Ընտրությունների արդյունքները նպաստավոր են ՀՀ վարկանիշի համար, սակայն ռիսկերը պահպանվում են. S&P Global Ratings

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«S&P Global Ratings» վարկանիշային գործակալությունը հրապարակել է Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքների և երկրի սուվերեն վարկանիշի վրա դրանց ազդեցության վերաբերյալ իր վերլուծությունը։

Գործակալության կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը կապահովի քաղաքական կուրսի հաջորդականությունը, ինչն ընդհանուր առմամբ նպաստավոր է Հայաստանի վարկունակության համար: Սա մեծացնում է կառավարության հնարավորությունները ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններն առաջ մղելու, այլև իր ծրագրերն իրականացնելու հարցում։ Խոսքը վերաբերում է արևմտյան գործընկերների հետ առավել սերտ փոխգործակցությանը, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումներին և հարկաբյուջետային համախմբմանը, որոնք պետք է օգնեն կայունացնել պետական ֆինանսները և նվազեցնել պարտքային բեռը:

Ըստ «S&P Global Ratings»-ի՝ տարածաշրջանային կարգավորումը ընտրությունների արդյունքների ամենանշանակալի պոտենցիալ հետևանքներից մեկն է, որն ունակ է նվազեցնել աշխարհաքաղաքական ռիսկերը, աջակցել ներդրումներին և ամրապնդել տնտեսական աճի միջնաժամկետ հեռանկարները: Հարաբերությունների բարելավումը կարող է պայմաններ ստեղծել նաև առևտրային և տրանսպորտային կապերի երկարաժամկետ զարգացման համար՝ ներառյալ Թուրքիայի տարածքով հնարավոր երթուղիները:

Այդուհանդերձ, գործակալությունն արձանագրում է, որ ռիսկերը պահպանվում են: Դրանք ներառում են սահմանային իրավիճակի հնարավոր սրումը, ինչպես նաև քաղաքականապես զգայուն սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, որոնք կարող են պահանջվել վերջնական կարգավորման համար:

Վերլուծության մեջ առանձնահատուկ շեշտադրվում է արտաքին քաղաքական վեկտորի հարցը։ Գործակալությունը նշում է, որ չնայած Հայաստանը շարունակում է խորացնել փոխգործակցությունը արևմտյան գործընկերների հետ և ձգտում է մերձեցման ԵՄ-ի հետ, այս ռազմավարական շրջադարձը զսպվում է Ռուսաստանի հետ նրա խորը ինտեգրմամբ և զգալի տնտեսական ու էներգետիկ կախվածությամբ:

Որպես օրինակ՝ նշվում են Ռուսաստանի կողմից վերջերս մի շարք հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառված սահմանափակումները: Ըստ «S&P Global Ratings»-ի՝ սա ակնառու կերպով ցույց է տալիս, թե որքան դժվար է Երևանի համար համատեղել դեպի արևմտյան ինտեգրում տանող կուրսը Ռուսաստանի հետ տնտեսական կապերի պահպանման հետ:

Գործակալությունը նախազգուշացնում է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների հետագա վատթարացումը կարող է բացասաբար անդրադառնալ տնտեսական աճի տեմպերի, արտաքին միջոցների ներհոսքի, շուկաների հասանելիության և էներգետիկ անվտանգության վրա: Այդ իսկ պատճառով ակնկալվում է, որ Հայաստանի կողմից արտաքին գործընկերությունների դիվերսիֆիկացման գործընթացը կկրի աստիճանական բնույթ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները