Space X ընկերության տիեզերանավով մայիսի 25-ին ժամը 22։35-ին ԱՄՆ Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Լուրն այսօրվա կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով դա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության գործակցության արդյունքում:
«Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել, սրանով Հայաստանը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է Հայաստանում, ինչպես նաև՝ տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը»,- ասել է վարչապետը:
Նա տեղեկացրել է նաև, որ մինչեւ 2023թ.-ի վերջը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ:
Կարդացեք նաև՝ Իլոն Մասկի Starlink-ը հասանելի կդառնա Հայաստանում
«Պլանավորվում է, որ ընդունիչ կայանն արբանյակային տվյալների ստացման եւ փոխանցման ծառայություններ կմատուցի արբանյակների այլ օպերատորների համար: Արբանյակի արած լուսանկարների կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության ոլորտներում», — ասել է վարչապետը:
Փաշինյանը նշել է նաև, որ արբանյակի արձակման վայրում ներկա են գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը:
«Արբանյակի արձակման շուրջ բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում: Սա է պատճառը, որ նախնական որևէ տեղեկատվություն չի հրապարակվել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։