Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացում է, որ WhatsApp-ով և Viber-ով թիրախային հարձակումները շարունակվում են։ «Նոր ուժով մարդկանց վրա հարձակվում են։ Արդեն շատ տարբեր՝ բիզնեսի ոլորտից, բժիշկներ, երաժիշտներ։ Շատ լավ պատրաստված են, գիտեն՝ ով, ով է, ում հետ կապեր ունի, ոնց մարդու վրա հոգեբանորեն ազդել։ Արդեն գիտեմ մի քանի մարդու, որ լուրջ ֆինանսական կորուստ է ունեցել սրա հետևանքով։ Զգուշացրեք ծանոթներին»,-գրել է Սամվել Մարտիրոսյանը։
Նա Facebook-ի իր էջում նկարագրել է խաբեության սցենարը՝
- Ձեզ հետ WhatsApp, Viber կեղծ հաշվով գրում է մտերիմ մարդու կրկնօրինակը։ Մարդ, որին վստահում եք ու լավ նախապատրաստված է։ Ասում է, որ ԱԱԾ-ն հայտնաբերել է լուրջ խնդիր։ Ու ձեզ հետ կկապվի ինչ-որ անունով ԱԱԾ աշխատակից։ Բայց ձեր ծանոթը բարեխոսել է, ու պարզապես պետք է գործակցել։
- Հետո ասում են, որ ձեր գումարները բանկից պետք է կանխիկացնել և ուղարկել նոր հաշվի, որ «վատ գումարի» հետ չխառնվի։
- Զանգում է կեղծ աշխատակիցը։ Խոսում է ռուսերեն։ Իբրև թե Ադրբեջանից ձեր հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել։ Հարցին, թե ինչու եք ռուսերեն խոսում, պատասխանում է՝ Ադրբեջանի հետ համատեղ գործողություն է, ու նյութերը պետք է օգտագործվեն այնտեղի դատարանում նույնպես։ Այսպիսով՝ գողանում են ձեր փողերը։
Տեղեկատվական անվտագության մասնագետը դեռ տասն օր առաջ էր տեղեկացրել հարձակումների մասին՝ նշելով, որ հիմնականում թիրախում են քաղհասարակության և մամուլի ներկայացուցիչները։ Սակայն հարձակումները վերսկսվել են՝ ավելի մեծ մասշտաբներով։
Ուստի զգոն եղեք․ մի վստահեք կասկածելի հաղորդագրություններին, նույնիսկ եթե դրանք ծանոթի անունով են ուղարկված։ Ստուգեք տեղեկությունը, մի փոխանցեք գումար կամ անձնական տվյալներ, և խարդախության կասկածի դեպքում անմիջապես տեղեկացրեք իրավապահ մարմիններին։
Դիտե՛ք նաև How2B-ի ռեպորտաժը «Կիբերանվտանգության մասին» օրենքի մասին











