2027 թվականի մարտից Հայաստանում նախատեսվում է գործարկել բնակարանային աջակցության նոր ծրագիր՝ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար։
Այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում հայտնել է նախարարության խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում ընտանիքները պետության 100 տոկոս սուբսիդավորմամբ կկարողանան բնակարան կամ առանձնատուն ձեռք բերել, ինչպես նաև անհատական բնակելի տուն կառուցել Հայաստանի մարզային բնակավայրերում։ Երևանում բնակարան ձեռք բերելու համար ծրագիրը չի գործի։
«Մեր բնակարանային ծրագրերում Երևանը որպես շահառու ուղղություն չի խրախուսվում։ Մենք տարածքային համաչափ զարգացման կողմնակից ենք, ուստի ծրագիրը նախատեսված է բացառապես մարզային բնակավայրերի համար»,- ասել է Ղարագյոզյանը։
Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ
Աջակցության չափը կախված կլինի ընտանիքում անչափահաս երեխաների թվից։ Յուրաքանչյուր երեխայի հաշվով նախատեսվում է տրամադրել 4 մլն դրամ։
Այսպիսով՝ 6 անչափահաս երեխա ունեցող ընտանիքը քաղաքային բնակավայրում տուն կամ բնակարան ձեռք բերելու համար կկարողանա ստանալ 24 մլն դրամ։ Գյուղական բնակավայրում տուն գնելու դեպքում ընտանիքին կտրամադրվի ևս 4 մլն դրամ, և աջակցության ընդհանուր չափը կհասնի 28 մլն դրամի։
Եթե ձեռք բերված կամ կառուցված բնակարանի արժեքը ցածր լինի ընտանիքին հասանելիք աջակցության գումարից, մնացորդից մինչև 2 մլն դրամ հնարավոր կլինի ուղղել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանը։
Ովքե՞ր կարող են օգտվել ծրագրից
Ծրագրից կարող են օգտվել 6 և ավելի երեխա ունեցող այն ընտանիքները, որոնց անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։
Ընտանիքի տարեկան ընդհանուր եկամուտը չպետք է գերազանցի 10 մլն դրամը։ Եկամուտների վերաբերյալ տվյալները ստուգվելու են ներկայացված հարկային հայտարարագրերի միջոցով։
Նշվել է նաև, որ ընտանիքը չպետք է 50 տոկոս կամ ավելի բաժնեմասով տիրապետի ընդհանուր առմամբ 50 մլն դրամից ավելի արժողությամբ անշարժ գույքի։
Համայնքներից ստացված տվյալներով՝ Հայաստանում բնակարանային աջակցության նոր ծրագրի հնարավոր շահառու է 643 ընտանիք։
Նրանցից՝
- 390 ընտանիքն ունի 6 անչափահաս երեխա,
- 143-ը՝ 7 երեխա,
- 76-ը՝ 8 երեխա,
- 26-ը՝ 9 երեխա,
- 5-ը՝ 10 երեխա,
- 2-ը՝ 11 երեխա,
- մեկ ընտանիք՝ 12 անչափահաս երեխա։
Գայանե Ղարագյոզյանի խոսքով՝ ծրագիրը նպատակ ունի բարելավել բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանները և նվազեցնել նրանց աղքատացման վտանգը։
Նա նշել է, որ մինչ այժմ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար առանձին բնակարանային ծրագիր չի իրականացվել։ Նախաձեռնությունը կարող է նաև խրախուսել ավելի քիչ երեխա ունեցող ընտանիքներին՝ հետագայում ավելի շատ երեխաներ ունենալ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Հայաստանում կա նաև 5 երեխա ունեցող ավելի քան 3 հազար ընտանիք։ Նրա խոսքով՝ հետագայում կարող է քննարկվել նաև այդ ընտանիքներին ավելի փոքր չափով բնակարանային աջակցություն տրամադրելու հնարավորությունը։











