Viva-ն հայտարարել է Հայաստանի առաջին 5G+ ցանցի գործարկման մասին։ Ընկերության փոխանցմամբ՝ ցանցն արդեն հասանելի է Երևանում, ինչպես նաև Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի քաղաքներում։
Նախագծի հաջորդ փուլում Viva-ն նախատեսում է ընդլայնել 5G+ ցանցի հասանելիությունը և մինչև տարեվերջ այն ապահովել Հայաստանի բոլոր քաղաքներում։ Հետագայում ցանցը փուլային կերպով հասանելի կդառնա նաև գյուղական համայնքներում և այլ բնակավայրերում։
Ընկերության հաղորդմամբ՝ 5G+-ը միայն ավելի բարձր արագության կամ ցանցի ցածր հապաղման մասին չէ։ Նոր ցանցը նախատեսված է թվային ծառայությունների հաջորդ սերնդի համար՝ ներառյալ արհեստական բանականությամբ աշխատող հավելվածները, IoT լուծումները, տվյալների իրական ժամանակում մշակումը, ինչպես նաև վիրտուալ, լրացված և խառը իրականության փորձառությունները։
Viva-ն նշում է, որ 5G+-ի ներդրման հիմքում ընկերության կողմից ռադիոսպեկտրի ռեսուրսների խոշոր ձեռքբերումն է։ 5G-ի համար հատկացված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունը հնարավորություն է տվել ներդնել Standalone 5G+ ցանց և զարգացնել հաջորդ սերնդի թվային ծառայություններ։
Երևանում 5G+ ցանցի ներդրումն իրականացվել է Nokia-ի տեխնոլոգիական լուծումներով, իսկ մարզերի քաղաքներում՝ Ericsson-ի աջակցությամբ։
Ըստ ընկերության՝ 5G/5G+-ի, IoT-ի և արհեստական բանականության կիրառումը կարող է առավել մեծ ազդեցություն ունենալ արդյունաբերական ռոբոտաշինության, խելացի արտադրության, կանխատեսող տեխնիկական սպասարկման, խելացի գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, խելացի քաղաքների և թվային երկվորյակների զարգացման վրա։
5G+-ը կարող է հիմք դառնալ նաև նոր ծառայությունների համար։ Դրանց թվում Viva-ն նշում է արհեստական բանականության վրա հիմնված խելացի զանգերը, երբ խոսքը կարող է իրական ժամանակում թարգմանվել զրուցակցի նախընտրած լեզվով և ուղեկցվել ենթագրերով, ինչպես նաև ամպային սմարթֆոնների գաղափարը, երբ սարքի հաշվողական ռեսուրսներն ու հավելվածները տեղակայվում են օպերատորի ամպային ենթակառուցվածքում։
Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի խոսքով՝ 5G+-ի ներդրման ազդեցությունը պետք է արտահայտվի թե՛ անհատ բաժանորդների ծառայությունների որակի բարձրացմամբ, թե՛ տնտեսության տարբեր ճյուղերի թվային վերափոխմամբ։
«Մենք վստահ ենք, որ 5G+-ը դառնալու է Հայաստանի թվային վերափոխման հաջորդ փուլի հիմնական շարժիչ ուժը», — նշել է նա։
Ընկերությունը նաև հայտնել է, որ հուլիսի 14-ից օգոստոսի 14-ը ներառյալ 5G+ ցանցի հասանելիություն ունեցող քաղաքների և գյուղերի սպասարկման կենտրոններում Viva-ի բաժանորդ դարձող օգտատերերը կստանան 50 ԳԲ ինտերնետ փաթեթ։
Ookla-ն Viva-ին շնորհել է Speedtest մրցանակ՝ որպես 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ամենաարագ բջջային ցանց ունեցող ընկերություն։












