Հայկական Hexact-ն առավել հասանելի է դարձնում Big Data-ն ու AI-ը

Հայկական Hexact ընկերությունը վերջերս նշեց իր հիմնադրման 3-րդ տարին, ինչը նշանավորվեց նոր ռազմավարության մեկնարկով: 

Ընկերությունը ներկայանում է 3 պրոդուկտով.

  • Hexometer-ը 24/7 իրականացնում է կայքերի մոնիտորինգ և օգնում բարելավել դրանց աշխատանքը,
  • Hexowatch-ը, որն առցանց փոփոխությունների մոնիտորինգի և ծանուցման գործիք է,
  • Hexomatic-ը, որն էլ ավտոմատացնում է կրկնվող և ժամանակատար աշխատանքները:
- Advertisement -

2021-ին Google Cloud-ի գործընկեր հայկական թիմի տարեկան հասույթն աճել է 400 տոկոսով:

Hexact-ի համահիմնադիր Ստեփան Ասլանյանը How2B-ի հետ զրույցում պատմել է ընկերության հիմնադրման, պրոդուկտների առանձնահատկությունների ու զարգացման նոր տեսլականի մասին։ 

Երկար ժամանակ է, ինչ գործունեություն եք ծավալում ՏՏ ոլորտում, ինչպե՞ս եք սկսել, պատմեք Ձեր կարիերայի սկզբի ու զարգացման մասին: 

Amazon-ի, eBay-ի վերելքի շրջանում, eBay-ով ինչ-որ բաներ էի վաճառում ու բավականին խորացել էի այդ գործում, որոշեցի հայկական ինտերնետ-խանութ բացել` krpak.am-ը: Ծրագրավորող գտա, բայց մոտ կես տարի պահանջնվեց, մինչև մի բան պատրաստեց: Բնականաբար, գործը ձախողվեց․․․ 2003 թվականն էր, չնայած օնլայն վճարումներ կային, բայց այդ ժամանակ ի՞նչ օնլայն խանութ: 

Ինքս ծրագրավորող չեմ, բայց հետո տարբեր ծրագրավորողների հետ աշխատելով հասկացա, որ իրականում կայք պատրաստելն ավելի հեշտ գործ է, քան պատկերացնում են շատերը: Ու այդ օնլայն խանութը դարձավ ծրագրավորման ընկերություն, ծնվեց Smart Systems-ը, որտեղ մինչև 2010-11թթ. կայքեր էինք պատրաստում։ Հետո ստեղծեցինք բավականին հաջողված ավտոմատացման համակարգեր՝ նախատեսված պահեստերի, խանութների, ռեստորանների համար: 2011-ին հասկացա, որ մենք արդեն հասել ենք մեր առավելագույնին, քանի որ պրոդուկտնեը հայկական շուկայի համար էին, իսկ մնացած ծառայություններն արտապատվիրում էինք (outsource): 

Կամաց-կամաց «տեսա» շուկայի վերջը: Մտածեցի, որ պետք է մի փոքր այլ, IT-ի հետ կապ չունեցող գործերով զբաղվել: Որոշ ժամանակ անց միացա Menu Group-ի թիմին, սկսեցինք զարգացնել menu.am-ը, հետո գործարկեցինք Վրաստանի մասնաճյուղը, տեղափոխվեցի ու այնտեղի մասնաճյուղն էի ղեկավարում։ Menu Group-ից հեռանալուց հետո 2019-ի փետրվարին ստեղծեցինք Hexact-ը։ 

Hexact-ի գաղափարն ու պրոդուկտները

Այլ բիզնեսներ անելու փորձը հաշվի առնելով, Hexact-ը հիմնելու ժամանակ արդեն գիտեի, թե ինչով պետք է Hexact-ն զբաղվի և ինչով չպետք է զբաղվի: Առաջինը՝ մենք պետք է մարդկանց գործը հեշտացնեինք և ժամանակը խնայելու ինչ-որ գործիքների մասին մտածեինք, երկրորդ, այն պետք է լիներ ամբողջ աշխարհի համար, այսինքն շուկան չպետք է լիներ սահմանափակ և երրորդ’ պետք է օգտագործեինք բաց տվյալներն ու, բնականաբար, այն պետք է լիներ IT պրոդուկտ: 

Սկսեցինք աշխատել և առաջինը գործարկեցինք Hexometer-ը, որը բավականին պարզ գործիք է, չնայած անալոգն առանձնապես չկա: Մենք գոյություն ունեցող մի քանի գործիքների տեսակներ խմբավորեցինք ու ստեղծեցինք մեկ պրոդուկտ, որով կարողանում ես քո կայքը շատ տարբեր, իրար հետ կապ չունեցող պարամետրերով անընդհատ ստուգել ու եթե ինչ-որ խնդիր է առաջանում, ապա ծանուցում ես ստանում, որ կայքում ինչ-որ բան խափանվել է: 

Նիշային պրոդուկտ է, ավելի շատ պետք է նրանց, ում համար շատ կարևոր է, որ կայքն ամեն վայրկյան, ամեն ժամ՝ 24/7 ճիշտ աշխատի։ Hexometer-ը նաև այն կայքերի համար է, որոնք բիզնեսի եկամտի հետ ուղիղ կապ ունեն և կարևոր օղակ են բիզնեսում: Բնականաբար, մեծ ընկերություններն ունեն անխափան աշխատանքի համապատասխան մեխանիզմներ, իսկ փոքր ու միջին բիզնեսի համար մեկ ամբողջական գործիք չկար: 

Հետո ֆիքսեցինք, որ մեր Hexometer-ը լավն է, հաճախորդներն ու գրանցումները շատանում են, բայց մեզ դուր չէր գալիս փաստը, որ Hexometer-ի նամակները բերում էին միայն վատ լուրեր։ Օգտատերերը Hexometer-ից նամակ էին ստանում միայն այն ժամանակ, երբ խնդիր ունեն: Նամակն օգտակար է, բայց դրական ոչ մի էմոցիա չի տալիս: Սա խնդիր էր։ 

Hexact-ի թիմը

Մենք որոշեցինք, որ դա չպետք է լիներ մեր միակ պրոդուկտը և ստեղծեցինք Hexowatch-ը։ Այն լրիվ նույն տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված պրոդուկտ է, բայց բոլորովին այլ կերպ ենք փաթեթավորել։ Hexowatch-ը հետևելու, մոնիտորինգի գործիք է: Դու ինքդ ես որոշում ինչին հետևել և երբ ծանուցում ստանալ: Օրինակ՝ կարող ես հետևել որևէ կայքում երբ ինչ-որ կոնկրրետ կոշիկ կամ ապրանք հասանելի լինի, քեզ ծանուցում գա այդ մասին: Շատ տարբեր use case-եր ստացանք, տեսանք որ էլի լավ աճում է կիրառելիությունը, որոշ ժամանակ հետո ֆիքսեցինք, որ Hexowatch-ը դրդում է ինչ-որ պրոցեսների ու գործողությունների, բայց՝ հարթակից դուրս: Մեր օգտատերերը խնդրեցին, որ ինտեգրենք տարբեր ծառայությունների հետ. օրինակ՝ ինչ-որ մի տեղում երբ իրենց ֆիքսած ապրանքի գինը փոխվի, դրանից հետո այլ գործողություն/ավտոմատացում կատարվի: Սա շատ հետաքրքիր էր ու եկավ Hexomatic-ի՝ արդեն ամբողջական ավտոմատացման միտքը:  

Hexomatic-ը շատ ակտիվ զարգանում է ու հիմա լրիվ այլ բան է դարձել: Ավելի շատ դարձել է հարթակ, որովհետև արդեն ընդգրկում է շատ պրոդուկտներ, որոնք մեր ստեղծածը չեն, սակայն մեր հարթակում օգտատերերը կարող են օգտվել։ Այդ պորդուկտների հեղինակները դրա համար առանձին վճար են ստանում: 

ՈՒ մեր ծննդյան օրը հայտարարեցինք, որ արդեն ցանկացած ստարտափ կամ ընկերություն, որն այդ չափանիշների մեջ է, կարող է կապվել՝ Hexact համակարգում ինտեգրվելու, իրենց ծառայությունը մեր ավտոմատացման պրոցեսի (workflow-ի) էլեմենտնեից մեկը դարձնելու համար։ Եվ որքան օգտագործվում են նրանց ծառայություններն, այդքան էլ վճար են ստանում։

TakeAR՝ ստարտափ, որը «վերականգնում» է եկեղեցիները ու կենդանացնում գրքերը

Կա՞ն հայկական ստարտափներ, որոնք արդեն իսկ ինտեգրվել են ձեր հարթակում։

Կա։ Փորձնական ինտեգրել ենք EasyDmarc-ի ծառայություններից մեկը, որն արդեն մեր հաճախորդներն օգտագործում են։ Սա որպես էքսպերիմենտ արեցինք, դեռ նոր է, շատ բան չենք կարող ասել արձագանքների վերաբերյալ։ Իսկ ոչ հայկական, այլ ընկերությունների շատ ծառայություններ ինտեգրված են, էլ չեմ ասում, որ Google-ի կամ Amazon-ի հիմնական բոլոր AI ու API ծառայություններն արդեն ունենք, որոնցով օգտատերերը կարող են կոմբինացիաներ անել։

Ի դեպ, Hexact-ի օգտատերերը նրանք են, ովքեր ոչ մի կապ չունեն ծրագրավորման հետ։ Մենք ստեղծել ենք այնպիսի հարթակ, որից օգտվելու համար ընդհանրապես անհրաժեշտ չեն ծրագրավորման գիտեիքներ կամ տեխնիկական կրթություն։ Սա, իհարկե, չի նշանակում, որ հենց ծրագրավորողները չեն օգտագործում Hexomatic-ը: 

Այս ընթացքում ի՞նչ բարդությունների, դժվարությունների եք հանդիպել։ 

Ունեցել ենք շատ դեպքեր, երբ մեր պրոդուկտներից կամ ծառայություններից մեկի պահանջարկը կտրուկ մեծացել է ու մեկ էլ միանգամից շատ մարդիկ մուտք են գործել կայք ու համակարգը չի դիմացել, քանի որ նախատեսված չի եղել այդ քանակի համար։ Բայց սա լավ խնդիրներից է, եթե մի տարի առաջ հազար հոգի էր միանգամից մտնում, վերջերս մոտ 30 հազար հոգի մտավ միաժամանակ ու համակարգը դրան պատրաստ չէր։ Ուղղեցինք իհարկե խնդիրը։ Մեր թիմը բավականին ճկուն ու պատրաստված է այդ առումով։ Մնացած առումներով չեմ կարող նշել լուրջ խնդիրներ։ 

Երևի մինչև Hexomatic-ը մենք վստահ չէինք, որ ունենք այն պրոդուկտը, որի վրա կարելի է անվերջ աշխատել, լավացնել ու շատ մեծ փոփոխություներ անել։ Իհարկե, նախորդ պրոդուկտներն էլ լավն են, աշխատում են, մեր համակարգի մաս են կազմում, բայց մենք չէինք զգում, որ հենց այն պրոդուկտն ունենք, որը կարող ենք տարիներով զարգացնել ու լավացնել։ Իսկ շուկան անսահման է։ Հիմա զգում ենք, որ Hexomatic-ը հենց այդ պրոդուկտն է։

Hexact թիմը

Մենք Hexact-ը սկսել ենք 2 հոգով, այսօր արդեն 40 հոգուց ավելի մարդ կա թիմում։ Հիմնական թիմը Հայաստանում է, բայց ունենք նաև թիմիակիցներ Լեհաստանում ու Միացյալ Նահանգներում։ Հիմնականում ծրագրավորողների բաց հաստիքներ ենք ունենում, ազատ հաստիքները ներկայացված են լինում մեր կայքում։

Հայկական Hexact-ն առավել հասանելի է դարձնում Big Data-ն ու AI-ը

Ի՞նչ հետաքրքիր ավանդույթներ ունեք ձևավորած։ 

Մենք ունենք մի ավանդույթ, որը 3 տարի շարունակ պահում ենք և պահելու ենք միշտ, կոչվում է weekly sprint, այսինքն՝ ամեն շաբաթ մենք նոր գործիք ենք թողարկում։ Սկզբից մի քիչ սթրես էր, հիմա արդեն հաճելի է։ Ամեն շաբաթ մեր օգտատերերը նամակ են ստանում, թե ինչ նորություններ ու նոր հնարավորություններ ենք ավելացել, ինչն է փոխվել։ Սա համարում ենք մեր առավեություններից մեկը, որովհետև ռիթմի ու տեմպի մեջ է մեզ պահում։ 

Wirestock. հայկական ստարտափ, որը վաճառում է վիզուալ քոնթենթը

Կներկայացնե՞ք ձեր օգտատերերի վիճակագրությունը։ 

Ունենք արդեն 55 հազար օգտատեր, արագ է սկսել աճել, հիմնականում անգլալեզու երկրներից են։ Վճարող հաճախորդների տեսանկյունից 1-ին տեղում Միացյալ Նահանգներն են, հետո Անգլիան, Ավստրալիան, Կանադան և այլ եվրոպական երկրներ։ Ասիական երկրներից էլ բավականին շատ օգտատերեր ունենք՝ Հնդկաստան, Սինգապուր և այլն։

Ի՞նչ ներդրումներ եք ստացել այս ընթացքում և արդյո՞ք կան նորերը ներգրավելու ծրագրեր։ 

Ընկերությունն սկսել ենք սեփական միջոցներով և առաջին երեք տարին կարողացել ենք զարգացնել մեր համահիմնադիրների ու հաճախորդների միջոցներով։ Անցյալ տարեվերջին ստացանք փոքր նախասաղմնային (Pre-seed) ներդրում՝ Formula VC, BANA, Untapped Ventures, CrossSpring վենչուրային ընկերություններից։ Հիմա պատրաստվում ենք ավելի խոշոր ներդրումներ ներգրավել, քանի որ շատ լավ ենք հասկանում, թե ուր ենք գնում, ով է մեր հաճախորդը, ինչպես ենք վաճառելու և այլն։ Ունենք բանակցություններ այս պահին, մոտակա կես տարվա մեջ պլանավորում ենք ստանալ, բայց շատ մանրամասներ այս պահին չեմ կարող հայտնել։ 

Հայկական Hexact-ն առավել հասանելի է դարձնում Big Data-ն ու AI-ը

Որո՞նք են ձեր առաջիկա ծրագրեը, դեպի ո՞ւր է գնում Hexomatic-ը, ի՞նչ նորություններ կտեսնենք առաջիկայում։ 

Ուղղություններից մեկը, որ մեկնարկեցինք Hexact-ի տարեդարձի օրը, այն է, Hexomatic-ը դարձել է պրոդուկտների «առուվաճառքի» հարթակ (marketplace)։ Տարբեր ընկերություններ կարող են ինտեգրել իրենց ծառայությունները մեր հարթակում, իսկ մեր հաճախորդները՝ օգտվել դրանցից։ 

Նորություն է նաև, որ օգտատերերը կարող են իրար մեջ կիսվել իրենց պատրաստած template-ներով, ավտոմատացման flow-ներով և գումար աշխատել։ Օրինակ, եթե պատրաստել ես ֆինանսական մոդել Google Sheet-ով, կարող ես կիսվել, ուրիշներն էլ իենց տվյալները լրացնելով օգտվեն: Այդ նույն մոդելը մեզ մոտ էլ կա, կարող ես քեզ համար ավտոմատացման flow սարքել՝ ուրիշին էլ տրամադրել իր տվյալներով օգտագործելու համար։ 

Աշխատում ենք, որ մեր օգտատերերը և այլ ընկերություններն սկսեն արժեք ստեղծել մեր համակարգի մեջ և գումար աշխատեն։ Սա է հարթակի գաղափարը և մեր առաջիկա ուղղղությունը տեխնիկական մասով։ Երկարաժամկետ նպատակն այն է, որ մենք ուզում ենք Big Data-ի ու արհեստական բանականության տեխնոլոգիաները հասանելի դարձնել բոլորին, ինչպես օրինակ համակարգիչներն են բոլորին հասանելի։ 

Uteach. հայկական ստարտափ, որը հեշտացնում է օնլայն դասավանդումը

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Հայկական Hexact-ն առավել հասանելի է դարձնում Big Data-ն ու AI-ը
Նունե Գրիգորյան
Ես Նունեն եմ, նախկին արևելագետ ու տեխնո-էնտուզիաստ: Ներկայանալիս գրեթե միշտ ասում եմ՝ ես լրագրող եմ, բայց ոչ սովորական, այլ տեխնո-լրագրող: Տեխնոլոգիաների մոլորակում հայտնվեցի պատահական ու չպլանավորված, բայց հասկացա, որ գտել եմ իմ տարերքը: Հիմա դարձել եմ այդ մոլորակի մշտական բնակիչը: