«Արևածագ Արցախում». Shtigen Group-ի նպատակն է հասնել Արցախի էներգետիկ անկախությանը

Վերջին լուրերը
Նանէ Հայրապետյան
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

Արցախում էներգետիկ անկախություն հաստատելու առաջին քայլը կատարեց Shtigen Group-ը. Արցախյան պատերազմներում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց և բազմազավակ 12 ընտանիքի անվճար արևային ջրատաքացուցիչ է տրամադրել՝ այսպիսով հայտարարելով «Արևածագ Արցախում» նախագծի մեկնարկի մասին։

Նախագծի նպատակն է, արևային էներգիան օգտագործելով, Արցախը դարձնել էներգետիկ առումով ինքնաբավ և անխոցելի։  Արևային էներգետիկան Արցախ «տանելու» գաղափարը Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի մտքում վաղուց կար, բայց մինչև 2019 թվականը տարբեր պատճառներով այն «միս ու արյուն» չէր ստանում: 

«Արևածագ Արցախում». Shtigen Group-ի նպատակն է հասնել Արցախի էներգետիկ անկախությանը
Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյան

«2019 թվականին օրենք ընդունվեց  Արցախում, ըստ որի՝ ինքնավար արտադրությունը դարձավ թույլատրելի, այսինքն՝  տների կտուրներին կարելի էր արևային վահանակներ տեղադրել և «Արցախէներգոյի» հետ հոսանք փոխանակել՝ բավականին գրավիչ պայմաններով: Մեր գործունեության համար, այդպիսով, նպաստավոր դաշտ ստեղծվեց, ինչին մենք անմիջապես արձագանքեցինք: Կազմակերպեցինք «Արևային Արցախ» խորագրով համաժողովը, որի նպատակն էր Արցախում հասանելի դարձնել արևային էներգիայի ընձեռած հնարավորությունները՝ նպաստելով ոլորտի զարգացմանը։ 2019-ից մեկնարկած գործընթացը, փաստացի,  «Արևածագ Արցախում» նախագծի ներքո համակարգային դրսևորում է ստանում»,- պատմեց Հայկ Շեկյանը: 

ԵՊՀ-ում բացվեց YSU-Krisp AI Lab գիտակրթական հետազոտական կենտրոնը

«Արևածագ Արցախում» նախագծի շրջանակում տրամադրված 12 արևային ջրատաքացուցիչները ոչ միայն Ստեփանակերտում, այլև մարզային բնակավայրերում են տեղադրվել։ Shtigen Group-ի մասնագետներն ավելի քան 10 oր այդ նպատակով Արցախում էին։

 «Հատկապես պատերազմից հետո մեր նպատակն է հասնել այն հանգրվանին, որ Արցախում յուրաքանչյուր տուն ունենա իր արևային կայանն ու ջրատաքացուցիչը։ Այդպես մենք կապահովագրենք  Արցախը թշնամու կողմից իրականացվող էներգետիկ ահաբեկչությունից, և գազամատակարարման խափանումների դեպքում Արցախի բնակչությունը կշարունակի տաք ջուր ու էլեկտրաէներգիա ունենալ։ Միաժամանակ կթեթևանա էլեկտրացանցի ծանրաբեռնվածությունը, և չեն լինի նոր խափանումներ էներգահամակարգում»,- ասում է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։

Արցախում գործող 36 ՀԷԿ-երից 30-ը 44-օրյա պատերազմից հետո անցան թշնամու տիրապետության տակ։ Մինչև պատերազմն Արցախն էներգետիկ առումով ոչ միայն ինքնաբավ էր, այլև կարողանում էր էլեկտրաէներգիա արտահանել Հայաստան։ Այժմ պատկերը ճիշտ հակառակն է՝ Արցախն ապահովում է էլեկտրաէներգիայի ներքին սպառման 50 տոկոսը, իսկ մյուս 50-ը ներմուծվում է Հայաստանից։

«Այս 12 ջրատաքացուցիչն առաջին քայլն է, որով մենք ցույց ենք տալիս, որ ոչ միայն այդ ծրագրի գաղափարակիրն ենք և իրականացնողը,  այլև մասնակիցը, այդ թվում՝ միջոցներ հատկացնելու տեսանկյունից: Մենք դրել ենք մեծ նպատակ և ամեն ջանք գործադրելու ենք այդ նպատակին հասնելու համար»,-ասաց Հայկ Շեկյանը՝ ավելացնելով, որ նախագիծը նաև բնապահպանական մեծ նշանակություն ունի ոչ միայն մեր հայրենիքի, այլև ամբողջ մոլորակի համար։ 

Ըստ Shtigen Group-ի՝ 300 լիտր տարողությամբ 1 արևային ջրատաքացուցիչը 1 օրում խնայում է 16 ԿՎՏ/ժ Էլեկտրաէներգիա: Եթե Ստեփանակերտի 10 000 տներում ու բնակարաններում տեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ, այդ թիվը տարեկան կստացվի 58 միլիոն ԿՎՏ/ժ, հետևաբար 40-65 տոկոսով  կխնայվի Սարսանգի ջրամբարի թողունակությունը։ 

Բոլոր նրանք,  ովքեր կցանկանան  միանալ նախաձեռնությանը՝ իրենց ներդրումով դառնալով «Արևածագ Արցախում» արշավի անմիջական մասնակիցը,կարող են կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]:  

Shtigen Group-ը հիմնադրվել է 2011 թ․՝ նպատակ ունենալով խնայող և անվտանգ էներգետիկ համակարգերն ու տեխնոլոգիական լուծումները հասանելի դարձնել աշխարհի յուրաքանչյուր բնակչի։  Shtigen Group-ը ՀՀ արևային էներգետիկայի շուկայի առաջատարներից է, ՀՀ առաջին 500 խոշոր հարկատուներից։   

«Արևածագ Արցախում». Shtigen Group-ի նպատակն է հասնել Արցախի էներգետիկ անկախությանը
Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյան

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները