Eleveight AI-ն ընդլայնում է ԱԲ գործարանը. գործարկումից մեկ ամիս անց հզորությունն ամբողջությամբ ամրագրված է

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Հայաստանում և Հարավային Կովկասում առաջին NVIDIA Blackwell-ով աշխատող արհեստական բանականության գործարանի` Eleveight AI-ի գործարկումից ընդամենը մեկ ամիս անց մեկնարկային հզորությունն ամբողջությամբ սպառվել է և ընկերությունն արդեն իսկ սկսել է ընդլայնման աշխատանքները:

«Արձագանքն ավելի արագ էր, քան մենք կանխատեսում էինք։ Մեր սկզբնական հաշվողական հզորությունն ամբողջությամբ ամրագրվեց ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում, և մենք արդեն կառուցում ենք առաջին փուլի հաջորդ հատվածը (Stage 2)։ Սա հաստատում է, որ տարածաշրջանում ինքնիշխան, բարձրակարգ ԱԲ հաշվողական ենթակառուցվածքի պահանջարկն իրական է։ Մեր նպատակն է պատասխանատու կերպով ընդլայնել այդ ենթակառուցվածքը և ամրապնդել Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային ԱԲ կենտրոն», — նշել է Eleveight AI-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը։

Գործարանի ներկա 1,5 ՄՎտ հզորությունն ամբողջությամբ սպառվել է։ Առաջին փուլի ընդլայնման շրջանակում, նախատեսվում է ավելին քան եռապատկել ներկա հզորությունը հասցնելով 5 ՄՎտ-ի։ Իսկ երկրորդ փուլի ավարտին գումարային հզորությունը կհասնի 40 ՄՎտ-ի։ Այս տեմպն արտացոլում է Հայաստանից և միջազգային շուկաներից եկող աճող պահանջարկը։

Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում կառուցված ԱԲ գործարանը Հայաստանում և Հարավային Կովկասում NVIDIA Blackwell տեխնոլոգիայով աշխատող առաջին ԱԲ գործարանն է, ինչպես նաև 120 մլն դոլար ներդրումային ծրագրի առաջին փուլը, որից 70 մլն դոլարն արդեն իրականացվել է։ Այն աշխատում է 512 NVIDIA Blackwell B300 GPU-ներով և հասանելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հաճախորդների համար՝ առանձնացված (dedicated) և համատեղ (shared) հասանելիության մոդելներով։

NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանն այս առիթով նշել է. «Ագենտային և ֆիզիկական ԱԲ-ն վերափոխում են տվյալների կենտրոնները՝ դրանք դարձնելով ինտելեկտի արտադրության գործարաններ։ Հայաստանում NVIDIA Blackwell ենթակառուցվածք ներդնելով՝ Eleveight AI-ն հիմք է դնում ինքնիշխան ԱԲ էկոհամակարգի համար՝ տարածաշրջանի հետազոտողներին և կազմակերպություններին հնարավորություն տալով կառուցել ու կիրառել առաջատար ԱԲ մոդելներ»։

ԱԲ տվյալների կենտրոնը պաշտոնապես գործարկվեց հունիսի 1-ին կառավարության, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների և միջազգային գործընկերների հետ միասին «Միջուկի Բացահայտումը» միջոցառման շրջանակներում նախագծի մեկնարկը ազդարարեց ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով վերջինիս ռազմավարական կարևորությունը. «ԱԲ գործարանը դնում է Հայաստանի ապագա տնտեսության հիմնաքարերից մեկը։ Այս նախագծով Հայաստանը դառնում է ոչ միայն առաջադեմ տեխնոլոգիաների սպառող և կիրառող, այլև դրանք ստեղծող և համաշխարհային շուկային առաջարկող երկիր»։

Ինքնիշխան ԱԲ ենթակառուցվածքի նկատմամբ պահանջարկն աշխարհում արագ աճում է։ Fortune Business Insights-ի կանխատեսմամբ՝ մինչև 2034 թվականը այդ շուկան կհասնի 1,13 միլիարդ դոլարի։ Այս աճող պահանջարկին արձագանքելով՝ Eleveight AI-ը հայտարարել է, որ պատրաստ է ոչ միայն բավարարել շուկայի կարիքները, այլև ընդլայնել իր մասշտաբները դրան զուգահեռ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները