Առաջարկվում է ներդնել IMEI միասնական համակարգ՝ ներմուծված բջջային հեռախոսների հետևողականության համար

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Օրենքի նոր նախագիծ․ առաջարկվում է ներդնել IMEI միասնական համակարգ՝ ներմուծված բջջային հեռախոսների հետևողականության համար։

Կառավարությունը հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։

Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում, չմաքսազերծված, օրինակ՝ կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառություն, որի պատճառով էլ կարող են լինել հարկային կորուստներ, շուկայի մրցակցության խաթարում և տեխնիկական ու անվտանգության ռիսկերի աճ։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ներդնել արդյունավետ համակարգ ներմուծված բջջային հեռախոսների ամբողջական գրանցման և հետևողականության ապահովման համար՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։ IMEI միասնական համակարգի ներդրումը հնարավորություն կտա համադրել մաքսային տվյալները, օպերատորների ակտիվացումները և միջազգային ռեգիստրները՝ թույլատրելով միայն օրինական ներմուծված բջջային հեռախոսների ակտիվացում։

Ըստ կառավարության՝ սա կնվազեցնի ապօրինի շրջանառությունը, կբարձրացնի պետական վերահսկողությունն ու կխթանի հանրային անվտանգությունը։ Առաջարկվող իրավական կարգավորումը ներառում է պարտադիր IMEI գրանցում օրինական ներմուծման պահից, միաժամանակ սահմանափակումներ է մտցնում կոդերի կրկնօրինակման, փոփոխման և չմաքսազերծված սարքերի ակտիվացման նկատմամբ: Նախագծի ընդունումը կնպաստի նաև բջջային կապի օպերատորների անդամակցությանը միջազգային տվյալների շտեմարաններին, որտեղ ֆիքսվում են միջազգային զեղծարարությունները։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է, և մենք ինչ անում ենք՝ այդ շուկան  շարունակում է իր գործը: Եվ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, չի աշխատելու։ Սա արդարացված է»։

Նախագծի փաթեթին անդրադարձել է տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Արթուր Պապյանը՝ «Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։ Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու անմեղ՝ «պայքար ստվերի դեմ», «հեռախոսների գողության կանխում»,- գրել է Պապյանը իր Ֆեյսբուքի էջում։

Ըստ Պապյանի՝ ստեղծվող հսկա բազան, որտեղ կապվելու են ձեր անձնագիրն ու անձնական տվյալները, հեռախոսի կոդը (IMEI) և բոլոր SIM/eSIM քարտերը, պարզապես հարկային գործիք չի լինելու, այլ թույլ կտա պետությանը ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում։

«Եթե ամեն րոպե 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալ պարունակող այդ բազան խափանվի, օպերատորները ստիպված են լինելու անջատել ձեր կապը։ Իսկ մենք գիտենք, թե ինչպես են աշխատում պետական բազաները, օրինակ՝ առաջին դասարանցիների գրանցման բազան, որը այս շաբաթ ընդամենը մի 20,000 ծնողի պիտի միաժամանակ սպասարկեր, բայց ուղղակի չէր աշխատում»,- սա հաջորդ վտանգավոր կետն է՝ ըստ Արթուր Պապյանի։

«Նախագծում կա վտանգավոր մի կետ՝ Ադմինիստրատորը կարող է այս բազայի տվյալներով «թվային այլ ծառայություններ» մատուցել պետական ու տեղական մարմիններին կամ նույնիսկ մասնավոր ընկերություններին։ Այսինքն՝ տվյալները, որոնք հավաքվում են իբր «մաքսանենգության դեմ պայքարի» համար, վաղը կարող են օգտագործվել բոլորովին այլ՝ մեզ անհայտ նպատակներով։

Մեկ տեղում ամբողջ հանրապետության հեռախոսների ու քաղաքացիների տվյալների կենտրոնացումը երազանք է ցանկացած կիբեռհանցագործի համար։ Եթե այս բազան կոտրվի (իսկ անխոցելի համակարգեր չկան), յուրաքանչյուրիս անվտանգությունը կդրվի հարվածի տակ։

Իսկ հիմա ամենակարևորը. նախագծի հեղինակները պնդում են, որ սա կօգնի գողությունների դեմ։ Եկեք անկեղծ լինենք. Ձեզնից քանիսի՞ կամ ձեր ընկերների հետ է պատահել այսպիսի դեպք․ գողացել են հեռախոսը, դուք տուփով, IMEI կոդով դիմել եք ոստիկանություն, բայց այդպես էլ ոչ մի օգնություն չեք ստացել։ Մինչդեռ սիրտս վկայում է՝ եթե խոսքը ցուցարարների կամ քննադատ լրագրողների մասին լինի, հինգ րոպեից IMEI-ով տեղը կհայտնաբերեն ու մասկի֊շոու կանեն»,- նշել է Պապյանը գրառման մեջ։

Գրառման մեկնաբանություններում ակտիվ քննարկում է ծավալվել, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջարկել է ԱԺ-ում հանդիպել և քննարկել մի քանի կողմերի հետ։ Առաջարկին արձագանքել է պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ առաջիկայում կարող են կազմակերպել այն։

ԱԺ-ում օրենսդրական փաթեթի առաջին ընթերցումը նախատեսված է սեպտեմբերին։

Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Արթուր Պապյանը հրապարակել է նաև dpHUB տվյալների պաշտպանության կենտրոնի փորձագիտական գնահատականը։

Ըստ որի՝ նախագծերի փաթեթը չի համապատասխանում անձնական տվյալների մշակման օրինականության սկզբունքին և ունի առերեւույթ կիսատ կարգավորումներ կամ այնպիսի հարցեր, որոնք առաջին հայացքից հաշվի չեն առնվել։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները