Եվրահանձնաժողովը մշակում է Հայաստանի տնտեսությանն աջակցող հրատապ միջոցառումների փաթեթ՝ նպատակ ունենալով փոխհատուցել հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումների հետևանքները։
Ինչպես հաղորդում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները, այս աջակցության առանցքային քայլերից մեկը լինելու է Հայաստանից արտահանվող արտադրանքի մաքսատուրքերի նվազեցումը։ Ակնկալվում է, որ համապատասխան առաջարկները պաշտոնապես կներկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում, որոնց վերջնական հաստատման համար կպահանջվի ԵՄ անդամ երկրների մեծամասնության համաձայնությունը։
Նախատեսվող մաքսային արտոնությունները կտարածվեն այն շուրջ 20 կատեգորիայի ապրանքների մեծ մասի վրա, որոնց մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելվել է։
Պարբերականի աղբյուրները մատնանշում են հայկական ապրանքների արտահանման հետ կապված որոշակի օբյեկտիվ բարդություններ։ Մասնավորապես, քանի որ Հայաստանը չունի դեպի ծով ելք, շուտ փչացող ապրանքների տեղափոխումը լոգիստիկ լուրջ մարտահրավերներ է ստեղծում, իսկ հայկական կոնյակի ներմուծման հնարավոր ծավալների մեծացումը կարող է առաջացնել ֆրանսիացի արտադրողների դժգոհությունը։












