Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվեց անփոփոխ՝ 6.50%

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 2026 թվականի հունիսի 16-ի նիստում որոշում է կայացրել անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6.50%։ Գլխավոր դրամատան որոշմամբ՝ անփոփոխ են մնացել նաև ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները՝ կազմելով համապատասխանաբար 8.00% և 5.00%: Այս քայլով Խորհուրդը փորձում է հավասարակշռել տնտեսության զարգացման երկկողմանի ռիսկերը և կառավարել համաշխարհային ու ներքին շուկաներում առկա բարձր անորոշությունները։

Տոկոսադրույքի պահպանման որոշումը հիմնականում թելադրված է գնաճային զարգացումներով, քանի որ 2026 թվականի երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է մնալ թիրախից բարձր՝ մայիսին արձանագրելով 4.2% ցուցանիշ։ Ավելին, 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է և հասել 5.1%-ի։ Չնայած 2026 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է տնտեսական աճի որոշակի դանդաղում՝ կազմելով 4.0%, այն դեռևս պահպանվում է հարաբերականորեն բարձր մակարդակում՝ գլխավորապես շինարարության և ծառայությունների ճյուղերի ակտիվության հաշվին։ Տնտեսությունում նկատվում են բարձր պահանջարկի պայմաններ, որոնց ընդլայնմանը զգալիորեն նպաստել է նաև հունվար-մայիս ամիսներին զբոսաշրջային հոսքերի շուրջ 20% պատմականորեն բարձր աճը։

Անդրադառնալով ապագա անելիքներին՝ Կենտրոնական բանկը դիտարկել է տարբեր սցենարներ՝ հաշվի առնելով էներգակիրների գների տատանումներն ու արտահանման առանձին շուկաներում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում և Ռուսաստանում, առաջացած խնդիրները։ Գլխավոր դրամատունը հավաստիացնում է, որ կշարունակի մշտադիտարկել իրավիճակը՝ պատրաստ լինելով ձեռնարկել համարժեք քայլեր միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար։

Աղբյուրը՝ Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն, 2026 թ․ 2-րդ եռամսյակ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները