Ժամեր առաջ Armenian Card CJSC-ն հայտարարություն էր տարածել, որ Safari դիտարկիչում եղել է անհայտ խոցելիություն, ինչի հետևանքով զեղծարարներին հաջողվել է հավաքագրել Safari դիտարկիչում մուտքագրած տարբեր գաղտնաբառեր և անձնական տվյալներ:
Նշված խնդիրը ազդել է նաև ArCa հավելվածի/կայքի այն օգտատերերի վրա, ովքեր չեն օգտագործել երկփուլային նույնականացում (2FA) կայք մուտք գործելիս, ինչի պատճառով այս պահին ArCa հավելվածում/կայքում անհասանելի է քարտից քարտ փոխանցման ծառայությունը: Խնդիրներից խուսափելու համար Armenian Card-ը հորդորել էր օգտատերերին միացնել երկփուլային նույնականացում։
Այժմ ընկերությունը կրկին հայտարարություն է տարածել, որով հորդորում է օգտատերերին զերծ մնալ քարտային և անձնական տվյալները այլ անձանց տրամադրելուց և, մասնավորապես, նշում է.
«Ընկերությունում պահպանվող քարտապանի տվյալների արտահոսք տեղի չի ունեցել:
Պնդումները, իբրև ArCa-ն ենթարկվել է կիբեռհարձակման, և եղել է տվյալների արտահոսք, իրականությանը չի համապատասխանում։
Տուժած քարտապանները ֆինանսական զեղծարարության զոհ են»։
Հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: