Սյունիքի մարզի Տեղ գյուղում գործող «Davtyan Farm» ընկերությունն իրականացրել է հայկական օրգանական ծնեբեկի առաջին արտահանումը դեպի Սինգապուր։ Ընկերությունը տարիներ շարունակ զարգացրել է օրգանական ծնեբեկի արտադրությունը Հայաստանի հարավում և 2015 թվականից ստացել է Եվրամիության աջակցությունը՝ սկսած սարքավորումների տրամադրումից մինչև արտահանման հմտությունների զարգացում։
Այս տարի ԵՄ «Կայուն Սյունիք / Team Europe» ծրագրի շրջանակներում տնտեսվարողը հնարավորություն է ստացել իր արտադրանքը ներկայացնելու Սինգապուրում կայացած «FHA Food & Beverage Expo» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսում։ Հայաստանում ԵՄ պատվիրակության տվյալներով՝ հենց այս ցուցահանդեսի ընթացքում ձեռք բերված գործարար կապերն են օգնել արտադրողին դուրս գալ նոր շուկա։ Բացի ծնեբեկից, ընկերությունն արդեն սկսել է նաև դեպի Սինգապուր հայկական ծիրանի փորձնական մատակարարումները։

Եվրամիության պատվիրակությունն ընդգծել է, որ սա պրակտիկ օրինակ է այն բանի, թե ինչպես է տեղական արտադրողներին ցուցաբերվող աջակցությունն օգնում բացել իրացման նոր շուկաներ՝ Հայաստանից անգամ հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա:












