Կառավարությունը հունիսին ևս մի խումբ ապրանքներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրի

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ կառավարության հունիսի 11-ի նիստում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է հունիս ամսվա ընթացքում որոշ ապրանքատեսակների արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել ֆինանսական փոխհատուցում: Նախագծի ընդունումը նպատակ ունի խթանել տեղական արտադրանքի արտահանումը, դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները և ապահովել կազմակերպությունների բնականոն գործունեությունը:

Ըստ ներկայացված նախագծի՝ սահմանվել են փոխհատուցման հետևյալ չափերը.

  • Ծիրան՝ 1 կգ-ի համար 200 դրամ,
  • Սալոր, դեղձ և նեկտարին՝ յուրաքանչյուր 1 կգ-ի համար 250 դրամ,
  • Կեռաս՝ 1 կգ-ի համար 400 դրամ,
  • Շշալցված խաղողի գինի՝ յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ,
  • Շշալցված բրենդի՝ յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 դրամ,
  • Հանքային ջուր՝ 1 լիտրի համար 150 դրամ:

Փոխհատուցում ստանալու համար տնտեսվարող սուբյեկտները պետք է դիմեն Էկոնոմիկայի նախարարություն և ներկայացնեն երկու հիմնական փաստաթուղթ՝ ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագիր կամ մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի պատճենները, ինչպես նաև հաշվարկային փաստաթուղթը (հաշիվ ապրանքագիրը):

Ծրագիրը հետադարձ ուժով տարածվում է հունիսի 1-ից իրականացված արտահանումների վրա: Նախարարի տեղակալի հաղորդմամբ՝ հունիսի 1-ից հետո արդեն արտահանվել է շուրջ 257,000 կգ կեռաս և 64,900 կգ ծիրան, և այդ կազմակերպությունները նույնպես կարող են դիմել ու ամսվա ավարտին ստանալ փոխհատուցումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով առաջարկվող փոխհատուցման չափերը, հորդորել է խստորեն վերահսկել շուկան՝ այս որոշման համատեքստում հնարավոր չարդարացված գնաճը կանխելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները