AR Trails. hայկական ստարտափ, որը զբաղվում է լրացված իրականությամբ «արահետաշինությամբ»

Վերջին լուրերը
AR Trails. hայկական ստարտափ, որը զբաղվում է լրացված իրականությամբ «արահետաշինությամբ»
Աննա Արզումանյան
«Ինչպե՞ս բիզնես անել» հարցից տառապող լրագրողը հայտնվեց իր երազանքների մոլորակում։ Ես Աննան եմ, լրագրող՝ ով ձեզ կներկայացնի հայ ստարտափերների գործունեությունը, հաջողված պատմությունները և ամենակարևորը՝ ինչպես հեշտ բիզնես անել։ Բացի բիզնեսից ինձնից կտեղեկանաք ամբողջ աշխարհում տեղեկատավական ոլորտի նորություններին։

Հայկական AR Trails ստարտափը լրացված իրականության տեխնոլոգիան օգտագործում է արշավային արահետների ստեղծման ոլորտում։ Ստարտափի շնորհիվ արշավականները հնարավորություն ունեն արշավել՝ նոր ու տեղեկատվությամբ հագեցած արահետներով։ Կարող են նաև թողնել իրենց վիրտուալ հետքը՝ ֆոտոյի, վիդեոյի, աուդիոյի տեսքով, կիսվել ընկերների հետ և նրանց նվերներ թողնել։

Ստարատափի համահիմնադիր Արսեն Գասպարյանը How2B-ին պատմել է հավելվածի ստեղծման, զարգացման ու առաջիկա ծրագրերի մասին:

Ստարտափի նախապատմությունը

- Advertisement -
AR Trails. hայկական ստարտափ, որը զբաղվում է լրացված իրականությամբ «արահետաշինությամբ»

AR Trails-ը իր պատմությունը սկսել է 2020-ից, բայց նախապատմությունը շատ ավելի վաղ է սկսել։ Մենք՝ համահիմնադիրներս, տարբեր ծրագրերով իրականացնում էինք արահետների ստեղծման, էկոտուրիզմի հետ առնչվող միջոցառումներ։ Այդ ընթացքում նկատում էինք, որ արահետների փորձառությունները հատկապես երիտասարդների և երեխաների համար շատ սահմանափակ են։ Այսինքն մարդիկ գալիս, քայլում են, բայց հիմնականում ո՛չ տեղեկատվություն են ստանում տեղանքի մասին, ո՛չ էլ որևէ զվարճանքի կամ ժամանցի հնարավորություն կա։

Նոր սերունդը ավելի հակված է որոշակի հավելվածների օգտագործման, խաղերի և վիզուալ կոնտենտի, քան ստանդարտ, ավանդական տեղեկատվության և փորձառության ձևերին։ Ցանկացած արշավական ինչ-որ չափով օգտվում է նավիգացիոն հավելվածներից, այսինքն արահետով քայլելիս օգտագործում են GPS, որ հասկանան արահետի վրա ուր են և այլն։ Արահետները AR Trails-ի մեջ երևում են, հավելվածը բուն նավիգացիոն չի, բայց այդ ֆունկցիան հավելվածի վրա ավտոմատ կա։

Ինչպես ասում են, եթե որևէ բան մենք անկարող ենք կանգնեցնել, պետք է օգտագործենք ի շահ, որ բնություն գնալը, քայլարշավելը լինի ավելի զվարճալի, հետաքրքրաշարժ և ուսանելի։ Այս երեք կոմպոնենտի խնդիրն է, որ մենք ուզում ենք լուծել։

AR Trails. hայկական ստարտափ, որը զբաղվում է լրացված իրականությամբ «արահետաշինությամբ»
Արսեն Գասպարյան

Առաջին անգամ նախագիծ արել ենք Արտավան գյուղում, այնտեղ արդեն իսկ բավականին զարգացած էկոտուրիզմի ենթակառուցվածքներ կան։ Եվ երբ կապվեցինք մեր գործընկեր, ստարտափի համահիմնադիր Արման Աթոյանի հետ, ով նաև ARLOOPA ընկերության համահիմնադիրն է, մտածեցինք՝ ինչու ոչ, այդ նորարական տեխնոլոգիաները կիրառել քայլարշավային փորձառությունը հարստացնելու համար։ Այս դեպքում արդեն խոսքը գնում է լրացված իրականության AR տեխնոլոգիայի մասին։ Առաջին փորձառությունը այնտեղ կիրառեցինք։ Գաղափարը այդ պահից սկսած սկսեց մեզ մոտ եփվել։

2020 թ-ին, երբ արդեն միավորվեցինք ես, Աշոտը, Սարգիսը և Արմանը, ստեղծեցինք թիմ և յուրաքանչյուրս մեր ոլորտի փորձառությունը բերեցինք։ Այստեղ կարող ենք որպես կարևոր ձեռքբերում առանձնացնել հենց թիմը, ես բնապահպանության ոլորտից եմ, Աշոտը՝ արահետաշինության, Սարգիսը էկոտուրիզմի, գիտության ոլորտից է, Արմանը՝ տեխնոլոգիական ոլորտից։ Միասին համախբվելով՝ մենք սկսեցինք մի ստարտափ, որը կոչվում է AR Trails՝ լրացված իրականության արահետներ։ Ու այսպես էլ սկսեցինք մեր առաջին քայլերը։

Ի՞նչ է հավելվածը իրենից ներկայացնում

Ar-Trails-ը հասանելի է և՛ Google Play Store, և՛ Apple Store օգտատերերի համար։ Կարող եք ամբողջությամբ անվճար ներբեռնել։ Քանի որ լրացված իրականության տեխնոլոգիա է օգտագործվում, հավելվածը ոչ բոլոր հեռախոսների համար է հասանելի, սա կարևոր է նշել։

AR Trails Interface
AR Trails հավելվածի ինտերֆեյսը

Բացելուց հետո միանգամից ավտոմատ տեղորոշում է գնում, ներկայացնում է մոտակա արահետները, հասանելիությունը, հեռավորությունը։ Արահետի նկարագրությունը հավելվածում ևս հասանելի է։ Նույնիսկ հոլովակ կա, որը ներկայացնում է, թե ինչ կա արահետի վրա, որպիսի քայլարշավորդը նախապես իմանա՝ ուզում է հաստատ գնալ, թե ոչ։

AR Trails-ում առաջարկվում է օնլայն և օֆլայն տարբերակներ, այսինքն եթե համացանցից օգտվելու հետագա հնարավորություն չկա, կարող եք բեռնել նախապես և գնալ։ Իմ կարծիքով սա շատ կարևոր է, որովհետև առանց օֆլայնի արահետների մեծ մասից չեք կարող ուղղակի օգտվել, շատ տեղերում ինտերնետը ուղղակի հասանելի չի։ Բեռնելուց հետո տեսնում եք քարտեզը, արահետի հետագիծը և թե որտեղ է տեղադրված բովանդակությունը։ Երբ արդեն քայլում եք հասնում եք այդ բովանդակությանը, բացում եք բովանդակությունը, որը միայն այդ տեղում է հասանելի, որովհետև իմաստը հենց դրանումն է կայանում՝ գալ հասնել այդ կետին։

GIZ ինովացիոն տուրիզմի զարգացման ծրագրի շրջանակներում ստեղծելու ենք հարթակ, որտեղ յուրաքանչյուր ոք կարողանալու է իր արահետը սեղծել։

Մենք ունենալու ենք լուծում, որը ոչ միայն Հայաստանի համար է աշխատելու։ Այսինքն նույն խնդիրը կա ամեն տեղ սկսած ԱՄՆ-ից վերջացրած Ավստրալիայով։ Եվ այդ փորձառությունը, որ մենք փորձում ենք ներդնել և զարգացնել լուծում է շատ խնդիրներ ոչ միայն Հայաստանում։

Ֆունկցիոնալ տեսանկյունից ամենահետաքրքիր գործառույթներից է «Թող քո վիրտուալ հետքը» հնարավորությունը։ Արշավելիս շատ մարդիկ գրում են օրինակ պատերի վրա, ծառերի վրա։ Մենք առաջարկում ենք, որ այդ հետքը ֆոտոյի, վիդեոյի, աուդիոյի տեսքով թողեն այդ վայրում և կիսվեն ընկերների հետ։ Եվ եթե նրանք գան նույն վայրը, կտեսնեն թողած հետքը։ Այսինքն սա նաև հրավեր է, որ ընկերները ևս գան, այցելեն։ Հնարավոր է նաև վիրտուալ նվերներ թողնել։

Հայկական Hexact-ն առավել հասանելի է դարձնում Big Data-ն ու AI-ը

Արահետներ

Արդեն հասանելի են Լեգենդների արահետը՝ Տաթևից մինչև Սատանայի կամուրջը ընկած հատվածում, Դիլիջանի Պարզ լիճ-Գոշ լիճ հատվածը, Խոսրովի արգելոցում դեպի Աստղիկ և Վահագնի ջրվեժներ գնացող հատվածները, Հավուսթար գնացող, Արտավանի, Դենդրոպարկի արահետները։ Այսինքն արդեն ունենք արահետների բազա։ Եվ կարող ենք փաստել, որ անիմացիաները, հարակից պատմամշակութային վայրերի մասին տեղեկատվությունը այցը ավելի հագեցած են դարձում։

Այս պահին Հայաստանում 3 արահետի պլաններ ունենք, փորձում ենք նաև քաղաքային զբոսայգիներում և քաղաքային վայրերում այնպիսի արահետներ ստեղծել, որոնք հնարավորություն կտան նաև քաղաքում AR տեխնոլոգիայով ունենալ հետաքրքիր փորձառություն։

AR Trails Screenshot

Կարևոր է նշել նաև քովիդից հետո զբոսաշրջային կուլտուրայի փոփոխությունը։ Մարդիկ մեծ խմբերի հետ՝ ուղեկցորդով արշավների փոխարեն նախընտրում են միայնակ քայլել։ Սրա հետ կապված՝ քննարկման փուլում է AR ուղեկցորդի գաղափարը։

Համագործակցություն այլ երկրների հետ

Մենք քննարկում ենք համագործակցությունը Չեխիայի Հունաստանի, ԱՄՆ-ի հետ։ Քանի որ ստարտափը դեռ իր առաջին քայլերն է անում՝ կախված ստացած արդյունքներից շատ բաներ հնարավոր է փոփոխության ենթարկվեն։ Օրինակ՝ Յուտայի համալսարանում 20-ից ավելի ուսանողներ իրենց ղեկավարների հետ AR Trails-ի համար իրականացնում են ամբողջ ԱՄՆ-ում շուկայի վերլուծություն, հետազոտություն։

Մենք տարբեր ձևերով փորձում ենք դուրս գալ Հայաստանի սահմաններից դուրս, որովհետև Հայաստանը քայլարշավային զբոսաշրջության տեսանկյունից փոքր է և զարգացման տեսանկյունից շատ սահմանափակ։ Յուրաքանչյուր երկիր իր սպեցիֆիկան ու մրցակցային դաշտը ունի, Հայաստանում մեր կապերը մի բան են, արտասահմանում մեկ այլ։ Պետք է պատրաստ լինել միջազգային շուկայի մրցակցությանը։

Առանցքային ձեռքբերումներ

Առաջին ձեռքբերումը հենց AR Trails-ի թիմն է։ Եթե թիմը կա, գաղափարները կլինեն, կզարգանան, կավելանան, կաճեն, կմեռնեն, նորից կվերակենդանանան։ Սա դինամիկ պրոցես է, բայց երբ կա կենսունակ թիմ, որի անդամները կարողանում են իրար հետ աշխատել, արդյունքը սպասեցնել չի տա։

Ամենակարևորը՝ թիմի անդամը հեռուն նայելու ունակություն ունենա և պատրաստ լինի մեր հետ երկար ճանաապարհ անցնելու, կիսի թիմի գաղափարները։ Հատկապես, երբ մարդու վրա ներդրում ես կատարում ժամանակ ես տրամադրում, սովորեցնում ես։ Շատ կարևոր է, որ թիմի յուրաքանչյուր անդամ հավատա ու աշխատի, որ թիմը հաջողի։

AR Trails. hայկական ստարտափ, որը զբաղվում է լրացված իրականությամբ «արահետաշինությամբ»
Աշոտ Դավթյան

Բիզնես մոդելը

AR Trails-ը սպառողներին բաժանվում է երկու խմբի․

  • բիզնեսը բիզնեսի համար (B2B)՝ դպրոցների ու բուհերի, միջազգային դոնորների, ՀԿ-ների ու էկոտուրիզմ զարգացնողների համար: Այս դեպքում հավելվածը միանգամյա սպասարկման վճարով է աշխատում։
  • բիզնեսը սպառողների համար (B2C)՝ բնասերների ու ճամփորդների, ճամփորդ բլոգերների, տեղացի ուղեկցորդների, ուսանողների, դպրոցականների համար։ B2C հաճախորդները կարող են իրենց արահետը ստեղծել՝ բաժանորդագրությունների միջոցով։

Նոր հմտություններ

Ես, որպես գիտության ոլորտի մարդ ավելի սովոր էի, որ պրեզենտացիա անելու համար ունես 10-15 րոպե ժամանակ, որի ընթացքում հասցնում ես հանգիստ ներկայացնել, քննարկումներ անել։ Ստարտափային ոլորտում ինձ «գցեցին» 3-4 րոպեանոց փիչերի սթրեսային համակարգի մեջ։ Ես իհարկե, հասկանում են նպատակը, շատ նոր տերմիններ եմ սովորել, իրականում սա լրիվ նոր կյանք է, լրիվ նոր մոտեցում։

Ներդրումներ ներգրավելու փուլում ենք։ Իրականում մենք շատ ենք կարևորում, որ ներդրումները AR Trails-ում միայն ֆինանսական չլինեն։ Այսինքն գերադասելի են այն ներդրողները, ովքեր գալու են իրենց մասնագիտական փորձով նաև աջակցեն զարգացմանը, որովհետև միայն գումարը բավարար նախապայման չէ, որ կարողանանք հաջողել։

Մրցակիցներ

Հիմնական մրցակցությունը Հայաստանից դուրս է։ Հիմա ունենք մի քանի հիմնական մրցակիցներ, որոնք հենց նույն բանը չեն անում, բայց տեխնոլոգիան օգտագործում են, օրինակ՝ Սինգապուրում ներդրված է հենց նույն տեխնոլոգիան, բայց սիթի տուրի կոնցեպտ է։ Կամ National Biographic-ը ինստագրամում ավելացրել է AR տեխնոլոգիայով ֆիլտրեր, որոնցով բնության մեջ կարող եք նկարվել, բայց ամեն մեկը իր դրական ու բացասական կողմերն ունի:

AR Trails-ը փորձում է ամենադրական կողմերն ընդգրկել հավելվածում, օրինակ՝ օֆֆլայն աշխատանքը, յուրօրինակ բովանդակությունը, փորձառությունները։ Տեխնոլոգիական մասով մեր համահիմնադիրներից մեկի՝ Արման Աթոյանի փորձը ևս ամենամեծ առավելություններից է։

Մենք թե՛ ժամանակի, թե՛ որակի առումով առաջ ենք անցել և մտել շուկա հնարավորինս շուտ։ Դիտարկում ենք ոչ միայն մրցակցությունն ու հետագա զարգացումը այլ նաև մեր գաղափարը միջազգային մակարդակներում վալիդացնելու հնարավորությունը։

TakeAR՝ ստարտափ, որը «վերականգնում» է եկեղեցիները ու կենդանացնում գրքերը

Ավելին ստարտափների, բիզնես էկոհամակարգի, ոգեշնչման պատմությունների ու տեխնոլոգիական նորությունների մասին ընթերցե՛ք նաև մեր Տելեգրամյան ալիքում՝ անցնելով հղումով։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները