FEMINNO-ն մեկնարկում է ամենամյա STEM խթանման մրցանակաբաշխություն ծրագիրը, որն ուղղված է խթանելու դպրոցահասակ աղջիկների հետաքրքրությունը STEM/ԲՏՃՄ (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտներում, նաև նպաստելու նրանց մասնագիտական կողմնորոշմանը։
Մասնակցել կարող են Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում ապրող 7-11-րդ դասարաններում սովորող աղջիկները։ Դիմելու վերջնաժամկետը մայիսի 10-ն է։
Կազմակերպիչները նշում են, որ այս հայտով մասնակցել չեն կարող անցած տարիներին նույն ծրագրին մասնակցած աղջիկները, նրանց համար առանձին ընտրություն է իրականացվում։
Մրցանակաբաշխությանը կարող եք մասնակցել, եթե հետաքրքրում են քիմիա, ֆիզիկա, երկրաչափություն, հանրահաշիվ, աստղագիտություն, աշխարհագրություն, կենսաբանություն, ինֆորմատիկա առարկաները։ FEMINNO-ն փնտրում է աղջիկների, որոնք պատրաստ են փորձել իրենց ուժերը STEM/ԲՏՃՄ ուղղություններում և ծրագրին միացած մենթորների աջակցությամբ կմիանան նախագծային աշխատանքների շուրջ թիմային մրցակցությանը։
Ծրագիրն ընթանալու է 3 փուլով՝
- առաջին փուլում հաստատվելու են թիմերը,
- երկրորդ փուլում, որը տեղի կունենա առցանց՝ առաջիկա ամռան ընթացքում, թիմերն իրենց մենթորների աջակցությամբ կզարգացնեն իրենց գաղափարը և կպատրաստվեն մրցույթի մասնակցությանը,
- երրորդ մրցութային փուլում թիմերը ներկայացնելու են իրենց նախագծերը, ինչի հիման վրա մասնագիտական հանձնաժողովն ընտրելու է հաղթողներին։
Մրցանակաբաշխության միջոցառումը տեղի կունենա Երևանում, որտեղ կպարգևատրվեն հաղթող թիմերը։












