Միկրոբիզնեսը զրկվում է ամենաէական արտոնությունից, բայց դեռ չգիտի դրա մասին

Վերջին լուրերը

Հայաստանում գործում է հարկման 3 ռեժիմ, որոնք կտրուկ տարբերվում են իրարից: Հարկման ռեժիմը հարկերի հաշվարկման մոդել է, և, կախված ռեժիմից, վճարման ենթակա հարկերը կարող են անգամներով փոխվել: Այս ռեժիմներից ամենաերիտասարդը Միկրոձեռնարկատիրությունն է, որն իր հերթին եկավ փոխարինելու Ընտանեկան ձեռնարկատիրություն ռեժիմին: Այն ընդամենը 3 տարեկան է, սակայն, արդեն իսկ ենթարկվում է կտրուկ փոփոխությունների:

Ի՞նչ առավելություն էր տալիս բիզնեսին միկրոձեռնարկատիրության ռեժիմը

Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը սկզբնապես բնութա­գրվում էր որպես հարկ­ման արտոնյալ համակարգ, որի նպատակն էր փոքր տնտե­սավարող սուբյեկտների համար ստեղծել հարկման հարմարավետ և պարզ պայման­ներ: Մասնավորապես, միկրոձեռնարկատերերը տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսներ են, ովքեր չեն վճարում ոչ մի հարկ, իսկ աշխատակիցների աշխատավարձի համար վճարում են եկամտային հարկի ֆիքսված չափ՝ 5000 դրամ:

Միկրոձեռնարկատերը չի վճարում հետևյալ հարկատեսակները

  • ԱԱՀ՝ ավելացված արժեքի հարկ
  • Շահութահարկ
  • Նախորդ երկուսին փոխարինող որևիցէ այլ հարկ, օրինակ՝ շրջանառության հարկ

Միկրոձեռնարկատերը վճարում է միայն իր աշխատողներին վճարվող աշխատավարձից պահվող հարկերը: Ըստ էության ամենամեծ արտոնությունը հենց այստեղ է, քանի որ ի տարբերություն մյուս հարկման ռեժիմներում գործող բիզնեսների, որոնք աշխատավարձը հարկում են 20% եկամտային հարկով, միկրոձեռնարկատիրոջ մոտ աշխատող աշխատակցի աշխատավարձից պահվում է ֆիքսված 5000 դրամ: 

Այս արտոնության չափը պատկերացնելու համար բերեմ պարզ օրինակ,  եթե աշխատակիցը պետք է առձեռն ստանա 200,000 դրամ աշխատավարձ,  ապա նրա աշխատավարձը գրանցվում է 274,000 դրամ, իսկ միկրոձեռնարկատիրոջ մոտ այն գրանցվում է  221,579 դրամ /հաշվարկի առավել մանրամասիներին կարող եք ծանոթանալ այս հղումով/: Այսինքն, բիզնեսը ամեն ամիս յուրաքանչյուր աշխատակցի մասով կատարում է 52,421 դրամ խնայողություն:

Թեև Հայաստանում գործող բիզնեսների մեծ մասն իրենց եկամուտներին առնչվող հարկերը չեն թաքցնում, սակայն աշխատավարձերի մասով, փորձում են որոշակի «խնայողություններ» կատարել: Դրա մասին գիտեն բոլորը: Հենց այս խնդիրը լուծելու համար էլ պետությունը բիզնեսին առաջարկեց կտրուկ նվազեցնել աշխատակիցներից գանձվող հարկերը՝ ակնկալելով, որ փոքր և միկրո բիզնեսները կգրանցեն իրենց աշխատակիցներին և կհայտարարագրեն նրանց իրական աշխատավարձերը:

Հենց այդպես էլ եղավ: Բավականին շատ բիզնեսներ գնահատեցին նման հնարավորությունը և իրենց աշխատակիցների իրական աշխատավարձերը գրանցեցին: Հիմնական պատճառն այն էր, որ հարկային բեռը շատ չէր, չէր ազդում իրենց մրցունակության վրա, և շատերը գերադասեցին մի փոքր ավել հարկ մուծել և դառնալ բարեխիղճ հարկ վճարող:

Ի՞նչ է փոփոխվում 2023թ-ի հուլիսի 1-ից

Հարկային օրենսգրքի վերջին փոփոխությունների փաթեթով այս հիանալի հնարավորությունը ու արտոնությունը վերանում է: Միկրոձեռնարկատերերը իրենց աշխատակիցների աշխատավարձը հարկելու են նույն կերպ, ինչպես մյուս հարկման ռեժիմում աշխատողները: Այս փոփոխությունը դեռ չի գործում և ուժի մեջ է մտնելու 2023թ-ի հուլիսի 1-ից: Վստահ եմ, որ շատերը դեռ տեղյակ էլ չեն, որ նման փոփոխություն է տեղի ունեցել:

Կարդացե՛ք նաև՝

Ի՞նչպես կարձագանքի բիզնեսը

Կանխատեսում եմ, որ Միկրոձեռնարկատերերի մեծ մասը կփոխի իր վարքագիծը: Առնվազն կնվազի, ինչու ոչ, կզրոյանա միկրոձեռնարկատերերի կողմից գրանցվող լրացուցիչ աշխատատեղերը: Մյուսները աստիճանաբար «աշխատանքից կազատեն» կամ «աշխատավարձերը կնվազեցնեն», որպեսզի հարկային բեռը պահեն նախկին մակարդակին մոտ: 

Բնականաբար, այդ ամենը հասկանում է նաև հարկային մարմինը, ուստի տարածքային տեսուչները, օպերվարչությունը և վերլուծական բաժինը ակտիվ աշխատանքներ կտանեն այս երևույթը կանխելու համար: Արդյունքում որոշ բիզնեսներ կտուգանվեն, կամ չկարողանալով իրենց բիզնես մոդելը փոխել, կսնանկանան: Այս կանխատեսումը գուցե  չափազանց վատատեսական է, բայց հիմնվում եմ ինձ հասանելի տվյալների վրա և կարող եմ պնդել, որ շատ բիզնեսներ, եթե չօգտվեն այդ հարկային արտոնությունից, կդառնան վնասաբեր կամ կունենան չափազանց փոքր շահութաբերություն, որն ավելի ցածր կլինի, քան միջին աշխատավարձը:

Փոփոխության գլոբալ ազդեցությունը բիզնես-պետություն համագործակցության վրա

Բազմաթիվ առիթներով և տարբեր հարթակներում պնդել եմ և շարունակում եմ պնդել, որ պետություն-բիզնես համագործակցությունը պետք է կառուցվի երկարաժամկետ և փոխադարձ վստահության վրա: Հաճախ երկրի առաջին դեմքերը հիշատակում են գրանցված աշխատողների քանակի աճը և տպագրված ՀԴՄ կտրոների քանակի աճը՝ պայմանավորելով այն պետության և իշխանության նկատմամբ վստահության աճով: 

Իրականում պետությունը բիզնեսին խոստանում  և տալիս է արտոնություն,  բոլոր հարթակներից կոչ անում վստահել և դուրս գալ ստվերից, իսկ հետո՝ գործընթացի կեսից, արագ փոխում խաղի կանոնը, դրանով հիմնականում խնդիրներ ստեղծելով հենց նրանց համար, ովքեր առաջինն են արձագանքել նման կոչերի: Այս ամենը էականորեն նվազեցնում է ապագայում նոր կոչերին արձագանքելու հավանականությունը:

Վլադիմիր Շատվերովը Team2B-ի տնօրենն է:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները