Բրյուսելում կայացած միջոցառման ժամանակ Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստորագրել են համատեղ մտադրությունների հուշագիր։ Փաստաթղթով պաշտոնապես մեկնարկում է EPIC նախաձեռնության շրջանակում Հայաստանին տրամադրվող խորհրդատվական աջակցությունը։ Հայկական կողմից արձանագրությունը ստորագրել է ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, եվրոպական կողմից՝ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ադրիենն Կիրալին։
Այս նախաձեռնությամբ նախատեսվում է աջակցել Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների նախապատրաստական աշխատանքներին։ Նախագծի նպատակն է սահմանային անցակետերը կապել երկրի գլխավոր ճանապարհային ցանցին։ Ծրագրի առաջին փուլում ԵՆԲ-ն կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն՝ ուսումնասիրությունների շրջանակը սահմանելու և ճանապարհային նախագծերի համար իրագործելի տեխնիկական լուծումներ մշակելու նպատակով։
Այս ճանապարհային նախագծերն իրականացվում են ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակում։ Դրանք միտված են զարգացնելու տարածաշրջանային տրանսպորտային կապերը և համապատասխանում են Եվրամիության Կապակցվածության օրակարգին՝ նպաստելով Հայաստանի՝ որպես հուսալի տրանսպորտային ու լոգիստիկ հանգույցի դերակատարության ամրապնդմանը։












