Հոկտեմբերի 24-ին կայացած արտահերթ նիստում ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որի նպատակը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցումն է։
Եկամուտների հայտարարագրի ավտոմատ նախալրացում
Ներդրված գլխավոր փոփոխությունն այն է, որ հարկային մարմինը ձեր եկամուտների տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) նախապես կլրացնի՝ հիմնվելով իր տեղեկատվական բազայի վրա, որից հետո դուք կարող եք փոփոխել այն սահմանված ժամանակահատվածում՝ հաջորդող տարվա մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ՝ ավելացնելով այն եկամուտները, որոնց վերաբերյալ հարկային մարմինը կարող է տեղեկատվություն չունենալ։ Եթե դուք չեք փոփոխում հարկային մարմնի նախալրացրած հաշվարկը այդ ժամանակահատվածում, ապա այն ավտոմատ կերպով համարվում է հարկային մարմին ներկայացված։
Հարկային մարմինը ձեր եկամուտների հայտարարագիրը նախալրացնելու համար հնարավորություն ունի ստանալ տեղեկատվություն ձեր գործատուի կողմից վճարվող աշխատավարձի և այլ վճարների, բանկերից, ապահովագրական ընկերություններից և ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայից ստացվող եկամուտների մասին, ինչպիսիք կարող են լինել ավանդների կամ պարտատոմսերի տոկոսները, ապահովագրական հատուցումները և այլն։ Այս բոլոր եկամուտները ավտոմատ կերպով կլրացվեն ձեր հայտարարագրում։
Եթե վերոնշյալ եկամուտներից բացի ունեք նաև այլ եկամուտներ, ապա դրանք հայտարարագրման ենթակա են, եթե գերազանցում են սահմանված շեմը, այս պահին՝ 300.000 դրամը՝ մեկ գործարքի համար։ Այս դեպքում դուք պետք է կատարեք համապատասխան փոփոխությունները նախալրացված հայտարարագրում։
Հայտարարագրման ենթակա չեն
Կառավարությունը կարող է սահմանել շեմեր և եկամտի տեսակներ, որոնք հայտարարագրման ենթակա չեն։ Մասնավորապես, վերջին փոփոխությամբ հայտարարագրման ենթակա չեն նաև ընտանիքի անդամների՝ ծնողների և երեխաների, ամուսինների, եղբայրների և քույրերի միջև դրամային փոխանցումները։
Պատասխանատվություն
Նոր փոփոխությամբ ուժը կորցրած է ճանաչվել հայտարարագիրը չներկայացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված պատասխանատվությունը, քանի ներդրված հայտարարագրերի նախալրացման նոր համակարգի արդյունքում այն այսպես թե այնպես համարվում է ներկայացված։
Հաջորդ հաճախ հանդիպող խնդիրն այն է, որ քաղաքացին չէր կարողանում ժամանակին ներկայացնել հայտարարագիրը կամ վճարել հարկը՝ նույնականացման քարտ չունենալու պատճառով։ Այսուհետ, եթե քաղաքացին դիմել է նույնականացման քարտ ստանալու համար, բայց չի ստացել, ապա միայն եկամտային հարկի վճարման վերջնաժամկետը հետաձգվում է:
Երկու դեպքում էլ պատասխանատվության միջոցների կիրառման համար վերջնաժամկետը հետաձգվում է մինչև նույնականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:
Սոցիալական ծախսերի վերադարձը
Թեև եկամուտների հայտարարագիրը հարկային մարմնի կողմից նախալրացվելու է, բայց եթե քաղաքացին ցանկանում է ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում, ապա պետք է պարտադիր օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնի եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը)՝ վավերացված էլեկտրոնային ստորագրությամբ։
Կարդացեք նաև.
Ովքե՞ր և ինչպե՞ս պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր 2025թ.











