Ազգային ժողովում փակ քվեարկության արդյունքում Մարտին Գալստյանը միաձայն վերընտրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում:
Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահն է 2020 թվականի հունիսի 13-ից։
2018-2020 թվականներին եղել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ: Դրան նախորդած տարիներին՝ 2015-2018 թվականներին, գլխավորել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը՝ կենտրոնանալով մասնագիտական վերապատրաստման, հետազոտությունների և քաղաքականության մշակման վրա: 2006-2015 թվականներին ղեկավարել է ՀՀ ԿԲ վիճակագրության վարչությունը՝ կարևոր դեր խաղալով վիճակագրական տվյալների հավաքման և վերլուծության համակարգերի զարգացման գործում:
Մարտին Գալստյանը Կենտրոնական բանկում իր աշխատանքը սկսել է 1998 թվականին՝ որպես մասնագետ, ֆինանսական շուկաների վարչությունում։ Այնուհետև եղել է պորտֆելի ավագ կառավարիչ, 2004-2005 թվականներին՝ միջազգային պահուստների կառավարման բաժնի պետ, իսկ 2005-2006 թվականներին՝ տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի պետ։
Կենտրոնական բանկում իր երկարամյա գործունեության ընթացքում նա նաև ակտիվ ներգրավված է եղել կրթական և միջազգային խորհրդատվական գործունեության մեջ։
1994-1999 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ 1999-2002 թվականներին ուսանել է ԵՊՀ ասպիրանտուրայում և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 2009-2010 թվականներին սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում։












