Հայաստանն ու ԱՄՆ-ն Pax Silica գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության համատեղ հայտարարություն։
ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ փաստաթուղթը հունիսի 25-ին Վաշինգտոնում, Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ստորագրել են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։
Համատեղ հայտարարությունը նախատեսում է համագործակցության խորացում երեք հիմնական ուղղություններով.
- ԱԲ-ի զարգացման համար բարենպաստ կարգավորող և ներդրումային միջավայրի ձևավորում,
- արհեստական բանականության մատակարարման շղթաների ամրապնդում՝ ներառյալ կիսահաղորդիչների, կրիտիկական հանքանյութերի, էներգետիկ ենթակառուցվածքների և մասնագետների պատրաստման ոլորտները,
- մասնավոր ներդրումների, գիտահետազոտական և զարգացման ծրագրերի, տվյալների կենտրոնների ստեղծման և բարձր հաշվողական հզորությունների հասանելիության ընդլայնում։
Նախաձեռնության նպատակն է խթանել վստահելի և նորարարության վրա հիմնված արհեստական բանականության զարգացումը, որն ուժեղացնելու է երկու երկրների տնտեսական համագործակցությունն ու տեխնոլոգիական կարողությունները։ Նշվում է նաև, որ «ԱԲ հնարավորությունների գործընկերություն» համատեղ հայտարարությանը միացել են նաև այլ մասնակից և դիտորդ երկրներ։












