Google-ը ներկայացրել է Gemini 3.5 Live Translate արհեստական բանականության նոր մոդելը, որը նախատեսված է իրական ժամանակում ձայնային թարգմանության համար։ Նոր տեխնոլոգիան ավտոմատ կերպով ճանաչում է ավելի քան 70 լեզու և կատարում թարգմանություն՝ պահպանելով խոսողի ձայնի ինտոնացիան, խոսքի տեմպն ու բարձրությունը։
Ի տարբերություն ավանդական համակարգերի, որոնք սպասում են նախադասության ավարտին, Gemini 3.5 Live Translate-ը մշակում է ձայնային հոսքը համաժամանակյա ռեժիմում։ Արդյունքում թարգմանված խոսքը հնչում է ընդամենը մի քանի վայրկյան ուշացումով՝ ապահովելով ավելի բնական երկխոսություն։ Համակարգը նաև հարմարեցված է աղմկոտ միջավայրերում աշխատելու համար և չի պահանջում լրացուցիչ կարգավորումներ։
Անվտանգության նպատակներով AI-ի կողմից ստեղծված բոլոր ձայնային ֆայլերը նշվում են Google-ի SynthID անտեսանելի թվային ջրանշանով (watermark), ինչը թույլ է տալիս տարբերակել դրանք իրական ձայնագրություններից։
Գործիքն արդեն հասանելի է մշակողներին՝ նախնական հանրային տարբերակով Gemini Live API-ի և Google AI Studio-ի միջոցով։ Այն ինտեգրվում է նաև Agora, LiveKit և Vision Agents հարթակների հետ՝ հեշտացնելով նոր հավելվածների ստեղծումը։ Տեխնոլոգիան արդեն փորձարկում է Grab ծառայությունը, որն ամսական սպասարկում է ավելի քան 10 միլիոն զանգ։
Կորպորատիվ օգտատերերի համար Gemini 3.5 Live Translate-ը կսկսի ներդրվել այս ամսից՝ փակ թեստավորման շրջանակում Google Meet-ում և Google Workspace բաժանորդների համար։ Նոր համակարգը թույլ կտա մեկ տեսազանգի ընթացքում օգտագործել ավելի քան 2000 լեզվային զույգ, մինչդեռ նախորդ տարբերակը աջակցում էր ընդամենը հինգ լեզվի և պահանջում էր անգլերենի առկայություն։
Լայնածավալ գործարկումը բիզնես հաճախորդների համար նախատեսված է մինչև 2026 թվականի վերջը։
Սովորական օգտատերերը նոր հնարավորությունը կստանան Google Translate հավելվածի թարմացման միջոցով՝ iOS և Android հարթակներում։ Ականջակալների օգտագործման դեպքում թարգմանված խոսքը կհնչի անմիջապես զրուցակցի համար, իսկ Android սարքերում հասանելի կլինի նաև հատուկ «Listening Mode»-ը, որը թույլ կտա լսել թարգմանությունը հեռախոսի բարձրախոսով՝ առանց ականջակալների։ Google-ի խոսքով՝ այս ռեժիմը հատկապես օգտակար է այն իրավիճակներում, երբ անհրաժեշտ է արագ ստանալ թարգմանություն՝ առանց շրջապատի ուշադրությունը գրավելու։












