Formula VC ներդրումային հիմնադրամը հայտարարել է, որ շարունակում է իր համագործակցությունը Docus ստարտափի հետ՝ մեծացնելով ներդրումների ծավալը։
Ընկերությունը, որը հիմնված է արհեստական բանականության վրա, նպատակ ունի փոխել բժշկական տվյալների ընկալման և կիրառման ձևը՝ բարդ լաբորատոր արդյունքները վերածելով պարզ և կիրառելի տեղեկատվության թե՛ բժիշկների, թե՛ պացիենտների համար։ Հարթակը նաև նպաստում է լաբորատորիաների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
Formula VC-ն նշել է, որ դեռ վաղ փուլում է աջակցել թիմին և շարունակել հետևել դրա զարգացմանը՝ ընդգծելով, որ ստարտափի կայուն առաջընթացն ու հաստատակամությունը եղել են ներդրումային որոշման առանցքային գործոններ։
Այս պահին Docus հարթակն արդեն ունի ավելի քան 300 հազար օգտատեր՝ բժիշկների և պացիենտների շրջանում, և շարունակում է ընդլայնել իր գործունեությունը։
Նոր ներդրման արդյունքում Formula VC-ի ընդհանուր ներդրումը ընկերությունում հասել է 350 հազար դոլարի՝ իրականացված երկու տարբեր ֆոնդերի միջոցով։
Հիմնադրամը նաև վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու հագործակցությունը ստարտափի համահիմնադիրների՝ Ռոբերտ Սարգսյանի և Գևորգ Նազարյանի հետ՝ զարգացնելով նորարարական լուծումները առողջապահության ոլորտում։












