Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Համաշխարհային բանկը հրապարակել է 2026 թվականի հունիսի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» (Global Economic Prospects) զեկույցը, որում ներկայացված են համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական զարգացումներն ու կանխատեսումները: Փաստաթղթում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին և առկա ռիսկերին։

Զեկույցի համաձայն՝ Համաշխարհային բանկը դրական ուղղությամբ վերանայել է Հայաստանի տնտեսական աճի սպասումները։ Կանխատեսվում է, որ 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 5.3 տոկոսով, իսկ 2027 թվականին՝ 5.1 տոկոսով։ Երկու տարիների համար էլ կանխատեսումները, 2026 թվականի հունվար ամսվա գնահատականների համեմատ, բարելավվել են 0.4 տոկոսային կետով։ Ըստ զեկույցի տվյալների՝ 2023 և 2024 թվականներին երկրի տնտեսությունն աճել է համապատասխանաբար 8.3 և 5.9 տոկոսով, իսկ 2025 թվականի համար աճը գնահատվում է 7.1 տոկոս։ 2028 թվականի համար ակնկալվում է 5.0 տոկոս տնտեսական աճ։

Չնայած աճի դրական դինամիկային, Համաշխարհային բանկը զգուշացնում է լուրջ խոցելիությունների մասին, որոնք կապված են էներգակիրների գլոբալ շուկայի հետ։ Զեկույցում նշվում է, որ բարձր էներգետիկ գներն առավել ծանր կանդրադառնան Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Թուրքիայի վրա, քանի որ այս երկրներում էներգակիրների զուտ ներմուծումը գերազանցում է ներքին էներգետիկ սպառման 70 տոկոսը։

Բացի այդ, առկա են նաև գնաճային ռիսկեր։ Ըստ վերլուծության՝ էներգակիրների գների բարձրացման ազդեցությունը գնաճի վրա ավելի ուժեղ կլինի այն էներգակիրներ ներմուծող երկրներում, որտեղ սպառողական գների ինդեքսում (CPI) էներգիայի կշիռը մեծ է, և որպես օրինակ կրկին առանձնացվում են Հայաստանը, Վրաստանն ու Սերբիան։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները