Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը, որը աշխատող ծնողներին հնարավորություն է տալիս աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։
Կարգավորումը վերաբերում է նաև խնամատար ծնողներին, որդեգրողներին և խնամակալներին։
Ծնողական ժամը տրամադրվում է հետևյալ ծավալով․ մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողը կարող է օգտվել օրական մինչև 30 րոպեից, իսկ մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողը՝ օրական մինչև 1 ժամից։
Մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին ծնողական ժամը տրամադրվում է օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։
Կարգավորումից օգտվելու համար աշխատողը պետք է գործատուին ներկայացնի գրավոր դիմում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ՝ գործատուն չի կարող մերժել ծնողական ժամ տրամադրելու դիմումը։
Ծնողական ժամից օգտվելու ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը։ Գործավարձով վարձատրվողների դեպքում պահպանվում է միջին աշխատավարձը՝ բացառությամբ պարգևատրման գումարների։












