Apple-ի ամենամյա WWDC 2026 համաժողովի գլխավոր թեման արհեստական բանականությունն էր։ Ընկերությունը ներկայացրեց Apple Intelligence-ի զգալիորեն ընդլայնված հնարավորությունները, նոր Siri AI օգնականը, ինչպես նաև iOS 27-ը և մյուս օպերացիոն համակարգերի նոր տարբերակները։
Միջոցառումը բացվեց տիեզերքից iPhone-ով արված Երկրի լուսանկարների տեսանյութով, որից հետո ելույթ ունեցավ Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը։ Նա նաև հայտարարեց, որ այս ներկայացումն իր վերջին WWDC-ն է որպես Apple-ի ղեկավար․ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ընկերության գլխավոր տնօրեն կդառնա ներկայիս ապարատային բաժնի ղեկավար Ջոն Թերնուսը։
iOS 27 և մյուս օպերացիոն համակարգերը
Apple-ը ներկայացրեց iOS 27, iPadOS 27, macOS 27 Golden Gate, watchOS 27, tvOS 27 և visionOS 27 համակարգերը։
Ընկերության խոսքով՝ բոլոր համակարգերում իրականացվել են զգալի օպտիմալացումներ․
- հավելվածները գործարկվում են մինչև 30% ավելի արագ,
- լուսանկարները բեռնվում են մինչև 70% ավելի արագ,
- AirDrop-ի աշխատանքը բարելավվել է մինչև 80%-ով։
Թարմացվել է նաև Liquid Glass դիզայնը․ օգտատերերն այժմ կարող են կարգավորել «ապակյա» էֆեկտի ինտենսիվությունը կամ գրեթե ամբողջությամբ անջատել այն։ Բացի այդ, վերամշակվել են հավելվածների պատկերակները, իսկ macOS-ում համակարգային պատուհանները ստացել են միատեսակ կլորացված անկյուններ։
Նոր հնարավորությունների թվում են նաև․
- Wi-Fi-ը կարող է ինքնուրույն ակտիվանալ, եթե սարքը հայտնաբերի ուժեղ հասանելի ցանց,
- համակարգային որոնումը դարձել է ավելի խելացի՝ իրական ժամանակում վերլուծելով սարքի բովանդակությունն ու հասկանալով հարցման համատեքստը,
- «Լուսանկարներ» հավելվածն ինքնուրույն դասավորում է նկարները համապատասխան ալբոմներում՝ ըստ դրանց բովանդակության։
Հանրային բետա տարբերակները հասանելի կլինեն հուլիսին, իսկ վերջնական թողարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը։
Հատկանշական է, որ iOS 27-ը կաջակցի նույնիսկ արդեն «վինտաժ» ճանաչված iPhone 11 սմարթֆոնին։
Apple Intelligence և նոր Siri AI
WWDC 2026-ի գլխավոր նորությունը Siri AI-ն էր՝ Siri-ի ամբողջությամբ վերափոխված տարբերակը, որը ստացել է լիարժեք AI-չաթբոտի և համակարգային օգնականի հնարավորություններ։
Apple-ը նաև հայտարարեց, որ Apple Intelligence-ը կաշխատի Google-ի Gemini մոդելների հետ համագործակցությամբ։ Պարզ հարցումները կմշակվեն անմիջապես սարքում՝ ապահովելով առավելագույն գաղտնիություն, իսկ ավելի բարդ առաջադրանքները կուղարկվեն ամպային համակարգերին։

Siri AI-ը կարող է․
- շփվել ինչպես ձայնով, այնպես էլ տեքստով,
- ավելի լավ հասկանալ էկրանին ցուցադրվող բովանդակությունը,
- հիշել ավելի մեծ քանակությամբ համատեքստ,
- փոխկապակցել տարբեր հավելվածների և ծառայությունների աշխատանքը։
iPhone-ում Siri AI-ն ինտեգրվել է նաև տեսախցիկին․ օգտատերը կարող է լուսանկարել որևէ առարկա և անմիջապես ստանալ տեղեկություն, թե որտեղ կարելի է այն գնել կամ, օրինակ, քանի կալորիա կա լուսանկարված ուտեստում։
Օգնականը կարող է աշխատել էլեկտրոնային փոստի, փաստաթղթերի, հիշեցումների և այլ համակարգային գործառույթների հետ, ինչպես նաև որոնել տեղեկատվություն համացանցում։
Mac համակարգիչներում Siri AI-ն ինտեգրվել է Spotlight-ին, իսկ Apple Vision Pro-ում ներկայացվում է ինտերակտիվ լուսավոր գնդի տեսքով, որի հետ կարելի է շփվել նույնիսկ հայացքով։
Apple-ը նաև ներկայացրել է Siri AI-ի առանձին հավելված, որտեղ պահպանվում են հարցումների պատմությունն ու նախորդ զրույցները։
Սկզբնական փուլում Siri AI-ը հասանելի կլինի միայն անգլերեն լեզվով։
AI գործառույթներ ներկառուցված հավելվածներում
Apple Intelligence-ի նոր հնարավորությունները հասանելի կլինեն նաև մի շարք ներկառուցված հավելվածներում։
«Գաղտնաբառեր» (Passwords)
Հավելվածն այժմ կարող է ավտոմատ կերպով փոխարինել միանգամից բազմաթիվ արտահոսած գաղտնաբառեր՝ ստեղծելով նոր, անվտանգ տարբերակներ։
«Հրամաններ» (Shortcuts)
Օգտատերերը կարող են բնական լեզվով նկարագրել իրենց ցանկալի գործողությունը, իսկ համակարգը ինքնուրույն կստեղծի համապատասխան ավտոմատացումը։
«Լուսանկարներ» (Photos)
Հավելվածում ավելացվել են AI խմբագրման գործիքներ․
- անցանկալի օբյեկտների հեռացում,
- ֆոնի ընդլայնում,
- Spatial Reframe գործիքի միջոցով լուսանկարի տեսանկյան փոփոխություն։
Safari
macOS-ի Safari բրաուզերն այժմ կարող է ավտոմատ խմբավորել ներդիրները թեմաների կամ կայքերի հիման վրա։
Ավելացվել է նաև Notify Me գործառույթը, որը թույլ է տալիս ծանուցումներ ստանալ կոնկրետ կայքում փոփոխությունների դեպքում, օրինակ՝ համերգի տոմսերի վաճառքի մեկնարկի ժամանակ։

Որ սարքերում կաշխատի Apple Intelligence-ը
Apple Intelligence-ի ամբողջական հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ կլինեն հետևյալ սարքերը․
- iPhone Air,
- iPhone 17 Pro,
- M4 կամ ավելի նոր չիպով iPad-ներ,
- M3 կամ ավելի նոր չիպով Mac-եր։
Ավելի հին սարքերում որոշ գործառույթներ սահմանափակված կլինեն։
Հատկանշական է նաև, որ Apple Intelligence-ի մի շարք գործառույթներ հասանելի կլինեն տարբեր լեզուներով։
Նոր հնարավորություններ ծնողական վերահսկողության համար
Apple-ը ներկայացրել է նաև երեխաների համար նախատեսված Apple ID-ի նոր համակարգ, որը զգալիորեն ընդլայնում է ծնողական վերահսկողության գործիքները։
Ծնողները կկարողանան վերահսկել․
- օգտագործվող հավելվածները,
- այցելվող կայքերը,
- հաղորդագրություններն ու զանգերը։
Համակարգը թույլ կտա հաստատել հավելվածների ներբեռնումը, կայքերի այցելությունը և անծանոթ կոնտակտների հետ հաղորդակցությունը։
Բացի այդ, հասանելի կլինեն մանրամասն վիճակագրություն և ճկուն ժամանակային սահմանափակումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի սահմանել ընդհանուր էկրանի ժամանակը և այն բաշխել սոցիալական ցանցերի, խաղերի, բրաուզերի ու այլ ծառայությունների միջև։













