ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեն «Գիտության և տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամի» հետ համատեղ հայտարարել է «Գաղափարից մինչև պետական փորձարկում» դրամաշնորհային մրցույթը։ Ծրագրի նպատակն է աջակցել ռազմարդյունաբերական ոլորտի նորարարական մշակումներին՝ գաղափարի փուլից մինչև նախատիպի ստեղծում և պետական փորձարկումների իրականացում։ Մրցույթի ընդհանուր մրցանակային բյուջեն կազմում է 30 միլիոն ՀՀ դրամ։
Մրցույթին հայտ ներկայացնելու հնարավորություն ունեն սկսնակ թիմերն ու կայացած ռազմարդյունաբերական ընկերությունները։ Մասնակցության հիմնական պայմանն այն է, որ ներկայացվող նախագիծը վերաբերի նոր մշակվող արտադրանքի կամ տեխնոլոգիական լուծման, որը գտնվում է նախնական կամ միջանկյալ փուլերում (TRL 1-5)։ Մասնակից թիմերը պետք է տրամադրեն վերջնական արտադրանքի հստակ տեխնիկական նկարագրությունը, իրականացման ժամանակացույցը, հիմնախնդրի բնութագիրը և հիմնավորեն նախագծի շուկայական կամ ռազմական կիրառման ներուժը։
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի մայիսի 15-ը՝ ժամը 18:00-ն՝ այս հղմամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմորդները կարող են կապ հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեով։












