ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար։ OpenAI միջազգային թվային հարթակի պատվիրակությանը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու կրթական գործիքը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է պատվիրակությանը։
Նոր ուսումնական տարվա մեկնարկին Հայաստանի կրթական, ինժեներական և գիտահետազոտական համայնքները մոտ 50 հազար անվճար բաժանորդագրություն կստանան՝ ԿԳՄՍՆ-ի, OpenAI-ի և Firebird ընկերությունների համագործակցության արդյունքում։ Մինչև սեպտեմբեր պետք է իրականացվեն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ և վերապատրաստման դասընթացներ՝ ապահովելով գործընթացի մեկնարկը նոր ուսումնական տարվանից։
Նախարարի խոսքով՝ այս գործընկերությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի կրթական համակարգի համար, քանի որ երկրում արդեն իսկ ձևավորվել է արհեստական բանականության կրթության և կիրառման զարգացման կայուն հիմք։ Հանրակրթական դպրոցներում իրականացվում են «Արհեստական բանականության սերունդ» և «STEP.ai» կրթական ծրագրերը, որոնք նպաստում են սովորողների ԱԲ-ի հիմնարար գիտելիքների, ստեղծարար մտածողության և տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը, նաև ԱԲ գործիքների անվտանգ, պատասխանատու և արդյունավետ կիրառմանը։
Արհեստական բանականության կրթական ծրագրեր են ներդրվում նաև միջին մասնագիտական և բարձրագույն կրթության մակարդակներում․ 2026 թվականի սեպտեմբերից ԵՊՀ-ում կներդրվի նաև ԱԲ ուղղության նոր բակալավրի կրթական ծրագիր:
OpenAI հարթակի համագործակցության պատասխանատու Ալինա Լեոնն ընդգծել է Հայաստանի հետ գործընկերության կարևորությունը՝ նշելով, որ գործակցության հիմնական ուղղություններից են կրթական համակարգում արհեստական բանականության պատասխանատու և անվտանգ կիրառման խթանումը, նաև դասավանդողների և սովորողների կարողությունների զարգացումը՝ տեխնոլոգիական գործիքներն արդյունավետ օգտագործելու նպատակով։
Նախաձեռնության մեկնարկային փուլում՝ 2026-2027 ուսումնական տարում, ChatGPT Edu հարթակի հասանելիությունը կապահովվի «Firebird» ընկերության ֆինանսավորմամբ։ Ծրագրի արդյունավետության և կրթական արդյունքների վրա ազդեցության գնահատումից հետո կդիտարկվի ծրագրի պետական ֆինանսավորման հնարավորությունը՝ այն ազգային կրթական համակարգում որպես կայուն և երկարաժամկետ բաղադրիչ ներառելու նպատակով։












