Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) ընդլայնել է Հայաստանի ձկնային արտադրանքի նկատմամբ սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով ևս երկու հայկական ընկերության արտադրանքի սերտիֆիկացումը՝ մինչև նախկինում արձանագրված խախտումների վերացումը, գրում է ТАСС-ը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ այս որոշման արդյունքում ժամանակավորապես դադարեցվում են Հայաստանից Ռուսաստան ամբողջ ձկնային արտադրանքի մատակարարումները։
Ռոսսելխոզնադզորը հիշեցրել է, որ ավելի վաղ հայկական կողմին առաջարկել էր ժամանակավորապես դադարեցնել բոլոր ձկնային արտադրանքի սերտիֆիկացումը՝ բացառությամբ ստուգումներին անմիջականորեն մասնակցած «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ընկերությունների։ Այդ ընկերությունների նկատմամբ սահմանվել էր ուժեղացված լաբորատոր վերահսկողություն։
Սակայն հետագայում, ստուգումների արդյունքների վերլուծությունից հետո, նախնական զեկույց է կազմվել, և մինչև հայտնաբերված խախտումների վերացումն ու անհրաժեշտ հաստատող փաստաթղթերի ներկայացումը, որոշում է կայացվել նաև այդ երկու ընկերությունների արտադրանքի սերտիֆիկացումը ժամանակավորապես դադարեցնել։
Ռոսսելխոզնադզորը նշել է, որ շարունակում է համագործակցել հայկական կողմի հետ՝ ռուսական շուկա մատակարարվող ձկան և ձկնային արտադրանքի անվտանգության ապահովման ուղղությամբ։












