Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ «Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնել է տնտեսական զորակցման ծրագիր Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար՝ 25 բիզնես դրամաշնորհների հատկացման միջոցով։ Այս ծրագրի նպատակն է խթանել արցախցի ընտանիքների կայուն եկամտի ապահովումը և տնտեսական աճը: Ծրագրին կարող են մասնակցել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու ձեռներեցներ։
«Ազնավուր» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր հիմնադրի մարդասիրական առաքելությանը, այս ծրագրի իրագործման միջոցով էլ ձգտում է նոր հնարավորություններ ստեղծել դրական փոփոխությունների համար և խթանել կենսակայուն զարգացումը երկրում:
Դրամաշնորհին կարող են դիմել Արցախի Հանրապետությունից 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո տեղահանված անձինք, որոնք հաշվառվել և մշտական բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետությունում: Դրամաշնորհի հասանելի առավելագույն բյուջեն 2,100,000 ՀՀ դրամ է:
Ստացված հայտերը կգնահատվեն երկու փուլով՝ հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից։ Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած հայտատուները կհրավիրվեն հարցազրույցի։ Դրամաշնորհի տրամադրման հիմնական նախապայման է հանդիսանում բիզնես նախագծում սեփական ներդրման առկայությունը։ Սեփական ներդրման չափը պետք է կազմի նախագծի ընդհանուր բյուջեի առնվազն 20%-ը:
Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։