Իլոն Մասկի SpaceX ընկերությունը համաձայնել է ձեռք բերել AI ծրագրավորման գործիք Cursor-ի մշակող Anysphere ստարտափը։ Գործարքի արժեքը գնահատվում է 60 միլիարդ դոլար, իսկ վճարումը կիրականացվի SpaceX-ի բաժնետոմսերով։
Reuters-ի և Bloomberg-ի փոխանցմամբ՝ Anysphere-ի բաժնետերերը կստանան SpaceX-ի բաժնետոմսեր, իսկ գործարքի ավարտը նախատեսվում է 2026 թվականի երրորդ եռամսյակում։
SpaceX-ը դեռ ապրիլին էր հայտարարել Cursor-ի մշակող ընկերությունը ձեռք բերելու մտադրության մասին։ Այդ ժամանակ կողմերը պայմանավորվել էին, որ եթե գործարքը չկայանա, SpaceX-ը Anysphere-ին կվճարի 10 միլիարդ դոլար փոխհատուցում՝ համագործակցության պայմանավորվածությունները խզելու համար։
Cursor-ը գործարկվել է 2023 թվականին և արագորեն դարձել է ծրագրավորողների շրջանում ամենահայտնի արհեստական բանականությամբ գործիքներից մեկը։ Այն համատեղում է կոդի խմբագրիչն ու AI հնարավորությունները՝ օգնելով մշակողներին ավելի արագ գրել և կատարելագործել ծրագրային կոդը։ 2025 թվականի նոյեմբերին ստարտափը գնահատվել էր 29 միլիարդ դոլար։ Նրա ներդրողների թվում էին Nvidia-ն, Google-ը, OpenAI-ի վենչուրային հիմնադրամը, ինչպես նաև Andreessen Horowitz-ը, Thrive Capital-ը, Accel-ը և DST Global-ը։
Anysphere-ի ձեռքբերման մասին հայտարարվել է SpaceX-ի բորսա դուրս գալուց ընդամենը մի քանի օր անց։ Ընկերությունը IPO-ի շրջանակում ներգրավել է 85,7 միլիարդ դոլար, իսկ բաժնետոմսերի գինը տեղաբաշխումից հետո կտրուկ աճ է գրանցել։
Հունիսի 16-ի տվյալներով՝ SpaceX-ի շուկայական կապիտալիզացիան հասել է 2,75 տրիլիոն դոլարի, սակայն հունիսի 23-ի դրությամբ կայունացել է մոտ 2,03 տրիլիոն դոլարի սահմաններում: Այս ցուցանիշով ընկերությունը զբաղեցնում է աշխարհի խոշորագույն հանրային ընկերությունների 6-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն տեխնոլոգիական հսկաներ Microsoft-ին, Nvidia-ին, Alphabet-ին (Google), Apple-ին և Amazon-ին:












