Փարիզում մեկնարկել է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ «VivaTech-2022» միջազգային ցուցահանդեսը, որտեղ հայկական պատվիրակության կազմում են ոլորտային 9 ստարտափ և ցուցահանդեսին մասնակցում են «ARMENIA» միասնական տաղավարի ներքո:
Հայկական պատվիրակությանն աջակցում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Մեծ ներուժ ունեցող ևս 8 հայկական ստարտափ միջոցառմանը մասնակցում են որպես այցելու՝ հնարավորություն ունենալով գրավել շահագրգիռ ընկերությունների և ներդրողների ուշադրությունը, հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերել տեխնոլոգիական աշխարհի խոշոր ներկայացուցիչների հետ։
Միջոցառումը կազմակերպված է հիբրիդային տարբերակով:
«VivaTech-2022»-ի թվային հարթակը, որտեղ ներկայացված է նաև Հայաստանը, ուղիղ կապի (live) ռեժիմով հասանելի է այստեղ:
Ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչները աշխարհի տարբեր անկյուններից, ունենալով հաշիվ VivaTech-ի թվային հարթակում, կարող են ծանոթանալ հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներին, նախաձեռնություններին, նորարարություններին, ինչպես նաև՝ միջոցառման մասնակիցների գործունեությանն ու արտադրանքին: Վերջիններս, հնարավոր փոխշահավետ համագործակցության նպատակով, կարող են կապ հաստատել մեր ստարտափների հետ, հարցեր ուղղել, հանդիպումներ նշանակել:
Նշենք, որ «VivaTech»-ը հիմնադրվել է 2016 թվականին Publicis Groupe և Groupe Les Echos ընկերությունների կողմից։ Այն խոշորագույն միջազգային տեխնոլոգիական ցուցահանդես-համաժողովն է, որն ամբողջ աշխարհից մեկ տեղում է համախմբում ստարտափերներին, գիտնականներին, խոշոր ընկերություններին, ներդրողներին, պաշտոնական պատվիրակություններին:
Ցուցահանդեսային առաջին երկու օրերը նախատեսված են ստարտափների, ներդրողների, ղեկավարների, ուսանողների և գիտնականների համար։ Երրորդ օրը այն բաց կլինի լայն հանրության առջև։
«VivaTech-2022»-ը կշարունակվի մինչ հունիսի 18-ը, իսկ թվային հարթակը կգործի նաև ցուցահանդեսից հետո՝ մինչ 2022թ. տարեվերջ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։