Mankind Pharma-ն և Denovo Sciences-ը միավորում են ուժերը՝ AI-ով առաջնորդվող նորարարությունը խթանելու նպատակով

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Հնդկաստանի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկը` Mankind Pharma-ն հայտարարել է Denovo Sciences-ի հետ ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին՝ արհեստական բանականությամբ (ԱԲ) առաջնորդվող դեղերի հայտնագործման ծրագիր իրականացնելու նպատակով։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է ընկերության՝ նորարարության վրա հիմնված և առաջատար տեխնոլոգիաներով աջակցվող հետազոտությունների ու մշակումների (R&D) ռազմավարության իրականացման ճանապարհին։ Համագործակցությունը միավորում է Mankind Pharma-ի հզոր հետազոտական և մշակման կարողությունները, լաբորատոր ենթակառուցվածքներն ու կլինիկական մշակման փորձառությունը Denovo Sciences-ի՝ արհեստական բանականությամբ առաջնորդվող մոլեկուլների նախագծման և դեղանմանության ուսումնասիրման սեփական տեխնոլոգիական հարթակի հետ։ Երկու կազմակերպությունները համատեղ կաշխատեն human-in-the-loop («մարդու մասնակցությամբ») մոդելով, որի շրջանակում արհեստական բանականությունը կստեղծի և կգնահատի դեղանման միացությունների թեկնածուներին, իսկ լաբորատոր փորձագետները յուրաքանչյուր փուլում կուղղորդեն, կվավերացնեն և կկատարելագործեն ստացված արդյունքները։

Համագործակցությունը կենտրոնացած է երեք հիմնական նպատակների վրա՝ կրճատել դեղերի հայտնագործման վաղ փուլի տևողությունը, բարձրացնել դեղանման թեկնածուների որակը և ապահովել, որ հետագա զարգացման փուլեր անցնեն միայն զարգացման առավել բարձր ներուժ ունեցող դեղանման թեկնածուները։ Հայտնագործման վաղ փուլերում կիրառելով հաշվարկային բարձր ճշգրտությամբ մոտեցումներ՝ երկու գործընկերներն էլ նպատակ ունեն նվազեցնել այն ժամանակն ու ռեսուրսները, որոնք ծախսվում են դեղանման թեկնածուների վրա, որոնք հետագայում կարող են չարդարացնել ակնկալիքները։ 

Երկու կազմակերպություններն էլ ընդգծում են, որ համագործակցության գլխավոր նպատակը հիվանդների համար առավել արդյունավետ լուծումների ստեղծումն է։ Հայտնագործման ավելի արագ փուլերը և թեկնածուների ավելի ճշգրիտ ընտրությունը հնարավորություն կտան հիվանդներին ավելի շուտ հասանելի դարձնել տարբերակված, արդյունավետ և մատչելի բուժումները։

«Դեղերի հայտնագործումը միշտ եղել է երկարատև և մեծ անորոշություններով ուղեկցվող գործընթաց, իսկ այդ անորոշությունները անմիջական ազդեցություն են ունենում հիվանդների կյանքի վրա։ Denovo Sciences-ի հետ մեր համագործակցության նպատակն է կիրառել լավագույն հասանելի տեխնոլոգիաները՝ դեղերի հայտնագործման գործընթացն ավելի արագ, ճշգրիտ և արդյունավետ դարձնելու համար։ Արհեստական բանականությունը մեզ հնարավորություն է տալիս ուսումնասիրել ավանդական մեթոդներով անհասանելի չափերի մոլեկուլային տարածք, իսկ human-in-the-loop մոդելը երաշխավորում է, որ յուրաքանչյուր որոշման հիմքում մնան գիտական խստությունն ու փորձագիտական գնահատականը։ Մենք համոզված ենք, որ հենց այսպիսի ներդրումներն են ձևավորելու Mankind Pharma-ի հետազոտությունների և մշակումների հաջորդ փուլը»,– ասել է Mankind Pharma-ի գործառնական տնօրեն Արջուն Ջունեջան։

Denovo Sciences-ի համար այս համագործակցությունը կարևոր հնարավորություն է սեփական տեխնոլոգիաները լայնածավալ կիրառելու առաջատար դեղագործական գործընկերոջ հետ։ Այն նաև նպաստում է ընկերության ռազմավարական նպատակին՝ արհեստական բանականության տեխնոլոգիաները վերածել ավելի արդյունավետ դեղերի թեկնածուների, որոնք հետագայում կարող են հիմք դառնալ հիվանդների համար նոր և ավելի արդյունավետ բուժման տարբերակների ստեղծման համար։

«Mankind Pharma-ի հետ համագործակցությունը լիովին համապատասխանում է Denovo Sciences-ում մեր ձևավորած տեսլականին և տեխնոլոգիական մոտեցմանը։ Մեր հարթակը մշակվել է այնպես, որ հնարավորություն է տալիս համագործակցել նոր դեղամիջոցների հայտնագործման համար աշխատող ցանկացած փորձառու թիմի հետ՝ ավելի կարճ ժամանակում բացահայտելով առավել խոստումնալից թեկնածուներ։ Mankind Pharma-ն բերում է հետազոտությունների և մշակումների (R&D) հարուստ փորձ և դեղերն ավելի մատչելի դարձնելու հետևողական հանձնառություն։ Միասին մենք կիրառում ենք մեր սեփական արհեստական բանականության տեխնոլոգիաները հենց այնտեղ, որտեղ դրանք կարող են ունենալ ամենամեծ ազդեցությունը՝ դեղերի հայտնագործման ամենավաղ փուլում, երբ ճիշտ որոշումները կարող են խնայել առավել շատ ժամանակ և ռեսուրսներ»,– ասել է Denovo Sciences-ի գլխավոր գործադիր տնօրեն Հովակիմ Զաքարյանը։

Mankind Pharma-ի համար այս համագործակցությունը խորհրդանշում է կարևոր անցում ավանդական դեղերի հայտնագործման մեթոդներից դեպի արհեստական բանականության վրա հիմնված նորարարական մոտեցումներ։ Վերջին տարիներին ընկերությունը հետևողականորեն զարգացնում է իր հետազոտությունների և մշակումների (R&D) ուղղությունը, իսկ Denovo Sciences-ի հետ համագործակցությունը մինչ օրս նրա ամենահամարձակ և ռազմավարական քայլն է՝ արհեստական բանականությունը դեղերի մշակման գործընթացի առանցքային գործիքներից մեկը դարձնելու ճանապարհին։

Կարդացե´ք նաև

AI-ը՝ դեղագործությունում․ հայկական Denovo Sciences-ը կրճատում է դեղերի ստեղծման ժամանակը

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները