Գրաֆիկական պրոցեսորների և արհեստական բանականության համար չիպեր արտադրող ամերիկյան Nvidia ընկերության բաժնետոմսերը օրերս աճել են 9%-ով՝ առաջին եռամսյակի խոստումնալից ֆինանսական արդյունքների հրապարակման ֆոնին:
Արդյունքում Nvidia-ի շուկայական արժեքը հասել է 2,62 տրիլիոն դոլար «աստղաբաշխական մակարդակի»։ Ընկերությունն այս ցուցանիշով ԱՄՆ-ում զբաղեցնում է երրորդ տեղը Microsoft-ից և Apple-ից հետո:
Ավելին, Nvidia-ի կապիտալիզացիան արդեն գերազանցել է Գերմանիայի Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում վաճառվող բոլոր ընկերությունների ընդհանուր արժեքը։ Իսկ 2,62 տրիլիոն դոլարն ավելին է, քան օրինակ՝ Կանադայի, Բրազիլիայի կամ Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը:
Բաժնետոմսերի կտրուկ աճին նախորդել էր տպավորիչ ֆինանսական արդյունքների հրապարակումը։ Եռամսյակային եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 262%-ով և կազմել 26 մլրդ դոլար, իսկ զուտ եկամտի աճն էլ ավելի տպավորիչ է՝ 628%՝ հասնելով մինչև 14,9 մլրդ դոլարի:
Վերլուծաբանները Nvidia-ի շահույթի և կապիտալիզացիայի արագ աճը կապում են արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման սարքավորումների ամենաբարձր պահանջարկի հետ:
Այսօր ընկերությունը վերահսկում է նեյրոնային ցանցերի և AI այլ հավելվածների համար օպտիմիզացված գրաֆիկական պրոցեսորների համաշխարհային շուկայի առյուծի բաժինը: Մասնավորապես, ընկերության առաջատար արտադրանքը H100 սերիայի AI արագացուցիչներն են, որոնք նախատեսված են համակարգչային տեսողության համակարգերում հաշվարկների, բնական լեզվի մշակման, ռոբոտաշինության և այլ ոլորտներում, որտեղ ակտիվորեն օգտագործվում են մեքենայական ուսուցման ալգորիթմները:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: