Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը համընդհանուր համաներում է հայտարարել սոցցանցի արգելափակված օգտահաշիվների համար, այս մասին հայտարարել է նա՝ իր թվիթերյան էջում։
Օրեր առաջ՝ նոյեմբերի 23-ին Twitter-ի նոր սեփականատերը օգտատերերի շրջանում հարցում էր անցկացրել, թե արդյոք սոցիալական ցանցը պետք է համընդհանուր համաներում իրականացնի արգելափակված հաշիվների համար։
Հարցմանը մասնակցել է ավելի քան 3.1 մլն օգտատեր, որոնցից 72%-ը քվեարկել է համաներման օգտին:
«Ժողովուրդը խոսեց։ Համաներումը կսկսվի հաջորդ շաբաթ: Vox Populi, Vox Dei (լատ.՝ Ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է)», – գրել է Մասկը:
Համաներում կշնորհվի այն օգտատերերին, ովքեր «չեն խախտել օրենքը կամ չեն զբաղվել աղաղակող սպամի տարածմամբ»։
«Թվային ատելության դեմ պայքարի կենտրոն» քարոզչական խումբը հայտարարել է, որ ատելություն պարունակող բովանդակություն տարածողները կվերադառնան հարթակ այս քայլից հետո, և կոչ է արել գովազդատուներին դադարեցնել Twitter-ի ֆինանսավորումը:
Չնայած դրան՝ Reuters-ը հայտնել է, որ Մասկը խոստացել է գովազդատուներին թույլ չտալ, որ Twitter-ը վերածվի «բոլորի համար բաց դժոխքի»։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։