբար մենք վիճում ենք, քննարկում ենք, չափում ենք էֆեկտիվությունը, ջնջում ենք պետք եղած դեպքում՝ առանց խղճի խայթի:
Թիմով փոքրիկ ավանդույթներ ունենք արդեն ձևավորած, ամեն ամառ երկու կամ ավելի շաբաթով գնում ենք քաղաքից դուրս ու հանգստանում, աշխատում ենք միասին, առօրյա ենք կիսում: Մեր թիմում կրեատիվ մարդիկ շատ են։ Երաժիշտները գերակռում են՝ DJ-ներ, երաժշտություն ստեղծողներ, կիթառահարներ, բիթբոքսերներ և այլն։ Սա էլ գալիս է մշակույթից, որի մեջ եփվում է Wirestock-ը: Երբ ստարտափում մարդ ես վերցնում թիմ, միգուցե կոմպետենցիաներից ավելի կարևոր է, որ մարդը լինի նույն գաղափարների, գաղափարախոսության կրողը։ Եթե չունես հավատ, որ սարքում ենք մի բան, որը վաղը արժենալու է հազար անգամ ավելի շատ, քան այսօր ոչ միայն փողային, այլ նաև տված արժեքի մասով, այդ դեպքում իմաստ չունի գալ ու աշխատել ստարտափում, որովհետև ստարտափում կյանքը շատ ավելի սուր գույներով է, բայց որպես հետևանք նաև շատ ծանրաբեռնված: Այդ մշակութային ինտեգրացիան ամենակարևորն է:
Իրականում ստարտափ եկողն ուղղակի ներդրող է՝ փողի փոխարեն քեզ ես ներդնում. ժամանակը, կոմպետեցիաները, ֆանտազիան, ինտելեկտը: Մենք շատ ուշադիր ենք դրան ու նաև դրա համար մեր բոլոր կարևոր մարդիկ, ում վրա կառուցվում է ընկերությունը Wirestock-ի համասեփականատեր են: Այսինքն՝ ինչպես բոլորս ներդրում ենք արել ու գնում ենք առաջ, նույն կերպ էլ բոլորը դառնալու են շահառու ընկերության բոլոր հաջողություններում։ Ընդհանուր կազմում ենք 100 հոգի, հիմնական թիմը՝ 40, ովքեր ունեն ակցիաներ: Բոլորն անխտիր ներդրող են ու, բնականաբար, բոլորն էլ պետք է ինչ-որ պահ տեսնեն, քաղեն, կիսեն արդյունքերը։
Աշոտ. Սա արևմուտքում տարածված մոդել է, իսկ Հայաստանում այնքան էլ տարածված չէ, քիչ-քիչ այստեղ էլ է տարածվում։ Մենք փորձում ենք տարածել այդ մշակույթը: Պարբերաբար ունենում ենք բաց հաստիքներ, այս պահին էլ թափուր հաստիքներ ունենք ծրագրավորողների համար, հաճախորդների հաջողության մասնագետի, քոնթենթի մասնագետների և այլն:
$2,3 մլն ներդրում
Աշոտ. Մինչև վերջին ներդրումն ունեցել ենք փոքր ծավալի ներդրումներ: Եղել են հրեշտակ ներդրողներ, ովքեր մեզ համար ծառայել են նաև որպես սուպերվայզերներ, մենթորներ: EIF-ից 2 անգամ գրանտ ենք ստացել, HIVE-ն էլ է ներդրում արել: Նաև Մալթայում աքսելերացիոն ծրագրի էինք մասնակցել, նույնիսկ մեր գործընկերը գնացել էր այնտեղ՝ ապրելու ու մասնակցելու ծրագրին, որի արդյունքում ստացել ենք ֆինանսական ներդրում:
Վլադիմիր. Wirestock-ն անցյալ տարի միլիոն դոլարի կարգի վաճառքներ է ունեցել, այսինքն՝ ֆինանսական առումով որպեսզի ընկերությունը շարունակի գործել ներդրման անհրաժեշտություն գուցե չկա, բայց երբ տեսնում ենք, որ ռեալ է 1 տարվա ընթացքում տասնապատկենք բոլոր բիզնես պարամետրերը արդեն այդ ժամանակ ռեսուրս է հարկավոր և ներդրողների կարիք է առաջանում: Բացի գումարից, ներդրողների մյուս լուրջ առավելությունը network-ն է: Երբ իրենց փակ խմբի անդամ ես դառնում, իրենք նույնպես շահագրգռվում են քո հաջողությամբ ու սկսում են քեզ ծառայեցնել այլ ռեսուրսներ էլ, քան գումարն է՝ կապեր կադրեր, մենթորություն և այլն:
Աշոտ. Օրինակ Vulcan Ventures-ը հարյուրավոր միլիարդների ֆոնդ է ու սովորաբար 10-100 միլիոն ներդնում են անում ստարտափների ամբողջ ճանապարհին՝ մինչև Series D ու հետո IPO և այլն: Մեր ռաունդն իրենց համար իրականում շատ փոքր է, բայց հավատացին մեզ ու ուրիշներն էլ միացան ու շատ սոլիդ խումբ հավաքվեց:
Համայնք ձևավորողն է դառնում այդ ակտիվի տերը
Աշոտ. Wirestock-ի օգտվողներն այսօր ուղղակի օգտվողներ չեն, այլ դարձել են համայնք, ստացվել է այնպես, որ կան շատ չատեր, խմբեր ու ֆորումներ, որտեղ օգտատերերը շփվում ու քննարկումներ են անում, ինչը մեզ համար շատ ուրախալի է:
Վլադիմիր. Աշխարհը գնացել է կոմունիկացիայի այն տեսակի, որ մարդիկ հետաքրքրությունների շուրջ են հավաքվում ու կապ չունի տարիքը, հավատքը և այլն։ Այս կոնտեքստում համայնք ձևավորողն է դառնում այդ ակտիվի տերը ու փաստացի այսօր 40 հազար օգտատերերից 5000-ն իրենց համարում են վայերսթոքցիներ, ու մենք ունենք նպատակ մեր օգտատերերի 25%-ը դարձնենք վայերսթոքցի՝ համայքի մի մաս։
Սա ինքնակազմակերպվող, ինքնակարգավորվող համակարգ է դառնում՝ հիմնված արդար մոդելի վրա: Մարդիկ արդարությունը տեսնում են ու դրա շուրջ սիրով դառնում են համայնք։
Wirestock-ը մեր կյանքի մասն է, ոչ թե գործը
Վլադիմիր. Իմ ամենակարևոր դասերից մեկը, որ ես քաղել եմ իմ նախկին ձախողումներից այն է, որ չես կարող լինել միաժամանակ ամեն ինչ, չես կարող անել և՛ պրոդուկտը, և՛ բիզնեսը, և՛ տեխնիկական մասը, և՛ ֆինանսներով զբաղվել: Կարևոր է, որ պատասխանատվությունները կիսելու ալգորիթմը լինի արդար և ամեն մեկը զբաղվի նրանով, ինչ կարող է։ Ստարտափ անելը սպրինտ չէ, որ արագ անցնես։
Ինդուստրիալ դարաշրջանի մոտեցումներ կան, բիզնես գաղափարի կանոներ կան, որոնք այս տեսակի բիզնեսի վրա հիմա չեն աշխատում։ Քանի որ ստարտափը շատ արագ աճող օրգանիզմ է, պետք է պատրաստ լինես որպես մարդ հետևից հասցնես, որովհետև ինչ-որ ժամանակ հետո շատ ռեալիստիկ է, որ դու ուղղակի ակտուալ չլինես այն կետում, որտեղ հասել է ստարտափը։ Պետք է պատրաստ լինես շատ ինտենսիվ աշխատել քեզ վրա։
Աշոտ. Համարում եմ, որ նոր ենք սկսել ու դեռ IPO չենք հասել։ Պետք է լինել անվախ ու ազատ մտքով: Շատ հաճախ նկատել եմ, որ մարդիկ միայն վերջնակետին են նայում: Իրականում բոլոր մտքերը պրոցեսում են առաջանում ու հենց այդ մտածելակերպով առաջնորդվելիս են նոր գաղափարները գալիս: Մեծ գաղափարները հեռու չեն ոչ մեկից։ Սա ճանապարհ է, որը շատ ուրախ է ու հետաքրիքր, ուղղակի պետք է մտնել դրա մեջ, փորձել, ձախողել ու պատրաստ լինել գնալ ոչ ստանդարտ որոշումների, կայացած կարծրատիպերը ջարդելու ճանապարհով: Այստեղ կարևոր է, որ հետիդ մարդիկ այնպիսին լինեն, որ իրենց հետ fail անելը տրավմա չլինի։ Wirestock-ը մեր կյանքի մասն է, ոչ թե գործը։
Ապրանքների Shazam: Տիգրան Չախալյանը HopShop-ի, ստարտափ սկսելու և մրցակիցների մասին
Ավելին ստարտափների, բիզնես էկոհամակարգի, ոգեշնչման պատմությունների ու տեխնոլոգիական նորությունների մասին ընթերցե՛ք նաև մեր Տելեգրամյան ալիքում՝ անցնելով հղումով։