Արհեստական բանականության ենթակառուցվածքների համար ցանցային ավտոմատացման լուծումներ մշակող ու հայ հիմնադիրներ ունեցող Netris ընկերությունը հայտարարել է 15 միլիոն դոլարի չափով Series A ներդրումային փուլի մասին, որը գլխավորել է Andreessen Horowitz (a16z) վենչուրային հիմնադրամը։
Netris-ի համահիմնադիրներ Տիգրան Մարտիրոսյանը, Արսեն Առաքելյանը և Ալեքս Սարոյանը ընկերությունը հիմնել են 2018 թվականին՝ նպատակ ունենալով հասանելի դարձնել այնպիսի ցանցային ավտոմատացման տեխնոլոգիաներ, որոնք մինչ այդ կիրառվում էին հիմնականում խոշոր ամպային ծառայություններ մատուցողների կողմից և պահանջում էին մեծ ինժեներական ռեսուրսներ։
Ընկերության ղեկավարության խոսքով՝ վերջին ութ տարիների ընթացքում Netris-ը մշակել է տեխնոլոգիա, որը ավտոմատացնում է ամպային ենթակառուցվածքների ամենաբարդ բաղադրիչներից մեկը՝ ցանցերի կառավարումը։ Սկզբնական շրջանում շուկան թերահավատ էր ընկերության տեսլականի նկատմամբ, սակայն հետագայում երկրորդ և երրորդ մակարդակի ամպային օպերատորներն ու ծառայություններ մատուցողները սկսեցին կիրառել Netris-ի լուծումները՝ հաստատելով դրա պահանջարկը։
Ընկերության զարգացման հաջորդ փուլը պայմանավորված էր արհեստական բանականության ենթակառուցվածքների արագ աճով։ Խոշոր GPU կլաստերների կառավարումը պահանջում է տարբեր տեսակի ցանցերի՝ ներքին, արտաքին, հյուրընկալող և եզրային համակարգերի համաժամանակյա կառավարում, ինչպես նաև մի շարք տեխնոլոգիաների համատեղ օգտագործում։ Netris-ում նշում են, որ հենց այս բարդ խնդիրների լուծման վրա են աշխատել տարիներ շարունակ։
Ընկերությունը համագործակցել է NVIDIA-ի և այլ գործընկերների հետ՝ AI ենթակառուցվածքների ցանցերի ավտոմատացման և բազմավարձակալական (multi-tenancy) համակարգերի զարգացման ուղղությամբ։ Netris-ի գործընկերների շարքում են NVIDIA-ն, Hewlett Packard Enterprise-ը, Rafay-ը, vCluster-ը, Red Hat-ը և Mirantis-ը։
Ըստ ընկերության տվյալների՝ վերջին 12 ամիսների ընթացքում Netris-ի տարեկան կրկնվող եկամուտը (ARR) աճել է 800%-ով, իսկ ընկերությունն իրականացրել է ավելի քան 35 գործող AI կլաստերների տեղակայում։ Netris-ը պնդում է, որ այդ ցուցանիշը գերազանցում է ցանցային ավտոմատացման ոլորտում գործող մյուս մատակարարների համատեղ արդյունքները։
Այսօր Netris-ի տեխնոլոգիաները կիրառվում են մի շարք խոշոր AI ամպային հարթակներում, ինքնիշխան արհեստական բանականության նախագծերում և AI գործարաններում։
Ներդրումային փուլի շրջանակում ընկերության տնօրենների խորհրդին կմիանա Գուիդո Ապենցելլերը։ Խորհրդում արդեն ներգրավված են նաև a16z-ի գործընկերներ Մարտին Կասադոն և Ռագու Ռաղուրամը, որոնք նախկինում մասնակցել են տվյալների կենտրոնների ժամանակակից ցանցային տեխնոլոգիաների զարգացմանը։
Netris-ում նշում են, որ AI ենթակառուցվածքների շուկան դեռևս զարգացման վաղ փուլում է։ Ընկերության հաճախորդների շրջանում արդեն կան 10 000-ից 100 000 GPU ներառող կլաստերներ, իսկ դրանց մասշտաբն ու բարդությունը շարունակում են աճել, ինչը, ըստ ընկերության, ստեղծում է նոր հնարավորություններ Netris-ի տեխնոլոգիաների համար։












