Վերականգնվող էներգետիկայի ոլորտից դեպի կապիտալի շուկա. Հայաստանում արևային էլեկտրակայանների լայն պորտֆել կառավարող և 8 կայան միավորող «Սոլիս» ընկերությունը, որն ակտիվորեն նպաստում է մեր երկրի էներգետիկ անկախությանն ու ոլորտի զարգացմանը, առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել։
«Սոլիս»-ի պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնում է կապիտալի շուկայի առաջատար Ամերիաբանկը: Պարտատոմսերը հասանելի են Ameriabank-ի MyInvest հարթակում՝ ներդրողներին առաջարկելով բավականին բարձր եկամտաբերություն։ Մեկ պարտատոմսի արժեքը 100 դոլար է, նվազագույն ներդրումը՝ 5 հատ։
Սոլիս ընկերության պարտատոմսերում ներդրում կատարելով, ներդրողը, ըստ էության, ներդրում է կատարում նաև շրջակա միջավայրի պահպանության մեջ։ Ընկերության ընդհանուր 34 ՄՎտ հզորությամբ կայանները տարեկան արտադրում են 64 ԳՎտժ /գեգավատ ժամ/ էլեկտրաէներգիա: Սա բավարարում է ավելի քան 23,500 տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Արևային էլեկտրակայանների շահագործման արդյունքում հնարավոր է կրճատել տարեկան մոտ 27,750 տոննա CO₂ արտանետում:
Պարտատոմսերի տեղաբաշխումը մեկնարկել է հունիսի 4-ին և կավարտվի հուլիսի 30-ին, կամ ավելի վաղ, եթե ամբողջ ծավալը շուտ վաճառվի։ Առաջնային տեղաբաշխումից հետո ընկերությունը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։
Դիտե՛ք մանրամասները ռեպորտաժում












