Հունիսի 1-ից ՌԴ-ում կգործի բեռների նոր QR-համակարգ․ ինչ պետք է իմանան ՀՀ արտահանողները

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը՝ Система подтверждения ожидания товаров (СПОТ)։

Նոր կարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ ՀՀ-ից, դեպի ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքներին։

Համակարգի շրջանակում հիմնական պարտավորությունները կրում է ռուսաստանյան ներմուծողը, սակայն նոր կարգը կարևոր է նաև ՀՀ արտահանողների և բեռնափոխադրողների համար, քանի որ, առանց ռուսաստանյան գործընկերոջ կողմից ձևավորված համապատասխան փաստաթղթի և դրա հիման վրա ստացված QR-կոդի, բեռի մուտքը ՌԴ տարածք կարող է չթույլատրվել։

ՀՀ արտահանողները պետք է ապահովեն, որ մինչև բեռի ուղարկումը՝

  • ռուսաստանյան ներմուծողը կամ գործակալը (էլեկտրոնային առևտրի հարթակը) ձևավորած լինի մատակարարման ակնկալման հաստատման փաստաթուղթը՝ Документ о предстоящей поставке товаров (ДОПП),
  • ДОПП-ը ներկայացված լինի ռուսաստանյան ներմուծողի կամ գործակալի (էլեկտրոնային առևտրի հարթակի) կողմից՝ ոչ ուշ, քան սահմանի հատումից 48 ժամ առաջ, եթե վճարվում է ներմուծման ԱԱՀ-ի ապահովման վճար, կամ ոչ ուշ, քան սահմանի հատումից 4 ժամ առաջ, եթե նման վճար չի իրականացվում,
  • ռուսաստանյան կողմը փոխանցած լինի համապատասխան QR-կոդը,
  • փոխադրողը QR-կոդն ունենա մինչև ՌԴ սահմանին մոտենալը,
  • բեռը ուղեկցող փաստաթղթերում նշված տվյալները համապատասխանեն ДОПП-ում նշված տվյալներին։

Ռուսաստանյան գործընկերոջը պետք է ժամանակին տրամադրել՝

  • ապրանքի անվանումը,
  • քանակը և արժեքը,
  • ԱՏԳ ԱԱ /ТН ВЭД/ ծածկագիրը,
  • հաշիվ-ապրանքագրի, պայմանագրի և այլ ուղեկցող փաստաթղթերի տվյալները,
  • փոխադրողի և տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվությունը,
  • ՌԴ տարածք մուտք գործելու նախատեսվող ամսաթիվը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է արտահանողներին նախապես քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների և փոխադրողների հետ՝ բեռների ուշացումներից, լրացուցիչ ծախսերից և մուտքի հնարավոր սահմանափակումներից խուսափելու նպատակով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները