SpaceX-ի բաժնետոմսերը IPO-ից հետո առաջին անգամ իջել են $135-ից․ ընկերության շուկայական արժեքը նվազել է ավելի քան 1 տրլն դոլարով

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

SpaceX-ի բաժնետոմսերը, որոնք նախորդ ամիս հաջողությամբ մուտք գործեցին ֆոնդային շուկա, հուլիսի 15-ի առևտրային նստաշրջանի ընթացքում առաջին անգամ IPO-ի պահից ի վեր իջել են մեկ բաժնետոմսի համար սահմանված 135 դոլար տեղաբաշխման գնից։ Հունիսի կեսերին ընկերության բաժնետոմսերը հասել էին մինչև 225 դոլարի, սակայն հետագա անկման արդյունքում SpaceX-ի շուկայական կապիտալիզացիան կրճատվել է ավելի քան 1 տրիլիոն դոլարով։

Ինչպես հայտնում է Financial Times-ը, բաժնետոմսերի արժեքը նվազել է շուրջ 40%-ով՝ համեմատած գրանցված առավելագույն մակարդակի հետ։ Արդյունքում ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Իլոն Մասկի բաժնեմասի գնահատված արժեքը նվազել է 1,2 տրիլիոն դոլարից մինչև շուրջ 760 միլիարդ դոլար։

Նվազել է նաև հունիսի վերջին թողարկված SpaceX-ի կորպորատիվ պարտատոմսերի արժեքը։ Թեև առևտրային օրվա ավարտին բաժնետոմսերը կրկին բարձրացել են և փակվել 135 դոլարից փոքր-ինչ բարձր մակարդակում, նստաշրջանի ընթացքում դրանք, այնուամենայնիվ, որոշ ժամանակ վաճառվել են IPO-ի գնից ցածր։

Միևնույն ժամանակ, IPO-ի կազմակերպման գործընթացում ներգրավված ավելի քան 20 ներդրումային բանկեր զգալի եկամուտ են ստացել։ Նրանց ընդհանուր միջնորդավճարները կազմել են շուրջ 500 միլիոն դոլար։ Շուկայի բարձր տատանողականությունից օգտվել են նաև կարճաժամկետ ներդրողները և բորսայական թրեյդերները։

Հատկանշական է, որ Իլոն Մասկը փորձել էր IPO-ն կազմակերպել այնպես, որպեսզի հնարավորինս սահմանափակի սպեկուլյատիվ առևտուրը։ Ընկերության բաժնետոմսերի մեծ մասը ձեռք բերած ներդրողները դրանք նախատեսում են պահել երկարաժամկետ։ Բացի այդ, SpaceX-ի աշխատակիցներին արգելված է իրենց բաժնետոմսերը վաճառել մինչև ընթացիկ տարվա օգոստոս, իսկ խոշոր ներդրողները կարող են դրանք վաճառել միայն IPO-ից 366 օր անց։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները